Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 04 Մարտ 2014 12:26

Իրանահայ վաստակավոր գործիչ և թարգմանիչ Հովհաննես Խան Մասեհյան

Իրանահայ վաստակավոր գործիչ և թարգմանիչ Հովհաննես Խան Մասեհյան

Հովհաննես  Խան Մասեհյանը (Ծերունի), իրանահայ նշանավոր թարգմանիչ, պետական հասարակական գործիչ, դիվանագետ, հրապարակախոս, մանկավարժ, խմբագիր, ծնվել է Թեհրանում 1864թ-ին, Նասերէդդին շահի արքունական ոսկերչապետի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Թեհրանում (1870-78թթ.) և Թավրիզում (1879-81թթ.): 1884թ-ին, ավարտել է Փարիզի ֆրանսիական քոլեջը: Նույն թվականին վերադարձել է Թեհրան՝ նշանակվել թագավորական պալատի թարգմանիչ, միաժամանակ ուսուցչություն արել տեղի Հայկազյան դպրոցում: 1887թ-ին, որպես Նասերէդդին շահի պատվիրակության ավագ թարգմանիչ, մեկնել է Լոնդոն:

1888-96 թթ-ին, եղել է Հայկազյան դպրոցի տնօրենը, 1892թ-ին, ընտրվել Ուսումնասիրաց ընկերության  նախագահ: 1894թ-ին, Մասեհյանը հիմնել և խմբագրել է իրանահայ առաջին տպագիր օրգանը՝ Շավիղ  շաբաթաթերթը: 1894թ-ին, մեկնել է Պետերբուրգ՝ որպես Իրանի թագավորի պատվիրակության թարգմանիչ, 1897թ-ին՝ Լոնդոն՝ որպես պատվիրակության առաջին քարտուղար: 1895-1901թթ-ին, Իրանի արտաքին գործերի նախարարությունում վարել է մամուլի բաժնի վարիչի, արևելյան երկրների բաժնի պետի, օպերատիվ տեսչի պաշտոնները՝ շարունակոլով մնալ թագավորի թարգմանիչը:

Որպես թարգմանիչ, հայտնի է, որ Ավետիք Իսահակյանի խորհրդով է սկսել Շեքսպիրի ստեղծագործությունների թարգմանությունները։ Դիվանագետ Մասեհյանը հայ իրականության մեջ ավելի շատ հայտնի է դարձել որպես Շեքսպիրի ամենահայտնի և մակարդակով թարգմանիչ: Դեռևս 1894թ., Հովհաննես Թումանյանը մի գրախոսականում՝ անդրադառնալով Մասեհյանին, գրել է «Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանն որոշելու համար։ Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի տհաս․ եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է։

Մեծ է Հովհաննես Խան Մասեհյանի երախտիքը պարսկական դպրոցների հիմնադիրման և ընդարձակման գործում: 1899թ-ին, նրա նախաձեռնությամբ Թեհրանում բացվել է քաղաքական գիտությունների դպրոցը, որտեղ Մասեհյանը եղել  է միջազգային իրավունքի և ընդհանուր պատմության ամբիոնի վարիչը և դասախոսը: 1901թ-ին, սկսվել է Մասեհյանի կյանքի եվրոպական փուլը, որը նշանակալից էր ոչ միայն դիվանագիտական աշխատանքի, այլև ստեղծագործական և ազգային-հասարակական գործունեության տեսակետից: 1901թ-ին, նշանակվել է Բեռլինում Իրանի դեսպանի խորհրդական, 1905թ-ին՝ գործերի հավատարմատար: Իրանը ներկայացրել է միջազգային մի շարք խորհրդաժողովներում՝ Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում և այլուր: 1911թ-ին, վերադարձել է Թեհրան՝ թագավորիի խնամակալի խորհրդականի պաշտոնով: 1912թ-ին, նշանակվել է Իրանի դեսպան Գերմանիայում: 1916 թ.-ին, Լոնդոնում մասնակցել է Շեքսպիրի մահվան 300-ամյակի հանդիսություններին: Նույն թվականին մտել է Պողոս Նուբարի գլխավորած հայկական ազգային պատվիակության կազմի մեջ: 1927թ.-ին, նշանակվել է Իրանի դեսպան Անգլիայում, 1930 թ.-ին՝ Ճապոնիայում: 1931թ-ի նոյեմբերին, ծանր հիվանդության պատճառով, հրաժարական է ներկայացրել:: Մահացել՝ է  1931 թ.-ի դեկտեմբերի 19-ին, Տոկիոյից Թեհրան վերադառնալու ճանապարհին Խարբինում (Չինաստան): Թաղվել է Թեհրանի  Ս. Գևորգ եկեղեցու գավիթում: 1963 թ-ին Մասեհյանի աճյունը տեղափոխվել և վերահուղարկավորվել է  Թեհրանի Ս. Աստվածածին եկեղեցու բակում:

Հովհաննես խան Մասեհյանը հայ իրականության մեջ հայտնի է ամենից առաջ որպես Շեքսպիրի ամենախոշոր թարգմանիչ: Տիրապետել է հայերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին: Դեռևս արքունի թարգմանիչ եղած տարիներին եվրոպական մի շարք գրողներից թարգմանություններ է կատարել պարսկերեն լեզվի։

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել