Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 06 Ապրիլ 2016 13:14

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում. Սեյրան Օհանյան

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում. Սեյրան Օհանյան
Կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Երեկ Մոսկվայում հանդիպել են երկու երկրների Զինված ուժերի ԳՇ պետերը և ձեռք բերել կրակի դադարեցման պայմանավորվածություն: Ադրբեջանի կողմից գործողություններն աննախադեպ էին ոչ միայն 1994 թվականի զինադադարից հետո, այլև ընդհանրապես ղարաբաղյան պատերազմի համեմատ: Աննախադեպությունը պայմանավորված էր առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ողջ երկայնքով կրակի խտությամբ, կիրառված ռազմական տեխնիկայով, ներգրավված ուժերի և միջոցների քանակով, նրանց ԶՈՒ-ի մոտեցումն առաջին գծին, ինչպես նաև ժամանակային համեմատության մեջ նրանց մարդկային կորուստների մեծ քանակով: Հակառակորդի կորուստերի քանակը Պաշտպանության բանակի կորուստների համեմատ բազմակի էին՝ տասն անգամից ավելի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Օհանյանը՝ հավելելով, որ աննախադեպ է եղել հակամարտող կողմերի պատրաստության աստիճանը, վարձկանների, ահաբեկիչների առկայությունն Ադրբեջանի Զինված ուժերի տարբեր ուղղություններում:

ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով ՝ այս օրերին ակնհայտ դարձավ մեր երկրի հասարակական համախմբումը, կամավորական շարժումը վերածնունդ ունեցավ, իսկ հայկական երկու պետություններում առկա է բարձր բարոյահոգեբանական մթնոլորտ: Նախարարն ընդգծեց զինվորների և կամավորների հերոսությունները, որոնց արդյունքում Ադրբեջանը ոչնչի չի հասել, նույնիսկ ռազմավարական առումով: «Այն տեղեկությունները, թե մի քանի բնակավայրեր գտնվում են հակառակորդի վերահսկողության ներքո, իրականությանը չեն համախատասխանում. Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂ պաշտպանության խորքում: Հարավում, կենտրոնում և հյուսիսում, ավելի թեժ կետերում, վերահսկողությունը, նախաձեռնությունը գտնվում են ՊԲ ստորաբաժանումների ներքո»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը՝ ավելացնելով, որ պետք է ազգովի գլուխ խոնարհենք մեր զինվորների, սպաների, կամավորների սխրանքի առջև, ովքեր կարողացել են բարձր պահել ՊԲ ստորաբաժանումների պատիվը:

armedia.am/

6/4/2016

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել