Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 30 Մարտ 2016 11:16

Տնտեսական հանդես

Տնտեսական հանդես

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա հերթական համարում ինչպես միշտ կանդրադառնանք Իրանի անցած շաբաթվա տնտեսական մի շարք կարևոր լուրերին: Ընկերակցեք մեզ:

--------------------------

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն իրանական 1395 թվականի տարեմուտի կապակցությամբ հղած ուղերձում նոր տարին «Դիմադրողական տնտեսություն՝ քայլեր և աշխատանք» կոչեց:

«Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս համարի էջերը բացում ենք այդ մասին զրույցով:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը կիրակի օրն իրանական նոր տարվա կապակցությամբ հղած ուղերձում ակնարկելով նոր տարվա ընթացքում հույսերին, առիթներին ու սպառնալիքներին, ընդգծեց. «Արվեստն այն է, որ առիթներն օգտագործենք բառերի իսկական իմաստով, իսկ սպառնալիքները վերածենք առիթների, այնպես որ տարեվերջին երկրում զգալի տարբերություններ նկատվեն: Իհարկե հույսերի իրագործման համար անհրաժեշտ է «ջանք», «շուրջօրյա աշխատանք» և «անդադար ջանք ու մղում»:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն այս շարժման ուղղությամբ առաջին ու շտապ գերակայությունը տնտեսական հարցը համարեց և այդ ուղղությամբ ընդգծեց ներքին արտադրությունը, աշխատատեղերի ստեղծումը, գործազրկության վերացումը, տնտեսական ակտիվությունն ու ծաղկումը և լճացման դիմակայումը:

Նա ավելացրեց. «Այս ուղղությամբ հաջողության իրագործման պայմանը դիմադրողական տնտեսության հիման վրա ջանքն ու աշխատանքն է»: Նա պատասխանատուների պարտականությունը համարեց դիմադրողական տնտեսության ուղղությամբ գործնական քայլը:

-------------------

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անցած երեքշաբթի օրը Իրանի հարավում գտնվող Քիշ կղզում գումարված ազատ գոտիների գերագույն խորհրդի և տնօրենների նիստում տնտեսության խոցելիության նվազեցումը և ծանր պայմաններում դիմադրության համար կարողությունների ընդլայնումը դիմադրողական տնտեսության սկզբունքներից համարեց և ասաց. «Դիմադրողական տնտեսության քաղաքականությունների գլխավոր և ընդգծված բաժիններից մեկն աշխարհի հետ կառուցողական համագործակցությունն է և 11-րդ կառավարության ուղղությունը եղել է ու շարունակում է մնալ դիմադրողական տնտեսությունը:

Ռոհանին իրանական 1395 թվականին տնտեսական ծաղկման ուղղությամբ կառավարության ճշտած նպատակը 5 տոկոսանոց աճի նվաճումը համարեց և ընդգծեց. «Տնտեսական ծաղկման ու աճի հանգելու և լճացման լիարժեք ձախողման համար պիտի ընդլայնել ջանքերը»:

Համատեղ ակտի համապարփակ ծրագրի գործադրմանը հաջորդած շրջանում Իրանը հաստատակամ է իր հարաբերությունները հավասարակշռված կերպով ընդլայնել տարբեր երկրների հետ: Վերջին ամիսներին առևտրական տարբեր պատվիրակություններ գործուղվել են Իրան: Այս համագործակցության շրջագծում Իրանն ընդգծում է դիմադրողական տնտեսության շրջանակում տնտեսական ենթակառույցների ու ներդրման ընդլայնումը և նոր տեխնոլոգիաների ու գիտության փոխադրումն Իրան:

-----------------------------

Իրանն ու Պակիստանը կարող են լավ համագործակցություն ունենալ առևտրական տարբեր բաժիններում և նավթի ու գազի ոլորտներում:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անցած շաբաթ Պակիստան կատարած պաշտոնական այց շրջանակներում հանդիպեց Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆին և այդ երկրի բարձրաստիճան այլ պաշտոնատարների և զրուցեց տնտեսական ու երկկողմ տարբեր հարցերի շուրջ:

Երկօրյա այցի ընթացքում երկու երկրի պաշտոնատարները առևտրական ու ֆինանսական բնագավառներում երկկողմ համագործակցությունների ամրապնդման ուղղությամբ վեց փոխհուշագիր ստորագրեցին: Կողմերը նաև առևտրի զարգացման ուղղությամբ հնգամյա համագործակցության համաձայնագիր կնքեցին, որը ստորագրեցին Պակիստանի առևտրի նախարար Խոռամ Դասթգիրն ու նրա իրանցի պաշտոնակից Մոհամմեդ Ռեզա Նեըմաթզադեն:

Պակիստանի առևտրի նախարար Խոռամ Դասթգիրն ասաց. «Պակիստանը ցանկանում է, որ իրանցի առևտրականներ ու ներդրողներ ներդրում կատարեն Իրանում»: «Երկու երկրի կառավարությունները համաձայնել են, որ հառաջիկա հինգ տարիներում երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնեն հինգ միլիարդ դոլարի»,-նշել է նա:

Համագործակցության մյուս համաձայնագիրը Պակիստանի ֆինանսների նախարար Էսհաղ Դարն ու ԻԻՀ ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին ստորագրեցին Պակիստանի արժեթղթերի շուկայի հանձնաժողովի և Իրանի Կենտրոնական բանկի միջև տեղեկությունների փոխանակման բնագավառում: Համագործակցության փաստաթուղթ ստորագրեցին նաև Պակիստանի առևտրի ու արդյունաբերության պալատի ֆեդերացիան և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատները:

ԻԻՀ նախագահի Պակիստան կատարած ուղևորության շրջագծում հանդիպեցին նաև երկու երկրի նավթի նախարարները և զրուցեցին երկու երկրի միջև նավթ ու գազի փոխանակման կապակցությամբ: Երկու երկրի նավթի նախարարները համաձայնեցին, որ մոտ օրերս Պակիստանի պատվիրակության Թեհրան կատարելիք ուղևորության ընթացքում վերջնական համաձայնություն ձեռք բերվի դեպ Պակիստան գազի փոխադրման նախագծի գործադրման վերջնական ժամանակացույցի և դրա հետ կապված այլ հարցերի շուրջ:

Բանակցություններում կողմերը նաև քննարկեցին Գուադեր և Չաբահար նավահանգիստների միջոցով ծովային առևտրի հնարավորությունը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Իսլամաբադում երկու երկրի տնտեսական գործարարների համատեղ նիստում հայտարարեց. «Իրանը պատրաստ է հառաջիկա տարիներում հինգ միլիարդ դոլարի բարձրացնել Պակիստանի հետ առևտրաշրջանառությունը»:

Այդ նիստի ժամանակ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆն էլ ընդգծեց, որ Պակիստանը ցանկանում է ընդլայնել Իրանի հետ առևտուրը:

--------------------------

«Իրանը գտնվում է այնպիսի պայմաններում, որ միանալով համաշխարհային տնտեսությանը կարող է վերականգնել անցյալ փառքի շրջանը և դառնալ տարածաշրջանի տնտեսական ուժերից մեկը»:

Սինգափուրին կապված «Ասիա» լրատվական հեռուստակայանը նման վերլուծություն է ներկայացրել հետշրջափակումային շրջանում Իրանի տնտեսության մասին:

«Ասիա» լրատվական հեռուստակայանն անցած երեքշաբթի օրը տնտեսական մի հաղորդման ընթացքում ակնարկելով Իրանի և 5+1 խմբի համաձայնությանը և Համատեղ ակտի համապարփակ ծրագրին հաջորդած շրջանում Իրանում ներկայություն ունենալու համար երկրների ցուցաբերած մեծ ցանկությանն ասել է. «Իրանում ստեղծված պայմանները կարող են պատճառ դառնալ, որ Իրանը միանա միջազգային հասարակայնությանը և վերականգնի անցյալի փառքը»:

Հաղորդման ընթացքում ակնարկ է կատարվել իսլամական հեղափոխության հաղթանակին և Իրանի ժողովրդին ու տնտեսությանը ծնկի բերելու համար ԱՄՆ-ի ու արևմուտքի ջանքերին և ընդգծվել է, որ չնայած թշնամիների խափանարարություններին Իրանի զարգացման ընթացքը շարունակվել է»:

Այս հեռուստակայանն ակնարկելով այն կետին, որ նույնիսկ արևմուտքի անարդար ու միակողմանի շրջափակումների շրջանում Իրանն ուշագրավ հառաջադիմություն է արձանագրել, ավելացրել է, որ հետշրջափակումային շրջանում էլ Իրանի համար բազմաթիվ առիթներ են ստեղծվել:

Այս հեռուստակայանը նաև անդրադարձել է Իրանի շուկայում ներկայության համար տարբեր երկրների ցանկությանը և ավելացրել է, որ բազմաթիվ երկրներ Իրանի հետ առևտրական հարաբերությունների վերականգնման նպատակով իրենց առևտրական պատվիրակություններին գործուղել են Թեհրան և Սինգափուրն էլ մեկն է եղել այն երկրներից, որ առևտրական պատվիրակություն գործուղելով Իրանի հետ առևտրական հարաբերությունների ընդլայնման ցանկություն է հայտնել:

---------------------

Մոսկվայում տուրիզմի միջազգային ցուցահանդեսում Իրանի զբոսաշրջության ծառայությունների տաղավարը լավագույնը ճանաչվեց:

Այդ մասին լուրով ավարտում ենք մեր հաղորդումը:

Աշխարհում տուրիզմի 5-րդ մեծ ցուցահանդեսը համարվող Մոսկվայի տուրիզմի միջազգային ցուցահանդեսը 192 տարածքների ու երկրների 1800 ընկերությունների մասնակցությամբ գումարվեց Մոսկվայի ցուցահանդեսների կենտրոնում:

Երկրորդ իրարահաջորդ տարվա համար Իրանը մասնակցել էր Մոսկվայի տուրիզմի միջազգային ցուցահանդեսին:

Իրանի տաղավարը, որին մասնակցում էին Իրանում ճամբորդական ծառայություններ ներկայացնող 10 ընկերություններ ճանաչվեց, որպես լավագույն տաղավար և պատվոգրի արժանացավ Ղեշմի ազատ գոտու կազմակերպությունը:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել