Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 23 Հուլիս 2014 03:48

Իրանի ժամանակակից կինոն ( 63 )

Իրանի ժամանակակից կինոն ( 63 )

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ բարի օր մաղթելով սկսում ենք մեր զրուցաշարի այս շաբաթվա համարը:

Իրանի կինոյի հետ կապված տարբեր հարցեր ու թեմաներ քննարկելուց հետո, հառաջիկա մի քանի հաղորդումներում նպատակ ունենք զրուցել Իրանի կինոյի և գրականության ու գեղարվեստական այլ ճյուղերի միջև եղած կապերի մասին: Թեև մյուս արվեստների համեմատությամբ կինոն ավելի երիտասարդ է համարվում, այդուհանդերձ հաջողել է առաջ անցնել մյուս արվեստներից և առավելագույնս օգտագործել հանդիսատեսի վրա ներազդելու իր պոտենցիալը: Այդ ուղղությամբ իհարկե կինոյին օգնել են նաև մյուս արվեստները և առավել հզորացրել այդ նորահիմն արվեստը:

---------------------

Կինոյի ստեղծման առաջին օրից գրական փոխառությունները հատուկ դիրք են վայել այս արվեստում և գրական հաջողած ստեղծագործությունների փոխառությունը միշտ էլ մասամբ երաշխավորել է ֆիլմի հեղինակների հաջողությունը: Այդուհանդերձ, թեև գրական փոխառությունը համարվում է կինոյի բազմերանգության ու ծաղկման խորհրդանիշը, սակայն շատ պարագաներում ինչ-որ ֆիլմ դիտելուց հետո լսում ենք այսպիսի մի արտահայտություն, որ իբր գիրքը առավել գրավիչ է և ֆիլմը նրա հետ չի կարող համեմատվել: Այդ դեպքում կարող ենք համաձայնել, որ կինոն երբևե չի կարող հասնել գրականության նրբություններին և միայն բառերն են, որ կարող են հզորությամբ փոխանցել զգացմունքներն ու գաղափարները և հրահրել ընթերցողի երևակայությունը: Սակայն կարելի է ընդունել նաև այն տրամաբանությունը, որ կինոն օգտվելով ժամանակակից հնարքներից ու տեխնիկաներից կարող է այնպիսի պատկերներ փոխանցել ընթերցողին, որոնք դուրս են մնում բառերի ու գրական նկարագրությունների սահմաններից: Ներկա ժամանակաշրջանում կինոարվեստի բազմաթիվ ընդունակությունները և նույնիսկ ներքին զգացմունքներն ու ապրումները մարմնի ու դեմքի շարժումներով արտահայտելը համարվում է կինոյի առավելություններից մեկը, որն ի դիմաց գրականության ներկայացվում է կինոյի պաշտպանների կողմից:

Այդուհանդերձ կինոն սերտ կապեր ունի գրականության հետ: Աշխարհի հայտնի ու բազմաթիվ հանդիսատես ունեցած ֆիլմերի գրեթե կեսը օգտվել են այնպիսի կինոսցենարներից, որոնք փոխառություններ են եղել հայտնի գլուխգործոցներից, ինչպիսիք են «Քամուց քշվածները», «Քավորը», «Թռիչք կկվի բնի վրա»-ն, «Համլետ»-ը և «Խաղաղություն ու պատերազմ»-ը:

Ի դեպ կարելի է հիշել այնպիսի գրողների անուններ, որոնք այս բնագվառում առաջատարի դիրք են ունեցել և արձակագրության ոլորտում տիրացած հռչակից բացի, իրենց վրա են գրավել նաև կինոգործիչների ուշադրությունը: Այդ թվում են Վիլիամ Շեքսպիրը, Ֆեոդոր Դոստոևսկին, Լև Տոլստոյը, Էռիշ Քոսթները, Չարլզ Դիքենզն ու Ալեքսանդր Դուման: Բացի այդ Անտովան Չեխովի, Մոլիերի, Հենրիկ Իբսենի, Թենեսի Վիլիամզի ու տասնյակ այլ թատերագիրների թատերգություններ վերածվել են կինոսցենարի և դրանց արդյունքը եղել է հայտնի ու արժեքավոր ֆիլմեր:

Վիճակագրական տվյալների քննարկումը պարզում է, որ երբեմ գրական մի ստեղծագործւթյան հիման վրա մի քանի գեղարվեստական ֆիլմեր են արտադրվել և տարբեր ժամանակաշրջաններում բազմատեսակ մոտեցում է ցուցաբերվել մի ստեղծագործության հանդեպ: Օրինակ Վիլիամ Շեքսպիրի «Լիր արքա»-ի հիման վրա աշխարհի տարբեր երկրներում տասնյակ ֆիլմեր են արտադրվել, որոնք բոլորն էլ տարբերվում են միմյանցից և յուրաքանչյուրը հատուկ դիտանկյունից է նայել պատմությանը և յուրովի է մեկնաբանել նրան:

------------------------

Իրանի կինոն առաջին տարիներից հակվել է գրական փոխառությունների կողմը և ամրագրել է գրականության հետ իր կապերը: Այդ կապերը վայրիվերումներով հանդերձ հանգեցրել են փայլուն և ուշագրավ ստեղծագործությունների, որոնք վկայում են, որ թե՛ ընտրվել է գրական հայտնի ստեղծագործություն և թե՛ այդ փոխառությունը իրականացվել է միաժամանակ գրականության և կինոյի բնագավառին ծանոթ ընդունակ կինոգործիչների միջոցով:

Իրանի առաջին հնչուն ֆիլմի բեմադրիչ՝ Ադբոլհոսեյն Սեփանթան առաջինը դիմեց գրական փոխառության և 1935 թվականին պատրաստեց «Խոսրովն ու Շիրինը»: Ֆիլմը պատմում է Շիրին կամ Անուշ անունով հայ արքայադստեր հանդեպ ֆարհադի սիրո մասին, ով սիրեցյալին տիրանալու համար պարտավորվում է ծանր ու դժվար ճամփա կտրել: Ֆիլմի պատմությունը փոխ է առնված իրանցի բանաստեղծ Նիզամի Գանջավու համանուն պոեմից, որը համարվում է պարսից գրականության ճանաչված ստեղծագործություններից մեկը: Սեփանթան ֆիլմում ստանձնել է Ֆարհադի դերը:

Հիշյալ ֆիլմի հաջող վարձույթից երկու տարի անց նա «Լեյլին և Մեջնունը» ֆիլմի համար հիմք է ծառայեցնում Նիզամու մի այլ պոեմը: Այդ ֆիլմում էլ նա պատմում է Լեյլի և Մեջնուն անունով երկու հերոսների սիրո, այդ ճամփին կրած տառապանքների և անջատման պատմությունը, որը հուզումնալի լինելով հանդերձ համարվում է շքեղ ու մեծածախս ստեղծագործություն:

Այդ ստեղծագործություններից հետո իրանցի կինոբեմադրիչներ հակվում են վեպերից ու արձակ պատմվածքներից փոխառություններ կատարելու կողմը: Այդ ընթացքում նաև համաշխարհային գրականության հիման վրա սակավաթիվ ֆիլմեր են արտադրվում: Ընդհանուր առմամբ 1930-ից 2010 թվականների ընթացքում արտադրվել են իրանական ավելի քան երեք հազար ֆիլմեր, որոնցից 1.5 տոկոսի կամ շուրջ 50 ֆիլմերի անձնագրում, որպես փոխառության աղբյուր հիշված է ոչ-իրանական գրական ստեծագործության անուն: Դա վկայում է, որ իրանական ֆիլմերի համար պատմություն գտնելու ուղղությամբ արտասահմանյան գրականությունը եղել է իրանական կինոյում ընդունված վերջին այլընտրանքը:

Պիտի նշել է, որ իսլամական հեղափոխությանը նախորդած տարիներում Վիլիամ Շեքսպիրի, Անդրե Մորուայի, Ալեքսանդր Դումայի, Մարք Թուայնի, Դաֆե Դո Մորիեի և Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությունները ամենաշատն են ընդառաջվել իրանցի կինոսցենարիստների կողմից:

-----------------------------

1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակով կինոասպարեզ դուրս եկավ կինոգործիչների նոր սերունդ և գրականության հանդեպ հայացքը հիմնովին փոխվեց: Նրանց համար գլխավոր թեման բնականաբար հասարակության ստորին դասակարգի հանդեպ գործադրված բռնությունն ու ոտնձգությունը և կործանված վարչակազմի իրական դիմագծի մերկացումն էր: Հետևաբար առաջին ստեղծագործությունները կատարվեցին այդ հիման վրա և կինոգործիչների ուշադրության կենտրոնում հայտնվեց համաշխարհային այլախոհական գրականությունը: Ջոն Ստայնբեքի և Անտոնիո Սամարաքիսի պատմվածքները առաջին նմուշներից էին, որոնց հիմա վրա արտադրվեցին «Փոթորիկի ալիքը» և «Թույլ կողմը» ֆիլմերը՝ յուրաքանչյուրը նկարագրելով նախկին վարչակազմում տիրող բռնապետական կարգերը:

Իրանցի քննադատ և համալսարանի դասախոս դոկտ. Հոսեյն Փայանդեն ասում է, որ գրական փոխառությունն այն ժամանակ է կարող հաջող լինել, երբ կարողանա գրական ստեղծագործության գրավոր սիմվոլները կինոյի պատկերի վերածել և իրականության մեջ պատկերային թարգմանություն կատարել: Այդ արտահայտության շոշափելի օրինակներից մեկը Նասեր Թաղվաու «Նավապետ Խորշիդն» է, որի հիմքում ընկած է Էռնեստ Հեմինգուեյի «Ունենալ և չունենալ» վեպը:

Թաղվային իրականության մեջ «Ունենալ և չունենալ» վեպի պատմությունը փոխադրել է իր պապենական հայրենիքը և պատմության նավապետի կերպարն այնպես է միահյուսել այդ աշխարհագրության հետ, որ 28 տարի անց դեռ նրա ստեղծագործությունը կարելի է օրինակելի նմուշ համարել այդ բնագավառում:

«Ունենալ և չունենալ» վեպը պատմում է մի մարդու մասին, որն իր նավակով ապօրինի փոխադրումներ է կատարում Ֆլորիդայի և Հավանայի միջև: Նա իր նավակը վարձու է տալիս ամերիկացի հարուստ զբոսնողներին և ձկնորսության համար նրանց ծով է տանում: Մի օր նրանցից մեկը առանց նավակի վարձը վճարելու նրան լքում ու գնում է: Մարդն իր վերադարձի գումարը հայթայթելու համար Ամերիկայի ափերը տանելու խոստումով խաբում է մի խմբի և հայթայթում է անհրաժեշտ գումարը: Այնուհետև մաքսային պաշտոնյաների հետ բախման ընթացքում կորցնում է ձեռքը և ի վերջո սպանվում է ուղևորների մի խմբի միջև ծագած կռվի ժամանակ:

Իրանի հարավային տարածքի աշխարհագրության և տեղական յուրահատկությունների, ինչպես նաև կերպարների մասին Թաղվաու ճիշտ ճանաչողությունը, կինոսցենարի պարագային նրա տիրապետումը, հաջող բեմադրությունն ու դերասանների ընդունելի դերակատարությունը պատճառ դարձան, որ «Նավապետ Խորշիդը» ընդառաջվի կինոյի լուրջ հանդիսատեսի կողմից:

Ֆիլմը հավատարիմ է պատմության մեջ տիրող ընդհանուր ոգուն և պատմության տարրերն ու միջավայրը չափազանց մտածված կերպով փոխադրվել են Իրանի հարավն ու այդ տարածքի ժողովրդի որոշ խավի առօրյա կյանքի միջավայրը: Նրանք ովքեր թե՛ պատմվածքն են կարդացել և թե՛ դիտել են «Նավապետ Խորշիդը» ֆիլմը հավատացած են, որ ֆիլմի ընդհանուր մթնոլորտը շատ նման է այն մթնոլորտին, որը զգացվում է Հեմինգուեի պատմվածքը կարդալու ժամանակ: Դրա պատճառներից մեկն այն է, որ ֆիլմ մուտք գործած կերպարներից շատերը ունեն իրենց տեղական և ընդունելի տարբերակները:

---------------------

Բարեկամներ այս կապակցությամբ մեր զրույցը կշարունակենք հաջորդ շաբաթ: Մինչ այդ բարի օր ենք մաղթում բոլորիդ:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել