Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 30 Հունվար 2015 21:00

Սուրբ Սարգիս . Երիտասարդներին արագահաս բարեխոս սուրբ

Սուրբ Սարգիս . Երիտասարդներին արագահաս բարեխոս սուրբ

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Սուրբ Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին` ունի 35-օրվա տեղաշարժ: Այս տարի տոնը նշվելու է փետրվարի 4-ին: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:

Ս. Սարգիս Զորավարի տոնը ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակվել է նաև սիրո և երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգսին անվանում են նաև «Արագահաս Սուրբ», քանի որ, այն միշտ օգնել է կարիքավորներին, սեր ու երջանկություն փնտրողներին:

Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը:

Աղքատ աշուղը սիրում է մի մեծահարուստի աղջկա: Վերջինս ևս սիրում է նրան, բայց աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ: Աշուղը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ սիրահարված երիտասարդը իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը կարող է ամուսնանալ հոր ցանկությամբ: Յոթ տարի շարունակ աշխատելով աշուղը կարողություն ստեղծեց և տունդարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքներով և խոչընդոտներով: Թվում էր, թե աշուղը չի հասնի իր սիրած էակին:Այդ ամենից դրդվաց նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս.Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությանը: Ս.Սարգիսը լսելով սիրահարված աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ, իսկույն հայտնվում է, աշուղին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում տեղ: Աղջկա հայրը, տեսնելով աշուղի անկոտրուն կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:

Այս տոնի մասին շատ ավանդույթներ կան, դրանցից մեկը կապված է աղի բլիթի ու փոխինդի հետ: Տոնին նախորդող գիշերը, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես ճանաչել իրենց կյանքի կողակցին, աղի բլիթ են ուտում: Քահանայի մեկնության համաձայն, գիշերը, Սուրբ Սարգսի հովանավորությամբ, երազում այդ անծանոթը պետք է ջուր առաջարկի: Եթե աղի բլիթ ճաշակողը խմում է այդ ջուրը, ուրեմն, անպայման գտնում է իր «երկրորդ կեսին»: Մեկ այլ ավանդության համաձայն, տան երիտասարդները երդիկին կամ պատուհանին դնում են փոխինդով լի ափսեն ու եթե Սուրբը գիշերը այցելում է ու իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու նալի հետքը թողնում է ափսեի մեջ, նշանակում է այդ տարի տվյալ տանը հարսանիք է լինելու:

Ազգագրագետ Սամվել Մկրտչյանի խոսքով, այս ավանդությունները ժամանակի ընթացքում փոխանցվում են տան մեծ կնոջ` մեծ մամիկի կողմից: «Մեր հասարակությունում մշակույթն ու ավանդությունը պահողն ու փոխանցողը կանայք են, դրա համար էլ աղի բլիթն ու փոխինդը նրանք են պատրաստում»,-ասաց նա: Ազգագրագետի հավաստմամբ տոնի հետ կապված բազմաթիվ ծեսեր ու ավանդույթներ կան, սակայն մեծ մասսայականություն են վայելում վերը նշվածները: «Սուրբ Սարգսի տոնը մեր հասարակությունը այսպես միահամուռ կերպով նշում է վերջին մի քանի տարիների ընթացքում: 50-70-ներին այս տոնը գրեթե չէր նշվում: Ազգագրագետի հավաստմամբ, այն սկսեց մասսայականություն վայելել 1999 թվականից հետո:

Այս տոնը նշվում է նաև այլ ազգերի մոտ, օրինակ` քրդերի մոտ այն անվանվում է «Խդր Նաբի», ասորիները կոչում են «Մար Սարգիս» (մարը նույնպես սուրբ է նշանակում): Իսկ ռուսներն այս տոնը կոչում են «Մարսեգուլիոս»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել