Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 19:45

ԵԱՀԿ ՄԽ հայտարարություն. Մենք հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել կրակը

ԵԱՀԿ ՄԽ հայտարարություն. Մենք հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել կրակը
«Մենք հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել ուժի գործադրումը։ Հակամարտությունը չունի ռազմական կարգավորում», - այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ԵԱՀԿ նախորդ եւ հաջորդ նախագահող երկրներ Ավստրիայի եւ Սերբիայի ներկայացուցիչների կողմից քիչ առաջ Վիեննայում ընդունված համատեղ հայտարարության մեջ։

«Տեղում իրավիճակի վատթարացումը ի ցույց է դնում համապարփակ կարգավորման հասնելու նպատակով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու նորքո անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը», - ասված է հայտարարության մեջ։

Մինսկի խմբի անդամները նաեւ վերահաստատել են իրենց աջակցությունը համանախագահող երկրներ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի միջնորդական ջանքերին եւ ողջունել են նրանց ծրագրերը կողմերի հետ «հնարավորինս շուտ» ուղղակի խորհրդակցություններ սկսելու հետ կապված։ Ավելի վաղ ԼՂՀ ԱԳՆ խոսնակ Անի Սարգսյանը ռուսական Ինտերֆաքս գործակալության հետ զրույցում հաստատել էր, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն ԼՂՀ», բայց հրաժարվել էր հաղորդել մանրամասներ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել Twitter ցանցում առ այն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանում կլինեն ապրիլի 9-ին` Նախագահի եւ ԱԳ նախարարի հետ հանդիպումներ ունենալու նպատակով։

Մինսկի խմբի համանախագահները 09.04 կժամանեն Երևան: Նրանց կընդունի Հանրապետության Նախագահը: Հանդիպում կկայանա ԱԳ նախարարի հետ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ապրիլի 5-ի ժամը 12:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունները կողմերի միջեւ համաձայնությամբ դադարեցվել են։

«Այսօր ժամը 12:00-ից Պաշտպանության բանակը դադարեցրել է կրակը՝ մեր քաղաքական ղեկավարության հրամանով», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Կրակի դադարեցման մասին հայտարարել էր նաեւ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել է հրադադարի ռեժիմի հաստատման մասին փաստաթղթի մշակման տեղեկությունները։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1993թ. ապրիլից նոյեմբեր ընկած հատվածում ընդունել է չորս բանաձև, հորդորելով հաստատել «արդյունավետ և մշտական» զինադադար, ինչպես նաև այդ ուղղությամբ «անհապաղ կերպով իրականացնել երկկողմ և հրատապ քայլեր»:

Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները 1992թ. մարտից ի վեր անցկացվել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի ջանքերով, որը 1990-ականների կեսերից սկսեցին համանախագահել Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան։

ԵԱԽՀ/ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան ներկայացուցիչ Վլադիմիր Կազմիրովի օժանդակությամբ՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև 1994թ. մայիսին ստորագրվեց հրադադարի պայմանագիրը, որը որոշակի խախտումներով եւ լարվածության բռնկումներով պահպանվել է մինչեւ 2016թ. ապրիլի 2-ի գիշերը, երբ Ադրբեջանի զինված ուժերը սկեցին հարձակվողական լայնածավալ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի հյուսիսային եւ հարավային ուղղություններով։

Վերջին երկու տարիների ընթացքում, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ 80-ից ավելի ԱՄՆ կոնգրեսականներ (Ռոյս-Էնգել բանաձեւը) առաջարկել են հստակ միջոցներ ձեռնարկել եւ իրավիճակը հանդարտեցնելու նպատակով սահմանի երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրող սարքավորումներ: Ադրբեջանը սակայն բազմիցս մերժել է այս առաջարկները:

Panorama.am

5/4/2016

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել