Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 03 Մարտ 2014 14:33

Մեծ Պահք. Ի՞նչ է պահքը

Մեծ Պահք. Ի՞նչ է պահքը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն յուրաքանչյուր Մեծ կամ Տաղավար տոնից առաջ պահեցողական շրջան է սահմանված: Այս պահքերից ամենահայտնին, թերևս, «Մեծ» կամ «Քառասնորդական» անվանված պահքն է: Այն «Մեծ» է անվանվում ոչ միայն այն պատճառով, որ երկար տևողություն (49 օր) ունի, այլ նաև այն պատճառով, որ նախորդում է Քրիստոնեության առանցքը հանդիսացող Սուրբ Հարության տոնին:

 

Այս տարի Մեծ Պահքը սկսվում է մարտի 3-ին և տևում մինչև ապրիլի 20-ը:

 

Ողջ Պահքի շրջանում ծիսական բոլոր շքեղությունները վերանում են, ավելի համեստ են դառնում հոգևորականների զգեստները: Արարողությունների ժամանակ դադարեցվում է քշոցների հնչումը (քշոցների ձայնը խորհրդանշում է հրեշտակների երգեցողությունը): Սուրբ Պատարագը մատուցվում է փակ վարագույրի ետևում, իսկ Հաղորդություն և մաս չի բաշխվում:

 

Մեծ պահքի ողջ ընթացքը բաժանվում է 7 շաբաթների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ծիսական և բովանդակային առանձնահատկությունները: Այդ շաբաթներից յուրաքանչյուրի կիրակին ունի իր անվանումը` համապատասխան Աստվածաշնչի կիրակնօրյա ընթերցածների բովանդակությանը: Կիրակիներին նախորդող շաբաթ օրերին սրբոց տոներ են, որոնց ժամանակ Սուրբ Պատարագ է մատուցվում միայն տվյալ Սուրբի անունը կրող եկեղեցիներում և Սուրբ Հաղորդություն է տրվում:

 

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից:

 

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է:

 

«Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթեւացին:

 

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց եւս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 49 օր է տեւում:

 

 

Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 26-ին եւ կոչվում է միջինք: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրր բաղարջից պահոց գաթա են պատրաստում:

 

Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները եւ մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ եւ կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:http://www.analitik.am

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել