Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 22 Մարտ 2016 19:29

Սա պատերազմ է, պարոնայք

Սա պատերազմ է, պարոնայք
Եվրոպան ցնցվել է ահաբեկչությունների հերթական շարքից, որոնք պայթյունների տեսքով իրար հետևից որոտացել են եվրոպական մայրաքաղաքում՝ Բրյուսելում: Պայթյունների զոհերը մի քանի տասնյակ են, կան բազմաթիվ վիրավորներ:

Բրյուսելի պայթյունները Եվրոպային հայտարարված ահաբեկչական պատերազմի հերթական դրսևորումն են, պատերազմ, որը եվրոպական երկրներում ըստ էության դեռևս կարծես թե չի ընկալվել իր ողջ լրջությամբ:

Փարիզի ահաբեկչություններից հետո Եվրոպայում ձեռնարկվում էին անվտանգության լուրջ միջոցառումներ, սակայն, ինչպես պարզվում է այսօր, դրանք անբավարար են եղել նոր ահաբեկչությունները կանխելու համար:

Մյուս կողմից՝ իհարկե, ահաբեկիչների դեմ պատերազմը բավական ծանր և դժվարին գործ է, քանի որ նրանք տեսանելի դիրքերում կանգնած հակառակորդներ չեն: Եվ հատկապես ժամանակակից աշխարհում, տեխնոլոգիական դարում ինչքան մեծանում են ստեղծագործելու, արարելու հնարավորությունները, այնքան մեծանում են հնարավորությունները ահաբեկիչների համար:

Սակայն մի բան երևի թե պետք է ընդունել մեկընդմիշտ՝ այս իրավիճակը, այս մահաբեր շղթան ընդհատելու համար: Պետք է անցնել պատերազմական օրենքների: Սա պատերազմ է՝ հայտարարված Եվրոպայի դեմ, ու այդ պատերազմում Եվրոպան շանս կունենա միայն այն դեպքում, երբ անցնի պատերազմի օրենքների: Ընդ որում, դրանք ոչ թե ենթադրելու են եվրոպական արժեքների անտեսում, սահմանափակում և այլն, այլ պատերազմի օրենքներով կյանքը անհրաժեշտ է հենց եվրոպական արժեհամակարգը, եվրոպական քաղաքակրթությունը փրկելու, պահելու, պահպանելու համար:

Սրան այլընտրանք չկա, ահաբեկիչները Եվրոպայի դեմ գործում են պատերազմի կանոններով և օրենքներով, հետևաբար պատասխան հնարավոր է միայն համարժեք կերպով, միայն այդպես:

Շարունակել այլ կերպ՝ նշանակում է «ջայլամային» քաղաքականությամբ վտանգել Եվրոպայի և համաշխարհային քաղաքակրթության ապագան:

Սա միաժամանակ նշանակում է, որ խնդիրը լոկ եվրոպական չէ և առնչվում է բոլոր այն պետություններին, հասարակություններին ու ժողովուրդներին, որոնք ցանկանում են ապրել զարգացած, իրավական, արդիական աշխարհում, առնչվել քաղաքակրթության ձեռքբերումներին, իրացնել սեփական ստեղծագործական պոտենցիալը:

Մեծ հաշվով՝ սա պատերազմ է աշխարհի դեմ, քաղաքակրթության դեմ, որը չի ճանաչում կրոնական կամ էթնիկ պատկանելություն: Սա տեսակների պատերազմ է, հետևաբար պատերազմը տանուլ տալու դեպքում պարտվողը, իսկ համարժեք արձագանքի դեպքում էլ՝ փրկվողը լինելու է ոչ թե միայն Եվրոպան, այլ մարդկության ստեղծագործ տեսակը ընդհանրապես:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել