Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 21 Մայիս 2014 07:37

Իրանի ժամանակակից կինոն ( 57 )

Իրանի ժամանակակից կինոն ( 57 )

 

 

 

Բարի երեկո թանկագին բարեկամներ: Շարունակելով Իրանի անմիացիոն կինոյի քննարկումն այսօր ձեզ հետ զրուցելու ենք Իրանում անիմացիոն ֆիլմերի արտադրության մասին: Ընկերակցեք մեզ:

--------------------

Անիմացիան իր արդիական ձևով Իրան մուտք գործեց շուրջ 60 տարի առաջ, սակայն վստահորեն կարելի է ասել, որ վերջին տարիներում ուշագրավ զարգացում է ապրել: Կատարված գնահատումների համաձայն ներկայումս այդ արհեստով զբաղվում է շուրջ երեք հազար մարդ և շարունակաբար մեծանում է դրանով հետաքրքրվողների թիվը: Իհարկե նախատեսվում է, որ անիմացիայի արդյունաբերության ոլորտում աշխատատեղերի թիվը ավելի քան 20 հազարի հասնի, ինչը համապատասխանում է հեռուստատեսության գովազդային ներքին գործակալությունների կարիքներին, քանզի այս բնագավառում ներդրման գլխավոր նպատակներից մեկը արտաքին արտադրանքների կարիքից ձերբազատվելը և անիմացիայի բոլոր ճյուղերի արտադրությունը երկրում իրականացնելն է:

Համակարգչի մուտքը անիմացիայի արտադրության ոլորտ հեղաշրջում առաջացրեց աշխարհում, որից չի բացառվում նաև Իրանը: Այնպես որ այսօր հետաքրքրվողները սովորական մի տեսախցիկի, անձնական համակարգչի և ճիշտ ուսուցման միջոցով կարող են այդ ոլորտում աշխատելու հնարավորություն ձեռք բերել: Ինտերնետային կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը պատճառ դարձավ, որ անմիացիայի արտադրման հզոր ծրագրերը մեծ տարածում գտնեն նաև Իրանում և բացի եռածավալ տեխնիկայից, որը հաճախ գործադրվում է նույն այդ ծրագրերի միջոցով, առավել թափ ու մանրակրկիտություն փոխանցեն երկծավալ ու ավանդական արտադրություններին:

Իրանի անիմացիայի՝ ավանդականից դեպի արդյունաբերական անցումը վերջին տարիներում տեղի ունեցած նվաճումն է, որն իր վրա է գրավել համաշխարհային շատ փորձագետների ուշադրությունը: Նրանցից մեկը ԱՍԻՖԱ-ի կամ Անիմացիոն ֆիլմեր արտադրողների միջազգային միության նախկին գլխավոր քարտուղար՝ Բորդո անունով ճանաչված Բորիվոյ Դովնիքովիչն է, որն ասում է. «Իրանական անիմացիան հիմնված է ազգային ավանդույթների վրա և թե՛ պատկերային և թե՛ բովանդակության տեսակետից ուշադրության արժանի դիրք է գրավում»: Նա տարիներ աշխատել է Անիմացիայի համաշխարհային միությունում և ծանոթ է աշխարհի լավագույն անիմացիաներին ու անիմատորներին և հավատացած է, որ այդ արվեստին փայլում ապագա է սպասում Իրանում:

Այդ ստեղծագործություններից մեկն է «Ջամշիդն ու Խորշիդը» մուլտֆիլմը, որի պատմությունն ու տեխնիկան արտահայտում են վերջին տարիներում Իրանի անիմացիոն կինոյի հառաջադիմության մասին: Ֆիլմի բեմադրիչը Բեհրուզ Յաղմայանն է, որն այդ մուլտֆիլմի արտադրության համար երեք տարի ժամանակ է հատկացրել: «Ջամշիդն ու Խորշիդը» մուլտֆիլմի պատմությունը փոխ է առնված իրանական վաղեմի մշակույթից ու քաղաքակրթությունից, տեղավորվում է մուզիքալ ֆիլմերի ժանրում և ֆիլմում տարբեր կերպարների փոխարեն խոսել են Իրանի կինոյի հայտնի դերասաններ:

«Ջամշիդն ու Խորշիդը»-ը հին սիրային պատմություն է: Թագավորը որոշում է մրցություն կազմակերպել երկրի տարբեր շրջանների արքայազնների միջև, որում հաղթող արքայազնը դառնալու է թագավորի փեսան և իշխանության ժառանգորդը: Արքայադուստր՝ Խորշիդը, որ չի ցանկանում լինել այդ մրցության մրցականը, փախչում է պալատից և անտառում հայտնվում է գայլերի մեջ: Խորշիդը փրկվում է Ջամշիդի միջոցով և սիրահարվում է նրան: Սակայն պալատական աստղագետը գտնում է Խորշիդին և զինվորներին Ջամշիդի մոտ է ուղարկում Խորշիդին վերադարձնելու համար և պատմությունը շարունակվում է բազմաթիվ քաշքշուկներով:

---------------------------------

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք Իրանի անմիացիայի ոլորտի առաջատար դեմքերից մի քանիսի մասին և ծանոթացրեցինք անիմացիոն ֆիլմերի ու սերիաների արտադրման կարևոր միավորներից համարվող «Սաբա» կենտրոնը: Այսօր ձեզ ծանոթացնելու ենք ԱՍԻՖԱ միության հետ: Անիմացիոն ֆիլմեր արտադրողների միջազգային  միությունը հիմնադրվել է 1960 թվականին՝ Ֆրանսիայի Անեսի քաղաքում, մի քանի մեծ անիմատորների միջոցով: Միության նպատակը մուլտֆիլմերի արտադրման ձևերի, ինչպես նաև աշխարհում անիմացիայի ոլորտում կատարված աշխատանքների շուրջ տեղեկությունների փոխանակումն է:

ԱՍԻՖԱ-ն մասնաճյուղ ունի աշխարհի ավելի քան 30 երկրում, որին անդամակցում է շուրջ 4000 մարդ: Իրանի ԱՍԻՖԱ-ն իր աշխատանքը սկսեց 1981 թվականին Նուրեդդին Զարին Քելքի, նրա մի քանի անիմատոր գործընկերների և համալսարանի դասախոսների նախաձեռնությամբ և 1986 թվականին միացավ միջազգային ԱՍԻՖԱ-ին: Միության գրասենյակը գտնվում է Թեհրանում, սակայն մասնաճյուղ ունի Իրանի մի քանի քաղաքներում և ի մի է հավաքել իրանցի անիմատորներին և պաշտպանում է նրանց գերազանց ստեղծագործությունները:

Այդ միությունը սատարում է աշխարհում անիմացիայի տարբեր փառատոներին իրանական ստեղծագործությունների մասնակցությանը և նրա անդամները ակտիվ ներկայություն ունեն փառատոների իրավարար կազմերում և վարպետության դասընթացներին:

Իրանցի անիմատորներին ցուցաբերած այդ միության պաշտպանությունից բացի «Թեհրանի անիմացիայի միջազգային փառատոն»-ի կազմակերպումը նույնպես դրական ու արժեքավոր քայլ է համարվում այդ արվեստագետներին խրախուսելու ուղղությամբ: Վերջին տարիներում այդ փառատոնի կազմակերպումը կարողացել է համաշխարհային մասշտաբով ստեղծագործությունների հետ մրցակցության մեջ դնել իրանական արտադրանքներին և այդպիսով գնահատել իրանական ստեղծագործությունների որակը: Այդ մասնագիտական փառատոնի առաջին շրջանը կազմակերպվեց 1999 թվականին և այդպիսով նոր էջ բացվեց Իրանում անիմացիոն ստեղծագործությունների ցուցադրման ոլորտում:

Մինչ օրս կազմակերպվել են փառատոնի 8 շրջաններ և հետզհետե մեծացել է նրա հանդեպ արտասահմանցի արվեստագետների ուշադրությունը: Այնպես որ առաջին շրջանում ցուցադրվեցին 33 երկրի անիմացիոն ստեղծագործություններ, սակայն վերջին շրջաններում ավելի քան 60 երկրի արվեստագետներ այդ իրադարձությանը մասնակցելու և իրենց ստեղծագործությունները ցուցադրելու հայտ են ներկայացրել, ինչը վկայում է նրանց մոտ այդ արվեստի և Թեհրանի միջազգային փառատոնի վայելած հեղինակության մասին:

Պիտի նշել է, որ Թեհրանի անիմացիայի միջազգային փառատոնում և կամ համաշխարհային այլ իրադարձությունների ընթացքում ցուցադրված բոլոր ստեղծագործությունները անհրաժեշտաբար կինոֆիլմեր չեն և նրանց բազմազանությունը արտահայտում է իրանցի արվեստագետների մեծ կարողությունների մասին: Սակայն քանի որ խոսքը իրանական կինոյի մասին է, հետևաբար մեր զրույցը կշարունակենք իրանական մի քանի անիմացիոն ստեղծագործությունների քննարկմամբ, որոնք մեծ էկրան են դուրս եկել և ընդառաջման են արժանացել:

---------------------

«Թեհրան 1500» մուլտֆիլմը պատրաստել է Բահրամ Ազիմին, ով ավելի վաղ հեռուստատեսության գովազդային գրավիչ մուլտֆիլմեր է արտադրել և այդ կինոստեղծագործության համար օգտվել է 270 արվեստագետների և անիմացիայի փորձագետների հմագործակցությունից: 

Ֆիլմի պատմությունը հետևյալն է. «160 տարեկան մի անձնավորություն իր բժշկի միջոցով տեղեկացվում է, որ միայն մի քանի օր է ապրելու: Նա ավելի վաղ ավանդական ու երգիծական ներկայացումների դերասան է եղել և հնարավորություն ունի այդ կարճ ժամկետում ապացուցելով իր գեղարվեստական անցյալը, արվեստագետների պանթեոնում թաղվելու արտոնություն ստանալ: Այդ ուղղությամբ նրան օժանդակելու համար Երկիր մոլորակ է վերադառնում Լուսնի վրա ուսանող իր թոռը: Մի շարք դեպքերից հետո նրանք կարողանում են գտնել մի կտոր ֆիլմը, որը ապացուցում է, թե այդ ծերուկը անցյալում ինչ ներկայացումներ է բեմադրել»:

Այդ մուլտֆիլմի գրավչությունը պատճառ դարձավ, որ նրա հանդիսատեսների տարիքային սահմանագիծը գերազանցի երեխաներին և նույնիսկ մեծահասակներն ու տարեցներն այն  դիտելու ցանկություն հայտնեն: Այդ ֆիլմում Իրանը պատկերված է իրանական 1500 թվականին, այսինքն շուրջ 110 տարի հետո: Այդ տարիներում մարդիկ ուղևորության են մեկնում Լուսին, ռոբոտները մարդկային կյանքի անբաժանելի մասնիկն են և ինքնաշարժները թռչում են: Այդ թվականներին Թեհրանի «Միլադ» աշտարակն այլևս Իրանի ամենաբարձր շինությունը չէ, այլ փոքրիկ մի աշտարակ է ձևանում հարյուրավոր հարկանի երկնաքերերի կողքին: Ֆիլմում ֆանտազիան ու երևակայությունը միաձուլվելով մշակույթի, ավանդույթների և նույնիսկ ժողովրդի տարբեր խավերի մոտ տարածված բառապաշարին առավել գրավչություն են փոխանցում նրան: Ի դեպ ֆիլմի գլխավոր կերպարների համար օգտագործվել է իրանցի հայտնի դերասանների դեմքն ու ձայնը, որը համարվում է հանդիսատեսի ցուցաբերած ընդառաջման պատճառներից մեկը:

---------------------

«Իրանի երիտասարդական կինոյի միություն»-ը և «Իսլամական քարոզչության կազմակերպության գեղարվեստական կենտրոն»-ը Իրանում անիմացիաներ արտադրող մյուս կենտրոններից են: Նաև Շիրազի, Սպահանի, Համադանի, Քերմանի ու Սարիի պես քաղաքներում կենտրոններ են հիմնադրվել և վերջին տարիներում արտադրվել են բազմազան հաջող ստեղծագրծություններ: Ի դեպ մասնավոր բաժնում խմբերի ու անհատական նախաձեռնությունների տեսքով շարունակվում է անիմացիոն ֆիլմերի արտադրությունը և այդ արվեստ-արդյունաբերությունը սահմանափակված չի մնացել պետական կազմակերպություններով և հաջողել է դառնալ Իրանի ժամանակակից կինոյի գլխավոր հիմնասյուներից մեկը:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել