Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 16 Հունիս 2012 13:40

Ի՞նչ արժեն հայկական մետաղադրամները

Ի՞նչ արժեն հայկական մետաղադրամները

Ցածր անվանական արժեքներով ՀՀ թղթադրամներից անցումը մետաղադրամների պայմանավորված  էր ինչպես վերջիններիս երկարակեցությամբ, այնպես էլ կանխիկ դրամաշրջանառության ավանդույթներով։

ՀՀ մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։ 10 լումա, 20 լումա, 50 լումա, 1 դրամ, 3 դրամ, 5 դրամ և 10 դրամ անվանական արժեքներով ՀՀ մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել 1994թ. փետրվարի 21-ին, 100 դրամ անվանական արժեքով («Շախմատի 32-րդ Օլիմպիադա»)՝ 1996թ. հուլիսի 4ին, 100 դրամ անվանական արժեքով («Չարենց-100»)՝ 1997թ. հոկտեմբերի 6-ին, 20 դրամ անվանական արժեքով՝ 2003թ. հունվարի 1-ին, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով՝ 2003թ. մարտի 31-ին, 10 դրամ անվանական արժեքով (փոքր չափսի)՝ 2004թ. դեկտեմբերի 1-ին։

Օգտագործված համաձուլվածքներ

ՀՀ մետաղադրամների պատրաստման համար օգտագործվել են հետևյալ համաձուլվածքները. 10 լումա, 20 լումա, 50 լումա, 1 դրամ, 3 դրամ, 5 դրամ և 10 դրամ՝ ալյումինե համաձուլվածք, 20, 50 և 100 դրամ՝ պողպատ՝ համապատասխանաբար պղնձի, պարույրի և նիկելի պատվածքներով, 200 դրամ՝ պղնձե համաձուլվածք, 500 դրամ՝ պղնձե համաձուլվածք/ պղինձնիկելի համաձուլվածք։

ՀՀ մետաղադրամները պատրաստվում են այն նույն տեխնոլոգիայով, ինչ ԱՄՆ, Եվրամիության, Ռուսաստանի կամ այլ ցանկացած երկրի մետաղադրամները, հետևաբար և նույնչափ պաշտպանված են ժանգոտումից կամ մեխանիկական վնասվածքներից, ինչպես այլ երկրների մետաղադրամները։

Մետաղադրամների ինքնարժեքը

Ինչպես մեզ հայտնեց ՀՀ ԿԲ դրամաշրջանառության վարչության պետ Սուրեն Սիմոնյանը, ՀՀ-ում մետաղադրամների պատրաստման ինքնարժեքների վերաբերյալ տեղեկությունները հանդիսանում են առևտրային գաղտնիք և հրապարակման ենթակա չեն: Սակայն, հիմնվելով մետաղների միջազգային գների, ինչպես նաև եվրոպական մետաղադրամներ հատող մի շարք ընկերությունների սակագների վրա, կարելի է մոտավոր պատկերացում կազմել ՀՀ յուրաքանչյուր մետաղադրամի ինքնարժեքի մասին: Այսպիսով, 10 դրամանոց մեծ մետաղադրամ՝ 2,5 դրամ, 20 դրամանոց՝ 3,2 դրամ, 50 դրամանոց՝ 3,6 դրամ, 100 դրամանոց՝ 12,3 դրամ, 200 դրամանոց՝ 19 դրամ, 500 դրամանոց՝ 22 դրամ:

Մետաղադրամների երկարակեցությունը կարող է կազմել մինչև 20 և ավելի տարի։ Շրջանառության համար ոչ պիտանի մետաղադրամները ոչնչացվում են։

Երկու նմուշի 10 դրամանոց մետաղադրամ

2004թ. ՀՀ կենտրոնական բանկում առկա 10 դրամանոց մետաղադրամների պաշարը արդեն չէր բավարարում շրջանառության պահանջարկը։ Այդ պատճառով թողարկվեց 10 դրամանոց մետաղադրամների նոր խմբաքանակ։ ՀՀ նոր մետաղադրամների շարքի նույնականացման, ինչպես նաև ծախսերի կրճատման նկատառումներով 10 դրամանոց մետաղադրամների դիզայնը փոխվեց։ Ներկայում շրջանառության մեջ առկա են երկու նմուշի 10 դրամանոց մետաղադրամներ։ Առաջին թողարկման մետաղադրամները շրջանառությունից դուրս գալով աստիճանաբար կփոխարինվեն նորերով։

ՀՀ դրամանիշների թողարկումն իրականացվում է միայն մրցութային կարգով՝ եվրո դրամանիշներ թողարկող տպարաններում/դրամահատարաններում։ ՀՀ թղթադրամները տպագրվել են Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում և Նիդերլանդներում։

Ինչպե՞ս խուսափել կեղծումներից

ՀՀ դրամանիշները թողարկվում են միջազգային ստանդարտներին համապատասխան և համաշխարհային պրակտիկայում գոյություն ունեցող առաջատար պաշտպանական հատկանիշների կիրառմամբ։ ՀՀ դրամանիշներն ունեն բավականին պաշտպանվածություն դրանք հեշտ ու արագ ստուգելու և կեղծումներից խուսափելու համար։ Դրա վառ ապացույցն է այն, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2009թ. թողարկված 100000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամը մասնակցել է ՀՀ Արտարժութային հարցերով միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված «Տարվա լավագույն թղթադրամ» մրցույթին և արժանացել է պատվավոր երկրորդ մրցանակին։

Արամ Անտինյան

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել