Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 17 Մարտ 2016 16:43

Բրյուսելում մեկնարկում է ԵԺԿ գագաթնաժողովը. ԵԺԿ-Հայաստան գործակցությունն ունի արդյունավետ ձևաչափ

Բրյուսելում մեկնարկում է ԵԺԿ գագաթնաժողովը. ԵԺԿ-Հայաստան գործակցությունն ունի արդյունավետ ձևաչափ
Եվրամիության անդամ և ոչ անդամ 41 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում են` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության հերթական գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բարձր մակարդակի հավաքին մասնակցում է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Գագաթնաժողովը հյուրընկալում է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), որպես Եվրոպայի ազդեցիկ քաղաքական միավորում, նպաստում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն ու երկխոսության ակտիվացմանը: Հայաստանին ԵԺԿ նման աջակցությունը քաղաքական կայուն հիմքերի վրա դրվեց 2012 թ. փետրվարի 9-ին եվրոպական կուսակցությունների մեծ ընտանիքին հայկական երեք քաղաքական ուժերի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության և «Ժառանգություն» կուսակցության՝ դիտորդ-անդամի կարգավիճակով անդամակցությամբ: 2012 թ. սկսած՝ ՀՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» կուսակցությունները ԵԺԿ շրջանակներում գործող երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով զարգացնում են համագործակցությունը ԵԺԿ-ին անդամագրված ավելի քան 70 լիիրավ և դիտորդ անդամ կուսակցությունների հետ:

2015 թ. մայիսի 21-ին, մասնակցելով ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատեց, որ Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Այնուհետև, ԵԺԿ տարբեր ձևաչափերով հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահն ընդգծել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման մեջ ԵԺԿ դերակատարությունը:

2015թ. հոկտեմբերին Մադրիդում կայացած ԵԺԿ համագումարի ընթացքում, անդրադառնալով Եվրամիության Խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատի տրամադրմանը, ընդգծեց, որ Հայաստանի ճանապարհն այսքան հարթ չէր լինի, եթե չլիներ գործընկերների, այդ թվում նաև ԵԺԿ ընտանիքի աջակցությունը: «Լիահույս եմ, որ բանակցությունների ընթացքում ևս ԵԺԿ-ն մեր կողքին կլինի՝ դրանք հնարավորինս արագ ավարտին հասցնելու և արդեն նոր իրավական հիմքով Հայաստանի եվրոպական օրակարգը շարունակելու համար»,- նշեց Սերժ Սարգսյանը:

ԵԺԿ իր հստակ դիրքորոշումն է արտահայտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ 2015 թ. մարտի 3-ին Բրյուսելում կայացած քաղաքական համաժողովում՝ հատուկ բանաձևով վերահաստատելով ու դատապարտելով մարդկության դեմ գործված այդ ոճիրը: Ավելին, ԵԺԿ-ն աննախադեպ դիրքորոշում արտահայտեց նաև Ցեղասպանության հետևանքների վերացման հարցում: Բանաձևի նախագիծը մշակվել էր ԵԺԿ-ին անդամակցող հայկական երեք՝ «Ժառանգություն», «Օրինաց երկիր» և Հանրապետական կուսակցությունների կողմից:

Մասնավորապես, համաժողովի կողմից ընդունված և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևում ԵԺԿ-ն կոչ արեց Թուրքիային՝ «հետևելու հետպատերազմյան Գերմանիայի կողմից ցուցաբերած բացառիկ շիտակության ու նախաձեռնողականության օրինակին՝ պատմությունն ընդունելու և Հայոց ցեղասպանութան և դրան հետևող ունեզրկման ներկայիս իրականությունը ճանաչելու, ինչպես նաև, նյութական և բարոյական հատուցումը ապահովելու գործում` իրականացնելով եվրոպական երկրին վայել քաղաքականություն, որը ներառում է պատմական հողերի վերադարձը հայ բնակչությանը, հայ ընտանիքների վերամիավորումն իրենց ազգային օջախներին և դրանից բխող ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականի իրագործումը»:

Հայերի ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունվեց նաև ԵԺԿ երիտասարդական կազմակերպության (YEPP) կողմից 2015 թ. մայիսին Պորտուգալիայում տեղի ունեցած իր 10-րդ համագումարում:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնեց նաև ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին 2012 թ. Հունգարիայի կողմից Ադրբեջան արտահանձնելուց հետո ներում շնորհելու կապակցությամբ: 2012 թ. սեպտեմբերի 13-ին, Եվրախորհրդարանում ամենամեծ` «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» խմբակցությունն իր նախագծում, Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ մտահոգություն հայտնելուց զատ, ընդգծեց, որ դա կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով առկա լարվածության խորացման: «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» խմբակցությունը մտահոգություն հայտնեց նաև, որ դատապարտված մարդասպանին Ադրբեջանում նման ընդունելություն ցույց տալը կարող է օրինակ ծառայել ապագա սերունդների համար:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել