Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 05 Մարտ 2014 04:46

Իրանի ժամանակակից կինոն ( 51 )

Իրանի ժամանակակից կինոն ( 51 )

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: Ամենաբարին մաղթելով ձեզ սկսում ենք մեր հաղորդաշարի նոր համարը: Անցած շաբաթ խոսեցինք աշխարհում և Իրանում միստիկական կինոյի տարածման, ժամանակի ճաշակներին համապատասխանող և գրեթե ոչ-կրոնական միստիկական ֆիլմերի ձևավորման մասին: Եթե հիշեք ասացինք, որ աշխարհի այլ կետերի հետ միաժամանակ Իրանի կինոն նույնպես 1980-ական թվականներին հետզհետե հակվեց կինոյի այդ ժանրի կողմը և քիչ թե շատ միստիկական ու փիլիսոփայական կողմնորոշմամբ ֆիլմեր արտադրվեցին:

Այդ ստեղծագործություններից գլխավորը Դարյուշ Մեհրջուիի «Համուն»-ն էր, որը մեծ ուշադրության արժանի դարձավ: Ֆիլմը թե՛ համառ կողմնակիցներ ունեցավ և թե՛ այդտեղ արծարծված թեմաները լուրջ հակառակությունների դեմ առան: Սակայն Իրանի կինոյի պատմության քննարկումը պարզում է, որ այդ ֆիլմը գլխավոր ազդեցություն է ունեցել իրեն հաջորդած կինոյի ուղղության վրա: Այսօր շարունակելու ենք Դարյուշ Մեհրջուիի մյուս ֆիլմերի քննարկումը:

------------------------

Դարյուշ Մեհրջուին առանձնանում է Իրանի կինոյի վաստակավոր գործիչների մեջ, քանզի դեռ ակտիվ ներկայություն ունի այդ ասպարեզում և հաջողել է իր տաղանդը փորձել տարբեր ժանրերում և բազմատեսակ ֆիլմեր արտադրել:

Մեհրջուին 1990-ական թվականներին պատրաստում է քառյակ ֆիլմեր, որոնցից յուրաքանչյուրը կրում է մի կնոջ անուն և հատուկ դիտանկյունից է դիտում կանանց խնդիրները: Դրանց գլխավորում է «Բանու» ֆիլմը, որի մասին Մեհրջուին ասել է, թե դա անհատական պրպտումների արգասիք է և ներկայացնում է արևելյան միստիցիզմի փուլերի արդիականացված տեսակը: «Բանու»-ն միատեղելով արևելյան ու արևմտյան միստիցիզմները և արդիական հայացք ցուցադրելով նրա հանդեպ, հագեցած է բարդ ու անորոշ սիմվոլներով ու ակնարկներով, որոնք հիմք են ծառայում ֆիլմի մասին տարբեր ընկալումների համար:

Ֆիլմի գլխավոր հերոսը հատուկ սեր ունի արևելքի ժողովուրդների փիլիսոփայության հանդեպ և ֆիլմում ասվում է, թե այդ մասին խոր ուսումնասիրություններ է կատարել: Նա խորասուզված է փիլիսոփայական գրքերի ու աշխատասիրությունների մեջ և բարությամբ ու հոգատարությամբ մխիթարում է ուրիշներին: Սակայն ֆիլմի ավարտին հանգում է այն եզրակացության, որ չպիտի որևէ մեկի վստահել և զղջում է իր կատարածի համար: Իրականության մեջ ֆիլմի ավարտին պատկերվել է նման միստիցիզմների փակուղային վիճակում հայտնվելը:

«Սարան», «Փարին» և «Լեյլան» Մեհրջուիի հաջորդ ֆիլմերն են, որոնք առանցք դարձնելով մի կնոջ, նաև ակնարկում են արևելքի ու արևմուտքի միստիկական ու փիլիսոփայական հարցերին և մարտահրավեր են նետում հավատքի, անձնազոհության և անձուրացության հասկացություններին:

Աշխարհի կինոյում ֆեմինիզմի ու միստիցիզմի թեմաների տարածվելը և ժամանակակից հայտնի վեպերի վրա նման գաղափարների գործած ազդեցությունը ակամայից այդ թեմայի արծարծման համար հող են պատրաստում Իրանի կինոյում: Մեհրջուիի նման կինոբեմադրիչը, որ իր ստեղծագործությունների համար հիմք է ծառայեցնում հայտնի վեպերը, իր որոշ ֆիլմերում փորձում է միատեղել այդ գաղափարներն ու տեսությունները:

Մեհրջուիի ֆիլմերի կանայք մտավորական դաշտի վրա ձևավորվող իրենց հարաբերություններում փակուղու հանդիպած անձնավորություններ են: Մինչև իսկ կարելի է ասել, որ հաճախ նրանք կրավորական արարածներ են, որոնք ճամփի վերջում են գիտակցում պրպտման նշանակությունը: Այդ կանայք ապրում են մառախղապատ ու մշուշոտ միջավայրում, որը հագեցած է արևմտամետ գաղափարներով ու բուդիստական միստցիզմով: Նրանք իրականության մեջ զոհն են տղամարդկանց կողմից իրենց ներկայացված մակերեսային աշխարհի: Այդ ֆիլմերում պատկերված միջավայրը վերացական աշխարհ է, որը կիլոմետրներով հեռու է հատկապես Իրանում կանանց իրական աշխարհից և նրանք ինչ-որ կերպով տառապում են ինքնության բացակայությունից և մոլորությունից:

-----------------------------

Այդ ֆիլմերից հետո Դարյուշ Մեհրջուին պատրաստում «Տանձենին» ֆիլմը, որը շատերը համարում են Իրանի կինոյի պատմության գերազանց ստեղծագործություններից մեկը: «Տանձենին» Իրանական գրականությունից փոխառության հաջող օրինակ է, որը թեև առավելապես սիրոյ պատմություն է համարվում, սակայն չի շրջանցում նաև քաղաքական ու հասարակական հարցերը և նուրբ ակնարկներ է կատարում Իրանի պատամական ու քաղաքական իրադարձություններին:

Գրողը իր անավարտ գիրքը ավարտին հասցնելու համար վերադառնում է  պապենական այգին: Նա այնպիսի տպավորություն ունի, որ կորցրել է գրելու ձիրքը: Այգում մի տանձենի կա, որը ըստ այգեպանի չնայած տարված խնամքին պտուղ չի տալիս և պիտի ինչ-որ բան մտածել նրա մասին: Ֆիլմի ընթացքում հանդիսատեսը ընկերակցում է այգու և տանձենու մասին գրողի հիշողություններին և ուղևորվում է դեպի անցյալը: «Տանձենին» ֆիլմում կինոսցենարը, երաժշտությունը, նկարահանումն ու դերասանությունը գտնվում են կատարելիության գագաթնակետում: Ֆիլմը ոչ միայն ընդառաջվեց հասարակ հանդիսատեսի կողմից, այլև արժանացավ կինոքննադատների գնահատանքին:

«Տանձենին» իրականության մեջ այն մտավորականների պատմությունն է, որոնք անհատական կամ զգացական մղումներով մտնում են քաղաքականության ու պայքարի դաշտ ու երբ կորցնում են նախկին մղումն ու սերը, ունայնության են հասնում:

---------------------------

Մեհրջուին իր սերնդի սակավաթիվ կինոգործիչներից է, որը պահպանել է գրականության հետ իր կապերը և գրականության, փիլիսոփայության ու արվեստի բնագավառում ուսումանսիրությունների ու աշխատասիրությունների հեղինակ լինելուց բացի, նրա ստեղծագործություններից շատերը թեև ոչ լիարժեք հավատարմությամբ, գրական փոխառություններ են: Նրա կինոսցենարների համար հաճախ հիմք են ծառայել իրանցի ու արտասահմանցի հայտնի հեղինակների ստեղծագործություններ և գուցե Մեհրջուի կինոյի հարատևման գլխավոր պատճառաներից մեկն էլ  նույն այդ միատեղումը լինի, որը հազվագյուտ է իրանցի կինոգործիչների մոտ:

Հեղափոխության հաղթանակից հետո Մեհրջուիի փիլիսոփայական գաղափարները առավելապես իրենց դրսևորումն են գտել ընտանեկան հարաբերություններում: Մեհրջուիի մելոդրամաները հիմնված են բարդ իրավիճակների ու փորձությունների վրա, որի ընթացքում ստեղծագործության գլխավոր կերպարը ճակատագրական որոշում ու ընտրություն է կատարում: Դա վկայում է մարդկանց անհատականության վրա կինոգործչի հատուկ ուշադրության մասին: Նման մտածելակերպը, գրավիչ պատմության, կինոտեխնիկաների հմտորեն օգտագործվելու, ինչպես նաև մտածված ու ճիշտ դիալոգների հետ միասին ժողովրդային մեծ ընդառաջման են արժանացրել նրա որոշ ստեղծագործությունները՝ դրանց դասելով մեծ վարձույթ ապահոված ստեղծագործությունների շարքը:

Դարյուշ Մեհրջուիի կինոստեղծագործության ուղին հագեցած է եղել վայրիվերումներով: Ոմանք համոզված են, որ չնայած գրավիչ թեմային, նրա ստեղծագործություններից շատերի կառույցն աններդաշակ ու խառն է: Ոմանք էլ նրա ֆիլմերը համարում են միջակ, որը պարզունակ ոճով է ներկայացնում թմրամոլության կամ չքավորության պես հասարակական խնդիրները: Իհարկե ինչպես ասացինք Մեհրջուին նաև ունի փայլուն ու արժեքավոր ստեղծագործություններ: Հետաքրքիր կետն այն է, որ նրա վերջին ստեղծագործություններում ծայրահեղական լավատեսությունն ու ֆանտազիան իրենց ազդեցության տակ են առնում ամեն ինչ ու մինչև իսկ նկատելի է տրմաբանության սկզբունքների առանց պատճառի խախտումն ու որոշ կառուցվածքային անորոշություններ:

«Նարնջագույն համազգեստավորները» նրա այդ տեսակի ֆիլմերից է, որի հիմքում ընկած է շրջակա միջավայրի պահպանման գրավիչ թեման: Պատմության կաղապարում նման մտահղացման մշակումը հանդիսատեսին գրավելու համար պահանջում է ոչ-լոզունգային մթնոլորտ: Սակայն դժբախտաբար ֆիլմում չափից ավելի լոզունգային ու իդեալիստական թեմաների քննարկումը պատճառ է դարձել, որ հանդիսատեսը ոչ միայն անուշադրության մատնի ֆիլմի գլխավոր գաղափարը, այլև չանդրադառնա թե ֆիլմը հիմնականում ինչ է ուզում ասել:

------------------------------

 Մեհրջուիի վերջին ստեղծագործությունը «Ինչ լավ է, որ վերդարձար» հասարակական կոմեդիան է: Ֆիլմի պարզ պատմությունը ֆանտասիկ բնույթ է կրում և ներկայացվում է յուրահատուկ ոճով, որը նկատելի է նաև բեմադրիչի նախկին կոմեդիաներում:

«Ինչ լավ է, որ վերդարձար» ֆիլմը սկսվում է ուրախ մթնոլորտում՝ տարիներից հետո հայրենիք ու ընկերների միջավայր վերադարձած հին մի բարեկամի դիմավորմամբ: Ընտանեկան հյուրասիրությունները և անցյալի հուշերի արթնացումը տեղի են ունենում այդ ֆանտաստիկ և ուրախ մթնոլորտում և հանդիսատեսին ընկերակից են դարձնում իրենց:

Ֆիլմի ցուցադրումը մեծ ընդառաջման արժանացավ հանդիսատեսի կողմից, սակայն հանդիպեց կինոքննադատների լիարժեքորեն իրարից տարբեր հակազդեցություններին: Ոմանք դա համարում են հաջողած ստեղծագործություն, որը գեղեցիկ կերպով պատկերել է ուրախ օրերը թանկ համարելու և առիթները օգտագործելու վրա հիմնված փիլիսոփայությունը: Սակայն որոշներն էլ հավատացած են, որ Դարյուշ Մեհրջուիի այդ ֆիլմը պատրաստվել է կատարյալ անտրամադրվածության պայմաններում և ասես ինքը՝ կինոբեմադրիչը բավարարվելով իր նախորդ որոշ ֆիլմերի հաջողությամբ, ամուր ու ուժեղ կառույց ունեցող ֆիլմ չի պատրաստել:

Ամենայնդեպս այն ինչ ժամանակի ընթացքում մնայուն է դարձնում որևէ արվեստագետի աշխատանքը նրա գեղարվեստական ստեղծագործության մեջ դրսևորված գաղափարն ու մտածողությունն է, ինչը Դարյուշ Մեհրջուիի պարագային կարելի է ասել, որ տեղի է ունեցել նրա մի քանի ֆիլմերում և դրանց հավերժացրել է Իրանի կինոյի պատմության մեջ:

  

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել