Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 18 Սեպտեմբեր 2012 00:00

Չնայած բոլոր հասարակություններում ընտանիքը ներազդեցություն է գործում մարդկանց հոգևոր ու ֆիզիկական առողջության վրա, սակայն արևմուտքում ձևավորվող նոր ընտանիքները բազում սպառնալիքներ են դիմագրավում: Ներկայումս, արևմուտքում թուլացել է ընտանիքի դերը և ընտանիքի անդամները անտարբեր են իրենց պարտականությունների ու դերի նկատմամբ:

Ընտանիքը կարելի է հասարակական կարևորագույն կառույցը համարել: Եթե հասարակությունը տարբեր անդամներով մի մեծ մարմնի նմանեցնենք,  կինն ու տղամարդը այդ մարմնի գլխավոր անդամներն են, որոնք յուրաքանչյուրը ընտանիքում իրենց դերը ստանձնելով, նպաստում են հասարակության առողջությանն ու ակտիվությանը:

Իսկ անառողջ ընտանիքներով հասարակությունը, չի կարող առողջ լինելու հավակնություն ունենալ: Որովհետև հասարակության մեջ ծագող խնդիրների մեծ մասը անառողջ ընտանիքներից է ակունք առնում:

Ամերիկացի վարքաբան՝ Ֆոն Հադքինզը այսպես է ասում.«Ընտանիքը հասարակական միակ կառույցն է, որ պատմության ընթացքում գոյություն է ունեցել յուրաքանչյուր գյուղում, ցեղախմբում կամ ժողովրդի մոտ: Ընտանիքը գենետիկական և դաստիարակչական հիմք ունի մարդկային տարբեր ցեղերի համար»:

Ընտանիքը անձը և հասարակությունը կապող օղակն է հանդիսանում: Ֆրանսիացի լուսավորիչ, փիլիսոփա, գրող և մանկավարժ՝ Ժան Ժակ Ռուսոն իր գրություններում ընտանիքը բնական մի կառույց է համարում: Նա «Սոցիալական պայմանագիր» խորագրով գրքի նախաբանում գրել է.«Բոլոր հասարակություններում գոյություն ունեցող հնագույ բնական կառույցը ընտանիքն է»:

Այդպիսով, հասարակության մեջ ընտանիքի դիրքին և սերունդների մշակութային դաստիարակությանը ուշադրություն դարձնելով, օրենսդիրները և ծրագրավորողները պարտավոր են իրենց բոլոր քայլերի համար հիմք ընդունել ընտանիքի առողջությունն ու ամրապնդումը:

Հասարակագետների ու հոգեբանների մեծամասնությունը ընտանիքը հասարակության հիմքն է համարում և համոզված է, որ ընտանիքը խոր հետք է թողնում երեխաների վրա:

Նրանք այն համոզման են, որ ընտանիքում երեխայի դաստիարակման եղանակը այդ հասարակությանը հասկանալու և նրա մշակույթին ծանոթանալու բանալին է: Ամերիկացի հոգեբան` Աբրամ Կարդիները մեծ է համարում ընտանիքի դերը անհատականության ձևավորման հարցում և այսպես է ասում. «Յուրաքանչյուր հասարակության մարդկանց միջև կարելի է բնավորության ընդհանուր գծեր գտնել և այն գծերը, որոնք նրանց անհատականությունն են ձևավորում, ի հայտ են եկել հասարակական առաջին կառույցներում: Դրանք  հետագային արտացոլվում են մյուս շրջանակներում և իրենց հետքն են թողնում»:

Համենայն դեպս, արևմտյան հասարակությունում, ընտանիքը կորցրել է իր բնական գործունեությունը: Որոշ սոցիոլոգներ համոզված են, որ 20-ականներից ի վեր, արևմտյան ընտանիքը հետզհետէ դուրս է եկել իր ավանդական ձևից, որտեղ հայրն ու մայրը վերահսկողի և կարգավորողի դերում էին հանդես գալիս: Իրանցի հասարակագետ` դկտ. Շահլա Բաղերին գտնում է, որ այս փոփոխությունները աննախադեպ և արագ են տեղի ունենում ժամանակակից ընտանիքի պատմության ընթացքում և իրենց ազդեցությունն են թողել արդյունաբերական երկրների վրա: Արևմուտքում, ընտանիքի նոր ձևում, հայրն ու մայրը հավասար իրավունքներ ունեն և քանի որ եսակենտրոնությունը առանցք է հանդիսանում, յուրաքանչյուրը իր իրավունքների և հանգստության մասին է մտածում: Արևմուտքցի տղամարդը այնքան էլ սրտցավ չէ իր կնոջ և երեխաների նկատմամբ: Մայրը, ով սիրո առանցք է հանդիսանում և նրա գլխավոր դերը երեխաների դասիարակությունն է, սոցիալական և տնտեսական խնդիրներից ելնելով, դժվարանում է ճիշտ կատարել իր դերը: Ռութ Սիդելի և Վիլիամ Գարդների հետազոտության մեջ կարդում ենք. «ԱՄՆ-ում և Եվրոպական շատ երկրներում օրենք չկա ապրուստադրամի վճարման մասին, ուստի, մայրերը ստիպված են իրենց երեխաներին պահելու կողքին նաև աշխատել, ինչը կրկնակի հոգեկան ճնշում է պարտադրում կանանց»:

Գերմանացի գրող և դիվանագետ` Կարլ Շնայդերը այն համոզման է, որ Արևմուտքում ընտանիքի մասին օրենքը վերացրել է բարոյականությունը, որից մի օր կառչած էր ընտանիքը: Նա նշում է, թե ընտանիքը կենսական նշանակություն և որոշիչ դեր ունի կնոջ, տղամարդու և երեխաների հասարակական կյանքում և անհրաժեշտ է կազմակերպված հասարակության համար:

Չնայած բոլոր հասարակություններում ընտանիքը ներազդեցություն է գործում մարդկանց հոգևոր ու ֆիզիկական առողջության վրա, սակայն արևմուտքում ձևավորվող նոր ընտանիքները բազում սպառնալիքներ են դիմագրավում: Ներկայումս, արևմուտքում թուլացել է ընտանիքի դերը և ընտանիքի անդամները անտարբեր են իրենց պարտականությունների ու դերի նկատմամբ:

Այսօրվա ընտանիքում, մայրը անտարբեր է երեխաների և ամուսնու հանդեպ ունեցած իր պարտականությունների նկատմամբ: Հայրը նույնպես առավելաբար իր խնդիրներով ու զվարճանքներով է տարված և ընտանիքը նրա գլխավոր մտահոգություն չէ, ինչի արդյունքում մեծանում են արևմտյան հասարակության առջև ծառացած խնդիրները: Արևմտյան կապիտալիստական քաղաքականությունները նույնպես ընտանիքը փլուզման եզրին են կանգնեցրել: Այնպես որ մանկապարտեզները փոխարինում են հոր հովանավորչական և մոր դաստիարակչական դերին: Չնայած այսօրվա հասարակության մեջ, անխուսափելի է մանկապարտեզների գոյությունը, սակայն չի կարող հոր և մոր փոխարեն, հոգալ երեխայի հուզական կարիքները:

«Վելսլի»-ի քոլեջի երեխաների մասին ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար` Մարիոն Բլամը խիստ քննադատել է մանկապարտեզներում տիրող պայմանները: Նա համոզված է, որ 3-4 տարեկան և թեկուզ ավելի բարձր տարիքի երեխաների համար, ութ ժամ կամ ավելին ընտանիքից հեռու լինելը և մանկապարտեզում անցկացնելը շատ երկար ժամանակ է: Դրանով հանդերձ, Արևմուտքում շատ տարածված է երեխաներին մանկապարտեզ ուղարկելը:

Սոցիալական վնասների պատճառով, այսօր արևմուտքում, մեծացել է ընտանիքի անդամների դերը տանից դուրս և ընտանիքը պատմական ամենամեծ փոփոխության սեմին է կանգնել:

Ամերիկացի հանրահայտ սոցիոլոգ` Ալվին Թաֆլերը այն համոզման է, որ ապագայում, ընտանիքների փոխարեն, ժամանակավոր կապերի ականատեսը կլինենք:

Արևմուտքցի մտավորականները գտնում են, թե արևմտյան աշխարհում ընտանիքը փլուզման սեմին է կանգնած: Ամերիկացի գրող` Պատրիկ Ջեյ Բուքանան այպես է ասում. «Սեռական հեղափոխությունը կլանում է երեխաներին: Աբորտը, ամուսնալուծությունը, ծնելիության նվազումը, մեկ խնամատարով ընտանիքների ավելանալը, երիտասարդների ինքնասպանությունը, թմրանյութի օգտագործումը, երեխաների և ամուսինների նկատմամբ վատ վերաբերմունքը, սեռական սանձարձակ հարաբերությունները, բոլորը վկայում են այն մասին, թե ինչպես է այդ հասարակությունը մշակութային փոփոխության ենթարկվելով, փլուզվում»:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ սեկյուլարիստական, ումանիստական, լիբերալիստական և ֆեմինիստական կողմնորոշումների արդյունքում ժամանակակից ընտանիքը ճգնաժամի է մատնվել:

Անբարոյականությունը մեծ հարված է հասցրել ընտանիքին: Զանգվածային լրատվամիջոցները, իրենց բարոյազուրկ հաղորդումներով, ընտանիքը դեպի կործանում են տանում: Նկատի առնելով, այս բոլոր հանգամանքները, Արևմուտքում ընտանիքի ճգնաժամը պետք է տարբեր կողմերից ուսումնասիրել: Ուստի մեկ այլ հաղորդման ընթացքում, կներկայացնենք իսլամի հայեցակետով, ընտանիքի դերն ու նշանակությունը: Այս հաղորդաշարի ընթացքում, կփորձենք Ձեզ ծանոթացնել արևմտյան ընտանինքների առջև ծառացած մարտահրավերներին:

Երկուշաբթի, 24 Սեպտեմբեր 2012 11:11

Հաջող ընտանիքի ամենացայտուն օրինակներից է Ալի Էմիրապետի և Հազրաթ Ֆաթեմեի համատեղ կյանքը: Նրանց ընտանիքում բոլորը պատասխանատվություն էին զգում միմյանց երկրային ու երկնային կյանքի հանդեպ և միմյանց խրախուսում էին բարի գործերում:

Թանկագին բարեկամներ Ձեզ հետ ենք «Ընտանիքի ճգնաժամ` Արևմուտքում» հաղորդաշարի հինգերորդ թողարկմամբ: Այսօր կշարունակենք նախորդ զրույցը և կներկայացնենք ընտանիքի հիմքերի ամրապնդման մյուս առանցքները` իսլամի հայեցակետից: Ընկերակցեք մեզ:

*******************

Նախորդ զրույցում նշեցինք, որ ընտանիքի հիմքերի ամրապնդման գործոններից է ճիշտ շփվելը, որի համար անհրաժեշտ է կինն ու տղամարդը միևնույն վայրում ապրեն:

Ընտանիքի բնույթը, բարոյական միասնությունը և զույգերի միջև սիրային հարաբերությունը պահանջում են, որ նրանք միևնույն վայրում ապրեն: Իրանի նման երկրներում, որտեղ կարևորվում է ընտանիքի միասնականությունը, բացառությամբ որոշ դեպքերում, կինն ապրում է այնտեղ, ուր տղամարդն է բնակվում: Իհարկե ամուսինը պարտավոր է իր կարողության սահմաններում, հարմար վայր ընտրել բնակության համար: Իրավաբանների կարծիքով, եթե ամուսինները ցանկանան առանձին ապրել, չեն կարող կատարել իրենց ամուսնական պարտականությունները, դաստիարակել երեխաներին և կատարել իրենցմյուս հանձնառությունները և ընդհանրապես ընտանեական ջերմ մթնոլորտ չի ձևավորվելու:

Ընտանիքի հիմքերի ամրապնդման մյուս առանցքներից է զույգերի հավատարմությունը:

Ամուսինները պետք է խուսափեն սանձարձակ հարաբերություններից: Ղուրանում ասված է. «Հավատարիմ եղեք ձեր կնքած դաշինքին»: Ինչպես գիտեք, ամուսնական դաշինքը ամենասուրբ ու կարևոր դաշինքներից է: Ղուրանի որոշ այաներում ընդգծվել է, որ ընտանիքը պետք է պահպանել անծանոթ տղամարդու անմաքուր հայացքներից: Ղուրանը հավատացյալ տղմարդկանցից պահանջում է խուսափել ցոփ ու շվայտ կյանքից, իսկ կանանցից նույնպես պահանջում է լինել առաքինի ու մաքրակենցաղ, ծածկոց կրել և չցուցադրել անձնական գեղեցկությունը:

Ընտանիքի հիմքերի ամրապնդման մյուս գործոններից է ներողամտությունը: Համատեղ կյանքում լինում են պահեր, երբ զույգերից մեկը սխալ է թույլ տալիս: Ուստի ներողամտությունը անհրաժեշտ է միասնական կյանքում: Եվ դա առավել կարևոր է այն ընտանիքներում, որտեղ երեխաներ կան, որովհետև երեխաների սխալները ներելը անհրաժեշտ գործոն է նրանց դաստիարակման գործընթացում: Իսլամի մեծահարգ մարգարեն այսպես է ասում. «Ով ների մուսուլմանի սխալը, Աստված այն աշխարհում կների նրա մեղքերը»:

****************************

Ընտանիքի հիմքերի ամրապնդման կարևոր առանցք է կազմում երեխաների կրոնական ու բարոյական դաստիարակությունը: Իրականում այն հասարակությունն առաջընթաց կապրի, որտեղ լավ դաստիարակված կլինեն երեխաները:

Իսլամի մեծահարգ մարգարեն ասում է. «Լավ ու բարի մարդիկ դաստիարակեք ձեր զավակներին»:

Ամուսինները պարտավոր են հոգալ իրենց զավակների ֆիզիկական, հուզական ու բարոյական առողջության մասին: Դաստիարակչական հարցեր ուսումնասիրողները համոզված են, որ երեխաների դաստիարակման հարցում ծնողների համագործակցությունն ու միաբանությունը շատ մեծ արդյունք է տալիս: Իսլամը մեծ կարևորություն է տալիս երեխաների դաստիարակմանը: Այնպես որ Իսլամի մեծահարգ մարգարեն ասել է. «Ծնողների պարտականությունն է զավակների համար բարի ու պատշաճ անուն ընտրել, նրանց օգնել հասարակության մեջ հարմար դիրք զբաղեցնել և լավ դաստիարակել նրանց»:

«Նահջոլբալաղե»-ի գրքում, Ալի Էմիրապետը իր որդուն` Իմամ Հասանին իմաստուն խորհուրդներ է տալիս և նրան ու բոլորին սովորեցնում է ճիշտ կյանք վարել: Գրքում ասված է. «Երբ նկատեցի թե ծերանում ու տկարանում եմ, շտապեցի կտակ կազմել և քեզ ներկայացնել բարոյական արժեքները,… Նախքան որ տարվես երկրային հաճույքներով, քանի որ պատանու սիրտը նման է անցան հողի, ուր կարելի է ամեն տեսակի սերմ ցանել:

Ծնողների ու զավակների միջև փոխադարձ հարգանքը կարող է ջերմացնել ընտանեական մթնոլորտը մտերմություն առաջացնել ընտանիքում: Ընտանեական հարաբերություններում խորհուրդ է տրվում, յուրաքանչյուրի նկատմամբ արժանի վերաբերմունք ցուցաբերել: Երեխաների ու ամուսնու հանդեպ լինել սիրալիր և հարգել մեծերին:

Իսլամը զավակներին խորհուրդ է տալիս հարգել ծնողներին: Ղուրանում ասված է. «Մարդուց պահանջում ենք բարի լինել իր ծնողների հանդեպ: Մայրը նրան կրել է իր կրծքի տակ, դժվարությամբ ծննդաբերել  և այնունհետև կրծքով է սնուցել և դա տևել է երեսուն ամիս»: Եվ այդպիսով Աստված հիշեցնում է մոր տառապանքները ծննդաբերելու և երեխային խնամելու գործում: Աստված ծնողներին մեծարելը հավասարեցրել է իրեն փառաբանելուն և ասել է. «Փառաբանիր ինձ և ծնողներիդ, որովհետև բոլորդ դեպի ինձ էք վերադառնալու»:

Այդպիսով իսլամի հայեցակետով ճիշտ շփվելը, բարությունը, գթասրտությունն ու սերը, զոհողությունը, ներողամտությունն ու հարգանքը օրինակելի ու հաջող ընտանիքի նախադրյալներն են:

Հաջող ընտանիքի ամենացայտուն օրինակներից է Ալի Էմիրապետի և Հազրաթ Ֆաթեմեի համատեղ կյանքը: Նրանց ընտանիքում բոլորը պատասխանատվություն էին զգում միմյանց երկրային ու երկնային կյանքի հանդեպ և միմյանց խրախուսում էին բարի գործերում:

Ասվում է, թե Մուհամմեդ մարգարեն Հազրաթ Ֆաթիմայի և Ալի Էմիրապետի ամուսնությունից հետո, իր փեսային հարցնում է, թե «Ինչպեսի կին է Ֆաթիման» և նա պատասխանում է.«Ֆաթիման լավագույն ընկերն ու բարեկամն է Աստծուն երկրպագելու և փառաբանելու համար»:

************************************

Ինչպես նշեցինք, ընտանիքի հիմքերի ամրապնդման առանցքներից է զոհողությունն ու միմյանց օգնելը: Ալի Էմիրապետը, Ֆաթիման և նրանց որդիները՝ Հասանն ու Հոսեյնը և անգամ նրանց աղախինը՝ Ֆազեն ընտանիքի խնդիրները կարգավորելու համար երեք օր ծոմ պահեցին, իսկ իրենց բաժին սնունդը կարիքավորներին տվեցին: Այդ ընտանիքի անդամներն այն աստիճանի զոհաբերող էին, որ Աստված Ղուրանում բարձր է գնահատել նրանց և ասել է.«Նրանք իրենց ճաշը տալիս էին աղքատին, որբին ու գերուն»:

Հազրաթ Ալիի և Ֆաթիմայի համատեղ կյանքը լի էր սիրով, հոգատարությամբ, անկեղծությամբ, արժանապատվությամբ ու ներողամտությամբ: Նրանք երբեք տարաձայնություն չեն ունեցել, որովհետև իրենց կյանքը հիմնված է եղել իսլամի արժեքավոր ուսուցումների վրա: Նրանք բազմիցս պատմել են միմյանց նկատմամբ իրենց ճիշտ շփվելու, բարոյականության ու հավատարմության մասին:

Ալի Էմիրապետն ասում է. «Երդվում եմ Աստծուն, որ երբեք չեմ զայրացրել Ֆաթիմային և Ֆաթիման նույնպես չի զայրացրել ինձ…Նայելով նրան, մոռանում եմ վշտերս»:

Ընտանեական գործերում համագործակցելը այդ ընտանիքի օրինակելի քայլերից է համարվում: Ընտանիքի բոլոր անդամները համագործակցում էին տան բոլոր հարցերում: Մարգարեի խորհրդով, տնից դուրս աշխատանքները կատարում էր Ալին, իսկ տան հոգսերով զբաղվում էր Ֆաթիման: Համենայն դեպս, նրանք միմյանց օգնում էին տարբեր գործերում: Օրինակ Ալին երեխաներին էր պահում, Ֆաթիման հաց էր թխում, ցորեն էր աղում: Ալին Աստծո ճանապարհին պայքարի էր ելնում, վերքեր էր ստանում և Ֆաթիման բուժում էր դրանք: Ժամանակ է եղել, որ Ալին ստիպված է եղել իսլամի շահերից ելնելով, տանը մնալ, Ֆաթիման խիզախորեն պաշտպանել է նրա իրավունքները: Ընտանեական այդ ջերմ մթնոլորտում, Ալի Էմիրապետը մեծ հաջողություններ ունեցավ և Ֆաթիման օրինակելի դարձավ Աստծուն փառաբանելու, վիլայաթը պաշտպանելու, տնային տնտեսության և ամենակարևորը զավակների դաստիարակման հարցում:

Այսօր, ընտանիքի ճգնաժամի հետևանքով, հասարակության մեջ լարվածություններն ու խնդիրները մեղմելու համար, թվում է թե ճիշտ կլինի մարդիկ օրինակելի ու հաջողակ ընտանիքներին օրինակ ծառայեցնեն իրենց համար:

Երկուշաբթի, 24 Սեպտեմբեր 2012 11:05

Հավասարակշռված ու զարգացած ընտանիքում երևան է գալիս սերն ու գթասրտությունը: Աստված կնոջ և տղամարդու միջև սիրային հարաբերություն հաստատելով, նրանց խաղաղություն է պարգևում:

Թանկագին բարեկամներ, Ձեզ հետ ենք «Ընտանիքի ճգնաժամ՝ Արևմուտքում» հաղորդաշարի չորրորդ թողարկմամբ: Անշուշտ հիշում էք, որ նախորդ զրույցներում, խոսել ենք ընտանիքի բարոյական, դաստիարակչական, կրոնական, հոգևոր, զգացմունքային ու տնտեսական կողմերի նշանակության մասին:

Այսօրվա զրույցում, կխոսենք ընտանիքի ամրապնդմանը նպաստող որոշ գործոնների մասին: Ընկերակցեք մեզ:

********

Իսլամը հատուկ ուշադրություն է դարձնում ընտանիքի ամրապնդմանը: Ընտանիքի հիմքերի ամրապնդմամբ, ոչ միայն ընտանիքը կայուն ու կենսուրախ կդառնա, այլև ավելի քիչ խնդիրներ կծառանան հասարակության ու երկրի առջև:

Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ընտանիքի հիմքերի ամրապնդման մասին ասել է.«Երկրում, որտեղ ընտանեական հարաբերություններն ամուր են, խնդիրների մեծ մասը, հատկապես բարոյական խնդիրներ կամ չեն լինում, իսկ լինելու դեպքում, շնորհիվ առողջ ընտանիքների գոյության, շուտ կարգավորվում են»:

Ընտանիքի հիմքերի ամրապնդման ճանապարհներից է սերն ու գթասրտությունը: Դրանք երևան են գալիս հավասարակշռված ու զարգացած ընտանիքում: Աստված կնոջ և տղամարդու միջև սիրային հարաբերություն հաստատելով, նրանց խաղաղություն է պարգևում:

Իրականում, Ղուրանի հայեցակետով, ընտանեական հարաբերությունների համար հիմք են ծառայում բարությունն ու գթասրտությունը: Ղուրանում ասված է, որ Աստված ամուսինների միջև սեր է հաստատել, ուստի սերը Աստվածային պարգև է և զույգերը պետք է ձգտեն պահպանել աստվածային այդ արժեքավոր պարգևը: Ամուսնական դաշինքում, այրն ու կինը ամբողջ ոգով, ձգտում են իրար և միասնական ու միաբան են դառնում և իրենց կյանքը նվիրում են միմյանց:

***************************

Նշեցինք, որ ամուսնության համար հիմք է ծառայում կնոջ և տղամարդու միջև սերն ու բարեկամությունը: Սերն առաջին նախադրյալն է ամուսնության համար: Այսինքն, կողմերը նկատի են առնում միմյանց դրական կողմերը և ի սրտե սիրում են իրար: Նրանցից յուրաքանչյուրը մյուսի հանդեպ սերը պարգև է համարում Աստծո կողմից:

Սիրուց բացի, գթասրտությունը  նույնպես հիմք է ծառայում ամուսնության համար, որին անդրադարձ կա Ղուրանում: Իրանցի երևելի հոգևորական՝ Այաթոլլահ Նասեր Մաքարեմ Շիրազին ասում է.«Սերը սովորաբար փոխադարձ է լինում, իսկ գթասրտությունը զոհողություն է և միակողմանի է լինում»: Ամուսնության սկզբում կարևորվում է սերը, սակայն համատեղ կյանքը շարունակվելով , հատկապես ծերության տարիներին, երբ կինը կամ տղամարդը տկարանում են և այլևս չեն կարողանում որևէ ծառայություն մատուցել, գթասրտությունը կարող է ամուր պահել զույգերի միջև կապը և երաշխավորել նրանց անվտանգությունն ու խաղաղությունը: Օրինակ, երբ համատեղ կյանքում, ամուսիններից մեկը տկարանում է կամ ինչ-որ կարիք է զգում, մյուսը կարեկցությամբ ու զոհողությամբ է խնդրին մոտենում, մտածելով թե իր ամուսինը մարդ է և մարդը կարող է պակասավոր լինել: Ուստի փորձում է բարությամբ ու սիրով վերաբերվել նրան և օգնել նրա խնդրի վերացմանը, հակառակ դեպքում, նրան այդպես է ընդունում և անտեսելով նրա թերությունը, շարունակում է կյանքը նրա կողքին:

Ակնհայտ է, որ գթասիրտ լինելու համար, կինը կամ տղամարդը պետք է նկատի առնի իր ամուսնու ցանկություններն ու կարիքները և ինչ իր համար է ցանկանում, նույնն էլ պետք է ցանկանա իր ամուսնուն և միշտ պետք է հոգատար լինի նրա երջանկության ու հանգստության մասին: Ամուսնության դաշինքը ամենաամուր դաշինքներից է իսլամում, որի համաձայն, այրն ու կինը խոստանում են ինչպես ուրախության, այնպես էլ նեղության պահերին լինել միմյանց կողքին և թև ու թիկունք դառնալ իրար:

Այսպես է մեկնաբանում իսլամն ամուսնական հարաբերությունները: Նման ընտանիքն է վայել մարդուն և ապահովում է նրա մարմնական, բարոյական, երկրային ու երկնային երջանկությունը: Եթե ընտանիքը հիմնված լինի սիրո, բարության ու գթասրտության վրա, ջերմ կլինի ընտանեական մթնոլորտը և ընտանիքը հեռու կլինի ամուսնալուծությունից ու քայքայումից:

***************************

Ընտանիքի հիմքերի ամրապնդման առանցքներից է ճիշտ շփվելը: Իսլամի հայեցակետով, ամուսինները ընտանիքի հիմքը ամուր պահելու համար, պարտավոր են լավ ու բարի հարաբերություններ ունենալ: Աստված Ղուրանում այսպես է ասում.«Արժանի վերաբերմունք ցուցաբերեք ձեր ամուսինների նկատմամբ»:

Արժանի է նշանակում բարոյական սահմաններում գտնվող այն խոսքը կամ արարքը, որ ընդունված է բոլորի կողմից: Ընտանեական կյանքում արժանի է նշանակում ամուսնու նկատմամբ սիրալիր վերաբերմունքը: Ամուսիները պետք է միմյանց նկատմամբ զոհաբերող ու գթասիրտ լինեն, սակայն չպետք է զրկվեն ինքնուրույն մտածելու և ֆինանսական անկախության իրավունքից:

Իսլամի մեծահարգ մարգարեն ասում է. «Կինը երբեք չի մոռանում ամուսնու կողմից ասված` «սիրում եմ քեզ» արտահայտությունը և ամուսինը կնոջը նվերներ ընծայելով, կինն ավելի պարկեշտ ու մաքրակենցաղ է դառնում»: Ուստի իսլամն ընդգծում է, որ ամուսինները պետք է տարբեր ձևերով իրենց սերն արտահայտեն միմյանց նկատմամբ:

Անշուշտ ընտանիքի կենսուրախությունը կախված է աշխույժ կնոջ ներկայությունից, սակայն կնոջ զվաթությունը կախված է ամուսնու սիրուց: Կինը որպեսզի կարողանա սիրով լցված, զբաղվել ընտանիքի հոգսերով, ամուսնու սիրո կարիքն ունի : Իսլամի մեծահարգ մարգարեի տոհմից սերող Իմամ Սադեղն ասում է. «Մարդը որքան շատ է վայելում իր ամուսնու սերը, նույնքան մեծանում է նրա հավատքը»:

Իսլամի հայեցակետով, կինը ծաղկի է նմանում, որ խնամքի կարիք ունի: Ալի Էմիրապետն ասել է. «Կինն անուշահոտ ռեհան է»:

Եվ իրոք կինը ծաղկի է նմանում, որ սիրառատ այգեպանի գուրգուրանքի կարիքն ունի, որը նրան խնամելով կվայելի նրա գեղեցկությունը և հոգին կթարմանա:

Նահատակ Մորթեզա Մոթահարին կնոջը սիրելու մասին այսպիսի գեղեցիկ արտահայտություն ունի: Նա ասել է. «Տղամարդը լեռների, կինը աղբյուրի և երեխաները ծաղիկների ու բույսերի են նմանում: Աղբյուրը լեռներից անձրև ստանալով, զուլալ ջրով հագեցնում է ծաղիկներին ու բույսերին: Ուրեմն ինչպես դաշտերը գոյատևում են լեռնային անձրների շնորհիվ, այնպես էլ ընտանեական կյանքը գոյատևում է կնոջ նկատմամբ ամուսնու սիրո արդյունքում և այդպիսով բոլորը զվարթ ու կենսուրախ են դառնում ընտանիքում»:

Երկուշաբթի, 24 Սեպտեմբեր 2012 10:59

Իսլամը ամուսնության նպատակի իրագործման և ընտանիքի հիմքերի ամրապնդման համար կարևորում է հավատքն ու բարոյականությունը: Աստվածային այս կրոնը նրանց, ովքեր ամուսնության մտադրություն ունեն, խորհուրդ է տալիս նկատի առնել իրենց ամուսնու կրոնն ու բարոյականությունը:

Ընտանեական մթնոլորտում մարդն այն ժամանակ է անդորր գտնում, երբ ընտանիքի անդամների միջև կապերը ամուր են լինում: Այս հաղորդաշարի երրորդ համարում, կքննարկենք ընտանիքի կրոնական, բարոյական և դաստիարակչական կողմերը:

Ընկերակցեք մեզ:

********************

Յուրաքանչյուր հասարակության երջանկությունն ու առողջությունը, ընդհանուր առմամբ, կախված է ընատնիքների վիճակից և այր ու կին, ծնող-զավակներ հարաբերությունների որակից: Որքան առողջ ու մաքուր են ընտանիքի անդամների միջև հարաբերությունները, ավելի քաղցր է լինելու կյանքը և զավակները ավելի կախված լինելով ընտանիքից, հեռու կմնան հասարակական արատներից:

Իսլամը ամուսնության նպատակի իրագործման և ընտանիքի հիմքերի ամրապնդման համար կարևորում է հավատքն ու բարոյականությունը: Աստվածային այս կրոնը նրանց, ովքեր ամուսնության մտադրություն ունեն, խորհուրդ է տալիս նկատի առնել իրենց ամուսնու կրոնն ու բարոյականությունը:

Ասվում է, թե մի մարդ ամուսնության հարցով խորհուրդ ստանալու համար, դիմում է իսլամի մեծահարգ մարգարեին: Մոհամմեդ մարգարեն նրան ասում է.«Ամուսնացիր հավատացյալ կնոջ հետ, որպեսզի բազում բարիքների արժանի դառնաս»:

Հավատացյալ ու բարեպաշտ լինելը իսլամում կարևորվում է երջանկության հասնելու և ամուսին ընտրելու համար: Այդ իսկ պատճառով, իսլամը հավատացյալ կանանց ու տղամարդկանց արգելում է ամուսնանալ անհավատ անձանց հետ, որովհետև բարոյական արժեքների հիմքը հավատքն է հանդիսանում: Մարդը, ով ոչ մի կրոնի չի հետևում, չի կարող այնքան էլ հավատարիմ լինել բարոյական արժեքներին: Ակնհայտ է, որ անհավատ մարդը չի հարգում իր արարչի իրավունքները, ուստի ինչպես կարող է համատեղ կյանքում հարգել իր կենակցի իրավունքները:

Իսլամի մեծահարգ մարգարեն ամուսնանալ ցանկացող տղամարդկանց խորհուրդ է տալիս, կնոջ գեղեցկությունը չգերադասել նրա հավատքից:

Համատեղ կյանքը համատեղ ցանկություններ է պահանջում: Երկու տարբեր մտածելակերպով մարդիկ չեն կարող հաջող համատեղ կյանք ունենալ: Երբ զույգերը համակարծիք չլինեն արարչի կամ կրոնական ուսուցումների նման կարևոր հարցերում, չեն կարող խաղաղ կյանքով ապրել: Ուստի իսլամը նույն կրոնին հետևելը կարևորում է հաջող ամուսնության համար:

Բացի այդ, որքան ամուր է ընտանիքի անդամների, հատկապես զույգերի միջև բարոյական ու հոգևոր կապը, նույնքան նրանք ավելի երջանիկ են զգում իրենց: Ընտանիքն ու բարոյականությունը ներազդեցություն են գործում միմյանց վրա: Որքան ընտանիքում համերաշխություն ու փոխհամաձայնություն տիրի, նույնքան այդ ընտանիքը ամուր կլինի: Այնպես որ ընտանիք կազմելը նպաստում է բարոյական արժեքների ամրապնդմանը: Իսլամի մեծահարգ մարգարեն ասում է. «Ընտանիք կազմելով, այրն ու կինը ավելի լավ բնավորության տեր են դառնում»:

Աղջիկն ու տղան, որ մինչ ամուսնանալը ծնողների սիրառատ գրկում են եղել, կյանքում ոչ մի դժվարություն չեն տեսել և որևէ պարտականություն չեն ունեցել, ամուսնանալուց հետո, նոր պարտականություններ ստանձնելով, դժվար կացության մեջ են հայտնվում: Նրանք նաև սովորում են հանուն ընտանիքի անցնել անձնական շահերից և այդպիսով պատասխանատու և զարգացած մարդ են դառնում: Հորգևոր առաջնորդները գտնում են, որ ամուսնանալով մարդը վեհանձն ու մեծահոգի է դառնում, որովհետև ընտանիք կազմելով, մարդիկ սովորում են, որ պետք է համբերատար, ներող, անձնազոհ ու սիրալիր լինեն:

Իսլամը ընտանիքի հիմքերի ամրապնդման և ամուսինների միջև լավ հարաբերությունների հաստատման համար խորհուրդ է տալիս հարգել բարոյական արժեքները: Իսլամը ամուսնությունը այր ու կնոջ միջև սրբազան պայման է համարում, որի կարևորագույն նպատակը մարդկային կարիքների ապահովումն ու զույգերի հոգեկան անդորրն է: Ղուրանում ասված է. «Աստված ձեզ համար ամուսին ստեղծեց, որպեսզի նրա կողքին խաղաղություն գտնեք և ձեր միջև սեր ու միասնություն սերմանեց»:

Ամուսինները չպետք է միմյանց թերությունները հայտնեն օտարներին: Ղուրանն այսպես է ասում. «Կանայք ձեզ համար, իսկ դուք նրանց համար հագուստ էք»:

Հագուստը իր մեջ է առնում մարդու իրանը` բոլոր թերություններով ու գեղեցկություններով և նրան պաշտպանում է ցրտից, շոգից և վտանգներից: Հագուստը մարդուն գեղեցկացնում է և թագցնում է արատները: Հագուստը շատ մոտ է մարդուն և նրա նախնական կարիքներից է  համարվում: Այրն ու կինը պետք է միմյանց համար հագուստի պես լինեն և միմյանց ընդունեն բոլոր թերություններով ու առավելություններով: Նրանք պետք է միմյանց պաշտպան լինեն, ավելացնեն գեղեցկությունները և թագցնեն միմյանց արատները, կարևոր է նաև գաղտնապահությունը: Այսպիսին է իսլամի կարծիքը ընտանեական հարաբերությունների մասին:

Հավատացյալ ու բարեպաշտ մարդը արժանի է սիրառատ ընտանիք ունենալ, որը թե այս և թե հավիտենական կյանքում, կապահովի նրա հոգեկան ու ֆիզիկական երջանկությունը: Եթե ընտանիքը հիմնված լինի հավատքի, սիրո, բարոյականության ու գթասրտության վրա, ապա ընտանեական մթնոլորտը ջերմ կլինի և այդ ընտանիքը հեռու կլինի տարաձայնություններից ու ամուսնալուծության վտանգից:

Իսլամը կարևորում է ընտանիքի դաստիարակչական նշանակությունը: Ընտանիքը կրթության ու դաստիարակման ուսումնարան է: Ծնողները ուսուցիչներ են, որ առանց գրքի ու դասարանի, օրինակ են հանդիսանում իրենց զավակների վարքերի համար: Հայրերն ու մայրերը մի կողմից ընտանեական ու հասարակական վարք ու բարքի պաշտպանն են, իսկ մյուս կողմից երեխաներին պատրաստում են կյանքի համար: Երեխաները իրենց կյանքի առաջին տարիներին, ծնողներից սովորում են սիրել, զոհողություն, քաջություն, անկեղծություն, բարություն և մարդկային այլ հատկանիշները:

Մարդկային հասարակությունը կազմվել է ընտանիք կոչվող փոքր միավորներից և երբ այդ փոքր միավորները ճիշտ ղեկավարվեն, հասարակությունը նույնպես հեռու կլինի արատներից: Սուրբ Ղուրանում նշված է, որ ընտանիքը մարդու դաստիարակման կարևորագույն և առաջին կենտրոնն է հանդիսանում և ծնողների պարտականությունն է դաստիարակել երեխաներին:

Իսլամում հատկապես մեծ է կանանց դերը զավակների դաստիարակման հարցում: Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն այն համոզման է, որ կանանց հարցը շատ կարևոր է, որովհետև մեծ է նրանց պարտականությունը: Նա նշում է, թե մայրը գիտակցաբար, թե անգիտակցաբար իր վարք ու բարքով երեխային է փոխանցում իր հասարակության մշակույթը, քաղաքակրթությունն ու բարոյական արժեքները:

Իսլամի տեսակետից, հայրը նույնպես պետք է ընտանիքի անդամներին հեռու պահի արատներից: Հոր պարտականությունը ընտանիքի անդամների առօրյա ծախսերի մասին հոգալուց բացի, նրանց հոգևոր սննդով զբաղվելն է:

Աստված Ղուրանում ասել է. «Ով հավատացյալներ, ձեր ընտանիքի անդամներին հեռու պահեք կրակից, որի մեջ վառվում են մարդիկ ու քարեր»:

Իսլամի մեծահարգ մարգարեն այդ մասին ասել է. «Գիտցեք, որ բոլորդ պահապաններ էք և պատասխանատու էք նրանց դիմաց, ում պաշտպանում էք: Տղամարդը իր ընտանիքի անդամների պաշտպանն է և պատասխանատու է նրանց առջև: Կինը նույնպես պատասխանատու է ամուսնու տան և երեխաների նկատմամբ: Իմամ Ալին նույնպես այդ այան պարզաբանելով ասել է. «Ղուրանը մարդկանց ուսուցանում է բարի լինել և երեխաներին նույնպես բարություն սովորեցնել»:

Երկուշաբթի, 24 Սեպտեմբեր 2012 10:58

Հակառակ որոշ կրոններին ու գաղափարախոսություններին, իսլամը որպես իրատես կրոն, չի ցանկանում ճնշել սեռական բնազդը, այլև այն ճիշտ ուղղությամբ առաջնորդելով, աստվածատուր այդ բնազդը ծառայեցնում է մարդու հոգեկան ու ֆիզիկական առողջությանը:

Ընտանիքը առաջին և կարևորագույն հասարակական կառույցն է համարվում: Այդ փոքր կառույցը յուրաքանչյուր մեծ հասարակության հիմքն է հանդիսանում: Հասարակության հաջողությունները կամ անհաջողությունները առաջին հերթին ընտանիքից են կախված: Իսլամում ոչ մի կառույց ընտանիքի չափ մեծ նշանակություն չունի, այդ իսկ պատճառով, իսլամը կարևորում է ամուսնությունը, ընտանեական հարաբերությունները և դրանց գոյատևումը:

Ընտանիք կազմելը խրախուսվում է իսլամի մեծահարգ մարգարեի կողմից, որովհետև այն մեծ նշանակություն ունի մարդկային կարիքների բավարարման հարցում: Այս հաղորդաշարի երկրորդ զրույցի ընթացքում, կքննարկենք ընտանիքի նշանակության տարբեր կողմերը: Ընկերակցեք մեզ:

***************************

Ամուսնությունը և ընտանիք կազմելը յուրաքանչյուր անհատի կյանքի կարևորագույն դեպքերից է և մեծ դեր ունի նրա ճակատագրում և երջանկության մեջ: Ընտանիք կազմելը մարդկային կարիք է, որի օգնությամբ մարդիկ կարող են կատարելագործվել ու զարգանալ:

Անշուշտ, հասարակության մեջ, ամենակարևոր և ամենազգայուն հարաբերությունները, ամուսնական հարաբերություններն են, որի ընթացքում երկու հոգի իրենց կյանքի լավագույն տարիները միասին են անցկացնում և երեխաների դաստիարակմամբ, ձևավորում են ապագա հասարակությունը: Իրականում, ամուսնությամբ, բավարարվում են մարդու հուզական, հասարակական, տնտեսական, սեռական և դաստիարակչական կարիքները և մարդը հոգեկան անդորր է գտնում:

Մարդը տարբեր բնազդներ ունի, որոնցից ամենակարևորագույնը սեռական բնազդն է: Ակնհայտ է, որ այդ կարիքը ժամանակին չբավարարվելու դեպքում, վտանգավոր հետևանքներ են սպասվելու, որոնցից կտուժեն անձն ու հասարակությունը: Նահատակ Մոթահարին սեռական բնազդի մասին իսլամի հայեցակետը բացատրելով, ասում է. «Իսլամի տեսանկյունից սեռական ցանկությունը ոչ միայն չի հակասում բարոյականությանը, այլև մարգարեների վարք ու բարքի մասն է կազմում: Իսլամի մեծահարգ մարգարեն ցանկալի քայլ է համարել ամուսնությունը և պախարակել է ճգնակեցությունը»:

Ուստի հակառակ որոշ կրոններին ու գաղափարախոսություններին, իսլամը որպես իրատես կրոն, չի ցանկանում ճնշել սեռական բնազդը, այլև այն ճիշտ ուղղությամբ առաջնորդելով, աստվածատուր այդ բնազդը ծառայեցնում է մարդու հոգեկան ու ֆիզիկական առողջությանը:

Իսլամի իմաստալից ուսուցումները մարդկանց խրախուսելով ամուսնանալ և ընտանիք կազմել, մարդկային այդ բնազդը ծառայեցնում են հասարակական կյանքի հիմքերի ամրապնդմանն ու գոյատևմանը: Բացի այդ, ընտանիք կազմելով, ոչ միայն բավարարվում է մարդու բնազդը, հասարակությունը նույնպես մաքուր ու անարատ է մնում: Ի վերջո, իսլամի հայեցակետով, ամուսնությունը ծննդաբերության, երեխաների դաստիարակման և մարդու գոյության պահպանման միջոց է, ինչը իրականում մարդու անտրոհելի մասնիկը և գոյության շարունակությունն է:

Ընտանիք կազմելը նաև տնտեսական նշանակություն ունի: Իսլամում, կնոջ և երեխաների ապրուստի մասին հոգալը տղամարդու պարտականությունն է: Ղուրանում ասված է. «Կանանց կարիքները ապահովելու համար, տղամարդիկ պատասխանատու են նրանց նկատմամբ»: Ապրուստադրամ նշանակում է կանանց բոլոր կարիքների, այդ թվում հագուստի, սննդի, կահույքի, բուժման ու առողջապահական և այլ ծախսերի գումարը, որոնց ապահովումը ամուսնու պարտականությունն է:

Կնոջ պարտականությունների մեջ չի մտնում ընտանիքի տնտեսական կարիքների մասին հոգալը, որովհետև կինը լավագույնս կարող է գոհացնել ընտանիքի անդամների հուզական ու զգացմունքային կարիքները: Ուստի ավելի լավ է կանայք ընտանիքի ֆինանսական կարիքներն ապահովելու մտահոգություն չունենան, որպեսզի խաղաղ մթնոլորտում կատարեն իրենց պարտականությունները:

Իսլամի հայեցակետով, ընտանիք կազմելը խթանում է տնտեսական ոլորտում առաջադիմությանը: Տանը աշխատելուց բացի, կինը կարող է նաև արտատնային  աշխատանքներով զբաղվել: Փորձը ցույց է տվել, որ ամուսնացած մարդը ավելի շատ խնայողություն է կատարում, որպեսզի կարողանա ապահովել իր և ընտանիքի կարիքները: Պարզվել է նաև, որ ամուսնացած մարդը խորհելիս ավելի շատ է նկատի առնում տնտեսական կողմերը: Պատմել են, թե մի օր, մի ամուրի երիտասարդ օգնություն ստանալու համար դիմել է իսլամի մեծահարգ մարգարեին: Մարգարեն նրան հարցնում է. «Արդյոք ամուսնացած ես»: Երիտասարդը պատասխանում է. «Ոչ»: Մարգարեն երիտասարդին խորհուրդ է տալիս ամուսնանալ, որպեսզի կյանքում նրա առջև դռներ բացվեն: Երիտասարդը այդպես էլ վարվում է և այդպիսով նյութապես ապահովվում է նրա կյանքը:

Ակնհայտ է, երբ մարդը ընտանիքի պատասխանատվություն է ստանձնում, ապրուստը հոգալու և իր ու ընտանիքի անդամների կարիքները ապահովելու համար, ավելի շատ է աշխատում:

Ղուրանում ասված է. «Ամուսնացրեք ամուրի կանանց ու տղամարդկանց և առաքինի ծառաներին ու աղախիններին: Եթե նրանք աղքատ են, Աստված իր առատաբաշխությամբ, նրանց անկարիք կդարձնի, քանզի Աստված իմաստուն ու առատաշնորհ է»:

Ընտանիք կազմելու մյուս գլխավոր պատճառը մարդու հոգեկան ու հուզական կարիքների բավարարումն է: Ընտանիքում խաղաղ մթնոլորտ տիրելով, զարգանում է մարդու ներաշխարհը: Առանց ընտանիքի մեծացող կամ ընտանիքի կողմից չհովանավորվող երեխաները սիրո պակաս են զգում: Ընտանիքից զուրկ կանայք ու տղամարդիկ ավելի հավանական է հոգեկան խանգարումներ ունենան կամ հասարակության մեջ սխալներ թույլ տան:

Իսլամի հայեցակետով, ամուսնությունը հոգեկան անդորր է առաջացնում զույգերի մոտ: Սուրբ Ղուրանը պատշաճ կերպով անդրադարձել է այդ հարցին և հայտնում է, թե. «Աստված ձեզ համար ամուսին ստեղծեց, որպեսզի նրա կողքին խաղաղություն գտնեք և ձեր միջև սեր ու միասնություն սերմանեց, այդտեղ նշաններ կան այն խմբից, որը խորհում է»:

Այդպիսով Սուրբ Ղուրանը տղամարդու և կնոջ արարումը և նրանց միջև սիրո կապ հաստատվելը Աստծո զորության ու իմաստության նշաններից է համարում և ամուսնության բազում առավելությունների միջից անդրադառնում է ֆիզիկական ու հոգեկան խաղաղությանը: Դա նրանից է բխում, որ այրն ու կինը լրացնում և հոգեկան բերկրանք են պատճառում միմյանց, այնպես որ նրանցից յուրաքանչյուրը առանց մյուսի թերի է: