Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 09 Ապրիլ 2014 08:08

Իրանի ժամանակակից կինոն ( 53 )

Իրանի ժամանակակից կինոն ( 53 )

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: Լավագույն մաղթանքներով ներկայացնում ենք «Իրանի ժամանակակից կինոն» հաղորդաշարի հերթական համարը: Փաստագրական կինոն և Իրանում դրա ձևավորման ու զարգացման ուղին մեր հաղորդաշարի քննարկման նոր թեման է: Ընկերակցեք մեզ այս հաղորդման ընթացքում:

------------------------

Փաստագրական կինոն, այն կինոն է, որտեղ տեղ չունեն պատմությունն ու երևակայական իրադարձությունները և որտեղ իրականության ցուցադրմամբ փորձ է կատարվում դա ներկայացնել այնպես, ինչպես կա և հնարավորության սահմաններում հրաժարվում է այն ձևափոխելուց: Այդ պատճառով էլ փաստագրական կինոն առնչվում է իրական դեմքերի, վայրերի, իրադարձությունների ու աշխատանքների հետ:

Իհարկե իրականության ներկայացումը այնուամենայնիվ զուգակցված է լինում ընտրությամբ, կրճատմամբ ու ձևափոխումներով ու հենց այդ պատճառով էլ փաստագրական կինոն պիտի գնահատել իրականությունների պարագային կինոգործչի վերահսկողության չափով: Սակայն բոլոր փաստագրական ֆիլմերի ընդհանուր եզրն այն է, որ դրանք փորձում են մեզ փոխանցել մեր տեսածն ու լսածը իրական լինելու զգացումը:

Փաստագրական տերմինն առաջին անգամ 1926 թվականին օգտագործել է փաստագրական ֆիլմերի հեղինակ անգլիացի Ջոն Գրիերսոնը: Նա հետագային այդ տերմինը մեկնաբանեց, որպես «իրականության հանդեպ ստեղծագործական մոտեցում» և ի վերջո 1948 թվականին «Փաստագրական կինոյի համաշխարհային միությունը» վավերացնելով այդ տերմինը, դրան մեկնաբանեց հետևյալ կերպով. «Դա ցանկացած իրականության կինո-արձանագրությունն է, որը տեղի է ունենում իրական նկարահանմամբ, առանց միջամտությունների և կամ իրադարձությունների հավատարիմ ու տրամաբանական վերականգնմամբ: Դա ամենաօբեյկտիվ ու իրական կերպով կատարվում է նպատակ ունենալով ընդլայնելու մարդկանց գիտակցության սահմանները, ինչպես նաև ներկայացնելու նրանց խնդիրներն ու դրանց կարգավորման ուղիները»:

Փաստագրական են կոչվում ֆիլմերի մի մեծ խումբ, որոնք կարող են ներառել գովազդային, ուսուցողական, ինչպես նաև գեղարվեստական, հասարակական, պատմական ու քաղաքական փաստագրական ֆիլմեր:

Կինոյի պատմության առաջին տարիների ֆիլմերը պիտի փաստագրական անվանել: Լյումիեր եղբայրները իրենց գործունեության սկզբում մի շարք ֆիլմեր արտադրեցին, որոնք բոլորն էլ պատրաստվել էին ժողովրդի առօրյա կյանքից: ԱՄՆ-ում Էդիսոնն ու նրա գործընկերները նկարահանեցին իրենց աշխատավայրում տեղի ունեցած դեպքերը: Այլ երկրներում էլ, կինոարդյունաբերության տարածումից անմիջապես հետո սկսվում էր նման ֆիլմերի արտադրությունը:

Իր ժամանակակից իմաստով փաստագրական կինոն ծնունդ առավ 1922 թվականին՝ Ռոբերտ Ֆլահերթիի պատրաստած «Հյուսիսային Նանուք» ֆիլմով, որը գեղարվեստական-փաստագրական ֆիլմ էր և ներկայացնում էր Կանադայում բնակվող էսկիմուների դժվարին կյանքը: Ֆիլմի թեմայի թարմությունը և նրա փայլուն նկարահանությունն ու հնարամիտ մոնտաժումը արժանացավ կինոքննադատների ու հանդիսատեսի ուշադրության:

«Հյուսիսային Նանուք»-ի արձանագրած հաջողությունն ու դրա արտադրման քիչ ծախսը պատճառ դարձավ, որպեսզի ԱՄՆ-ի կինոարդյունաբերությունը հակվի փաստագրական կինոյի կողմը: Նույն ուղղությունը շարունակելով Ֆլահերթին պատրաստեց «Մոնան», որը Սամուայի հարավային ծովում գտնվող կղզիների բնակիչների կյանքը պոետիկորեն նկարագրող փաստագրական ֆիլմ է:

Իհարկե չպիտի մոռանալ, որ հասարակական իրադարձությունները, այդ թվում հեղափոխություններն ու պատերազմները ամենաշատ ազդեցություններն են գործել փաստագրական կինոյի վրա և 20-րդ դարում տեղի ունեցած հիշյալ իրադարձությունների լավագույն փաստերից մեկը փաստագրական ֆիլմերն են:

---------------------------------

Իսկ այժմ մի քանի խոսք Իրանի փաստագրական կինոյի մասին: 1900 թվականի օգոստոսին Էբրահիմ Խան Աքասբաշին Բելգիայում կազմակերպված ծաղկի փառատոնում նկարահանելով Մոզաֆարեդդին Շահին պատրաստեց իրանական առաջին փաստագրական ֆիլմը: Նա հետագային բազմաթիվ անգամներ նկարահանեց Ղաջար շահին և փաստագրկան ֆիլմեր պատրաստեց Մոհարամ ամսվա սգո հանդիսություններից, «Դուշան Թափե»-ի պալատից, շուկայից ու պատմական վայրերից:

Ռուսի Խան կոչվող մի այլ կինոբեմադրիչ 1909 թվականին նկարահանեց սգո հանդիսությունները: Խան Բաբա Մոթազեդին նույնպես փաստագրական ու լրատվական ֆիլմերի նկարահանող ու հեղինակ է, որը արտասահմանում փորձեր կուտակելուց հետո վերադարձավ Իրան և այգիների ու ծաղկանոցների մասին ֆիլմեր պատրաստելուց հետո զբաղվեց պալատականների կյանքի նկարահանմամբ:

Իրանում նկարահանված առաջին փաստագրական ֆիլմերը կարելի է դասակարգել մի քանի խմբերում, որոնք են՝ ժամանակագրական, ճանապարհորդական, ուսուցողական, գովազդային, բանաստեղծական, ազգագրական  ու պատմական ֆիլմեր:

Այդուհանդերձ չպիտի մոռանալ այն կարևոր փաստը, որ հիմնականում կինոյի մուտքը Իրան կատարվել է փաստագրական կինոյի միջոցով և քանի որ նկարահանման խցիկները միայն թագավորի տրամադրության տակ են եղել, բնականաբար առաջին ստեղծագործությունները ներկայացնում են Ղաջարների պալատական կյանքն ու արարողակարգերը: Տարիներ անց նկարահանման խցիկը կարողացավ մուտք գործել մարդկանց կյանք և հաջողությամբ արձանագրեց նրանց պատկերները:

1950-ական թվականների ավարտին փաստագրական ֆիլմերի արտադրությունը առավել կազմակերպվեց և կինոյի շրջանավարտները մեծ հակում ցուցաբերեցին փաստագրական կինոյի կողմը: Կինոթատրոններում ցուցադրվեցին լրատվական ու փաստագրական ֆիլմեր և փաստագրական կինոյի ընթացքը շարունակվելով մասնավոր ու պետական բաժիններում, այդ կինոն ծաղկում ապրեց: Իրանի կինոն ներկայացնող փաստագրական ֆիլմեր ցուցադրվեցին համաշխարհային փառատոներում և արժանացան դրական կարծիքների:

Սակայն այդ ընթացքը երկար չտևեց և փաստագրական ֆիլմերի իրանցի հեղինակներ բազմաթիվ ճնշումների ու սահմանափակությունների ենթարկվեցին Իրանի նախկին վարչակազմի կողմից և նրանց ստեղծագործությունները կամ ցենզուրայի մատնվեցին կամ էլ հայտնվեցին արգելքի տակ: Այդ շրջանում միայն այն ֆիլմերն էին ցուցադրության թույլտվություն ստանում, որոնք դրվատում կամ մեծարում էին շահի վարչակազմին:

Իրանի կինոյի փորձագետ և պատմագիր Ջամալ Օմիդը «Իրանի կինոյի պատմությունը» գրքում գրում է. «Հատկապես 1960-կան թվականների փաստագրական կինոյի ստեղծագործությունները քննարկելով պարզվում է դառը մի իրականություն: Դա թեմաների ընտրության հարցում կինոգործիչների զգալի սահմանափակությունն է: 1963 թվականին Փահլեվիի վարչակազմի դեմ ժողովրդային ընդվզումից հետո կինոյի ոլորտի պատասխանատուների կողմից պարբերաբար ու զգալի կերպով գործադրվող սահմանափակություններով, փաստագրական կինոն զրկվեց ծաղկման հնարավորությունից և զարկ ստացավ գովազդային ու ռեպորտաժային ֆիլմերի արտադրությունը»:

Նա ապա անդրադառնում է նման ֆիլմերի արտադրման մեծ ծախսերին, որոնք անօգուտ ու մեծածախս փորձեր էին, որոնք ներքին ու որոշ արտասահմանցի քծնողների խրախուսեցին այդ ասպարեզ մուտք գործել: Այդ շրջանի արգասիքը մի շարք ստեղծագործություններ են, որոնք նպատակ ունեին ապակողմնորոշել հանդիսատեսին և ընտրելով մի շարք որոշված թեմաներ, ինչպես նաև փակ հայացք, փորձում էին անիրական պատկերացում ստեղծել Իրանի հասարակության և ժողովրդի մասին:

-----------------------

Պատմությունը լավագույն ուսուցիչն է և ցանկացած ժամանակաշրջանում, ցանկացած անհատի կարող է լավ խրատներ տալ: 1979 թվականը Իրանի ժամանակակից պատմության ամենազգայուն ժամանակահատվածն է, երբ արդյունավորվեց ժողովրդի պայքարը և հաղթեց իսլամական հեղափոխությունը: Իրանի արվեստի ու մշակույթի տարբեր բնագավառներում ու հատկապես կինոյում այդ հեղափոխության ուշագրավ ազդեցությունն անհերքելի է: Այդ միջոցին փաստագրական կինոն իր կառույցի, որակի ու թեմայի առումով լուրջ փոփոխություն կրեց:

Հեղափոխության ընթացքում լուսանկարչական ու նկարահանման խցիկները ամենամեծ ու խոշոր օգտագործումն ունեցան: Փարվիզ Նաբավին, Մասուդ Ջաֆարի Ջոզանին, Ասղար Բիչարեն, Մոհամմեդ Ալի Նաջաֆին և Հոսեյն Թորաբին այն կինոգործիչներից էին, որոնք փաստագրական ֆիլմեր նկարահանեցին հեղափոխության ընթացքից ու ժողովրդային շարժումից: Չնայած այն օրերում գոյություն ունեցող սահմանափակություններին, այսօր հեղափոխության օրերը նկարագրող 8 և 16 միլիմետրանոց ավելի քան 50 ժամ տևղությամբ ֆիլմ գոյություն ունի արխիվներում, որոնք համարվում են պատմական այդ ժամանակաշրջանի արժեքավոր փաստերը: Հոսեյն Թորաբիի պատրաստած «Հանուն ազատության» և Մասուդ Ջաֆարի Ջոզանիի ու Մաջիդ Ջաֆարիի պատրաստած «Դեպի ազատություն» ֆիլմերը հեղափոխության և հաղթանակի ընթացքը իրական կերպով պատկերող այդ կինոգործիչների ջանքերից են:

Հեղափոխությանը հաջորդած առաջին տարիներին չքավորության ու բարեկեցության և հակամեծապատական թեժ զգացումների թեմայով հասարակական ֆիլմեր արտադրվեցին ու ցուցադրվեցին: Որոշ ստեղծագործություններ ուղղակիորեն նկարագրում էին Փահլեվիի վարչակազմի անվտանգության սարսափելի կազմակերպություն՝ «Սավաք»-ի բանտերի վիճակը և ներկայացնում էին հեղափոխականների հետ զրույցներն ու պայքարի տարիների հուշերը: Ի դեպ, որոշ ֆիլմեր պահ առ պահ ներկայացնում էին ժողովրդի և հեղափոխության ընթացքը:

Այդ ցուցակը գլխավորում էին հասարակական փաստագրական ֆիլմերը և դրանց որոշ մասը մեկնաբանում էին հասարակական վարքագծերը: Մոհամմեդ Ռեզա Ասլանու պատրաստած «Մանուկն ու չարաշահումը» և «Փոքրիկ հաց աշխատողները» այն ստեղծագործություններից են, որոնք անդրադառնում էին հասարակական խնդիրներին և անցյալում գոյություն ունեցող իրավիճակը մեկաբանում երեխաների դիտանկյունից: Այդ շարանը ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության կազմակերպության մի խումբ կինոբեմադրիչների աշխատանքի արդյունքն է, որոնք իրենց ստեղծագործություններում երեխաների կենցաղային պայմանները նկարագրելով փորձեցին քննադատական հայացք նետել հասարակությանը:

----------------------------

Բարեկամներ ավարտվեց մեր հաղորդմանը հատկացված ժամանակը: Հաջորդ շաբաթ կշարունակենք Իրանի փաստագրական կինոյի մասին մեր զրույցը: Մինչ այդ մնացեք խաղաղությամբ:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել