Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 06 Ապրիլ 2016 10:42

Մոգերինին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին բանակցությունների կոչ է արել

Մոգերինին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին բանակցությունների կոչ է արել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ապրիլի 5-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ զրույցի ժամանակ կոչ է արել նրանց անհապաղ թուլացնել Լեռնային Ղարաբաղում լարվածությունը եւ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմի պահպանման մասին համաձայնագիրը։ Այս մասին ասված է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բարձրագույն ներկայացուցիչը կոչ է արել անհապաղ թուլացնել բռնությունը, դադարեցնել քաղաքացիական անձանց դեմ գործողությունները եւ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։ Բարձրագույն ներկայացուցիչը հիշեցրել է, որ լայնածավալ հակամարտության մեջ ոչ ոք շահագրգռված չէ։ Հակամարտությունը համապարփակ եւ խաղաղ լուծում է պահանջում եւ ոչ թե ռազմական»,- հայտնում են ծառայությունից։

Բանակցությունների ընթացքում Մոգերինին նաեւ հիշեցրել է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ի եւ երեք համանախագահների ջանքերին։

Նա կողմերին կոչ է արել վերականգնել հակամարտության համապարփակ կարգավորման բանակցությունները։ «Այդ ենթատեքստում բարձրագույն ներկայացուցիչը նշել է, որ բոլոր կողմերը պետք է անեն հնարավոր բոլոր քայլերը հաջող բանակցություններին համապատասխանող պայմաններ ստեղծելու համար՝ խուսափելով գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են վատթարացնել առանց այն էլ բարդ վիճակը»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Մոգերինին եւ ԵՄ՝ տարածաշրջանում հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերը կշարունակեն անձնական կապ պահպանել ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ։

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել