Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 20 Հունվար 2014 15:18

Մեր մասին

Հայերեն ռադիոժամը ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան հաղորդումների ընտանիքի անդամ է: Ներկայումս ԻԻՀ-ի Ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան հաղորդումների բաժնում տարբեր լեզուներով օրական հաղորդումներ են հեռարձակում 36 ռադիոժամեր, 6 հեռուստակայաններ և 40 ինտերնետային կայքեր:

Պատմական առումով Հայերեն ռադիոժամը առաջատար դիրք է գրավում ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան հաղորդումներում: Հայերեն ռադիոժամն իր աշխատանքն սկսել է իրանական 1325 թվականին (1946) և անցած ավելի քան կես դարվա ընթացքում ականատես է եղել տարբեր փոփոխությունների, որոնցից մի քանի կարևորներին կփորձենք անդրադառնալ:

Գործունեության սկզբում՝ իրանական 1325 թվականին Թավրիզն ընտրվեց, որպես Հայերեն ռադիոժամի հաստատման վայր և այդ պատճառով նրա առաջին թարգմանիչներն ու հաղորդավարները այդ քաղաքի բնակիչներից էին: Մի առ ժամանակ անց՝ իրանական 1330-ական թվականների սկզբին ռադիոժամի կենտրոնը փոխադրվում է Ուրմիա, սակայն շուրջ մեկ տասնամյակ անց վերադարձվում է Թավրիզ և մինչև Իսլամական հեղափոխության հաղթանակն իր աշխատանքը շարունակում է այդ քաղաքում: Պարզ չեն Թավրիզից՝ Ուրմիա և ապա կրկին Թավրիզ փոխադրվելու պատճառները: Հավանաբար այդ ուղղությամբ տեխնիկական պատճառներից առավել դերակատար կարող է եղած լինել քաղաքական գործոնը:

Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի ներկայությամբ Ամանորյա միջոցառում՝ Հայերեն ռադիոժամի հարկի տակ

Իսլամական հեղափոխության հաղթանակով տարբեր ռադիոժամեր հիմնադրվեցին: Առաջին փոփոխությունը Հայերեն ռադիոժամի հաստատման վայրի փոխադրումն էր՝ Թավրիզից Թեհրան: Ապա իրանական 1358 թվականի խորդադ ամսին՝1979 թվականի հունիսին սկսվում է գիշերվա ժամերին՝ ներքին կեսժամյա ռադիոթողարկումը:

Այստեղ հարկ ենք համարում հիշելու Իսլամական հեղափոխությունից հետո Հայերեն ռադիոժամի առաջին տնօրեն՝ հանգուցյալ Ալեք Խաչատրյանի անունը, որի ջանքերով սկսվեց ներքին հաղորդումների հեռարձակումը: Իրանական 1375 թվականի թիր ամսին՝ 1996 թվականի հուլիսին, ռադիոժամին ավելացվում են առավոտյան, իսկ մեկ տարի անց 1376 թվականի թիր ամսին՝ 1997 թվականի հուլիսին, կեսօրյա հաղորդումները: 1375 թվականին՝ 1996-ին, գիշերային արտասահմանյան հաղորդումների տևողությունը 30 րոպեից  ավելացվում  է 60 րոպեի:

 

Այն ինչ ասվեց վերաբերում էր Հայերեն ռադիոժամի քանակային կողմերին, իսկ ինչ վերաբերում է ռադիոժամի հիմնադրման պատճառներին ու դերակատարությանը պիտի ասել, որ ռադիոժամի հիմնադրման թվականը պարզում է նրա հետապնդած նպատակը: Իրանական 1325 թվականը՝ 1946 թվականը, համաընկնում է համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտին և ուժի երկու բլոկների սահմանագծերի հստակեցմանը: Իրանը արևմտյան բլոկի սահմաններում կամ ավելի ճշիտ ԱՄՆ-ի տիրապետության տակ հայտնվելուց բացի նաև սահմանակից էր ԽՍՀՄ-ին և այդ պատճառով լավագույն վայրն էր համարվում այն ռադիոկայանների համար, որոնք հարձակման թիրախ պիտի դարձնեին ԽՍՀՄ-ին: Իրանի միջոցով և ԱՄՆ-ի գլխավորությամբ լրատվական գրոհման այս քաղաքականությունը սկսվեց Հայերեն ռադիոժամի գործունեությամբ և հետզհետե տարիների ընթացքում գործադրվեց ԽՍՀՄ-ի մյուս հարավային տարածքների ու Թուրքմենիայի պարագային:

Այսպիսով մինչև Իսլամական հեղափոխության հաղթանակը Հայերեն ռադիոժամի հաղորդումներն այնպիսին էին, որ քարոզչական ռմբակոծության թիրախ էին դարձնում ունկնդրին: Նման հաղորդումներում նպատակը ունկնդրին իրազեկելը չէ, այլ փորձում է ունկնդրին հրահրելով հասնել պատգամը փոխանցողի նպատակին:

ԱՄՆ-ի դիտանկյունից ԽՍՀՄ-ի հարավում բնակվող ժողովուրդները համարվում էին այդ երկրի համակարգ ներթափանցելու միջոցը: Հետևաբար հաղորդումների մշակման ժամանակ միշտ ուշադրության կենտրոնում էր գտնվում Հայաստանի հասարակական կարծիքի վրա ազդելու գործոնը և իհարկե պարզ է, որ այդ միջոցին նպատակը ոչ թե տարածաշրջանի ժողովրդին անդորր փոխանցելը, այլ ամեն ինչ հոգուտ սեփական շահերի ծառայեցնելն էր: Սակայն Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակով և Իրանը՝ ԱՄՆ տիրակալության սահմաններից դուրս գալով, բնական էր, որ նաև փոխվելու է Իրանի արտաքին քաղաքականության կողմնորոշումը:

Հեղափոխությանը հաջորդած շրջանում Իրանի արտաքին քաղաքականության նպատականերից է եղել տարածաշրջանային համագործակցությունների ամրապնդումը: Այդ նպատակով ռադիոն համարվում է ժողովուրդների մերձեցման, ինչպես նաև իրականությունների և երկկողմ պոտենցիալների ճանաչման միջոց և իհարկե այդ քաղաքականությունը առավելապես շեշտվել է 1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո:

Հայերեն ռադիոժամը օրական 2.5 ժամ տևողությամբ հաղորդումներ է հեռարձակում է ներքին ու արտասահմանյան երկու բաժիններում: Արտասահմանյան հաղորդումները հեռարձակվում են օրական երկու ժամ տևողությամբ՝ երեք տարբեր բաժիններում: Առավոտյան բաժինը հեռարձակվում է Թեհրանի ժամանակով 6:20-ից 6:50-ը, կեսօրյա բաժինը՝ 12:50-ից 13:20-ը, իսկ երեկոյան բաժինը՝ մեկ ժամ տևողությամբ՝ 19:50-ից 20:50-ը տարբեր հաճախականությունների, ինչպես նաև ինտերնետի ցանցում տեղադրված Հայերեն ռադիոժամի կայքէջի միջոցով: Ներքին հաղորդումները նաև ամեն օր եթեր են դուրս գալիս մեկ ժամ տևողությամբ՝ Թեհրանի ժամանակով 18:50-ից 19:50-ը՝ Էֆ Էմ ալիքի 99.5 հաճախականության վրա:

Քանի որ Հայերեն ռադիոժամը հեռարձակում է ներքին ու արտասահմանյան հաղորդումներ, հետևաբար հետապնդում է նաև երկու առանձին նպատակներ: Ներքին հաղորդման մեջ նպատակը ներքին իրադարձությունների մասին լրատվությունը և իրանահայ հասարակությանը վերաբերող լուրերի լուսաբանումն է, որտեղ գոյություն ունեցող խնդիրների արծարծումը հատուկ տեղ է գրավում, իսկ արտաքին հաղորդումը հիմնականում նպատակ ունի ունկնդրին ծանոթացնել Իրանի օրվա իրականություններին:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել