Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 11:10

Գեղարվեստական հաղորդում (07-04-2016)

Գեղարվեստական հաղորդում (07-04-2016)

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:

----------------------

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը,որտեղ ներկայացված են թանգարանի իրանական հավաքածուի ցուցանմուշներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության նախաձեռնությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է թանգարանի իրանական հավաքածուի ավելի քան 70 ցուցանմուշ:

Ցուցադրության հիմնական մաս են կազմում 18-19-րդ դարերի մանրանկարների և գեղանկարների, գորգագործության, գործվածքների, կենցաղում օգտագործված պղնձե տարբեր առարկաներ:

Միջոցառմանը ներկա քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ընդգծելով հարևան ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու մշակութային ընդհանրությունները, նկատել է, որ պատահական չէ, որ Երևանի պատմության թանգարանի հավաքածուի առանձին մասն են կազմում Արևելքի երկրների, այդ թվում Իրանի մշակույթը ներկայացնող ցուցանմուշները:

«Մշակույթների երկխոսություն» ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 9-ը:

--------------------------------

Երևանում արվեստագետների ներկայությամբ կայացել է իրանական նովրուզին նվիրված մշակութային տասնօրյակը:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նովրուզյան օրերին, Հայաստանում ԻԻՀ դեսպանատան նախաձեռնությամբ և «Նիավարան» արվեստի ստեղծագործությունների ֆոնդի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահում, Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում, Կապույտ մզկիթի և Հայաստանի պետական համալսարանի դահլիճներում տաս օր շարունակ մշակութային ծրագրեր են կայացել:

Այդ միջոցառումների շրջանակում հայ երեխաներն իրանական երգեր են կատարել:

Ելույթներով հանդես են եկել նաև իրանական ավանդական և պոպ երաժշտական խմբերը, որոնց կատարումները մեծ ուշադրության արժանացան ոչ միայն երևանցիների, այլև Հայաստան այցելած իրանցիների կողմից:

--------------------------------

Մոհամմեդ Էհսանիի  «Լքված լիճ» փաստագրական ֆիլմն իր միջազգային չորրորդ էկրանավորման ընթացքում շահել է Ճապոնիայի «Կանաչ պատկեր» կինոփառատոնի «Կանաչ պատկեր» մրցանակը: Ճապոնիայի «Կանաչ պատկեր» միջազգային կինոփառատոնը կայացավ մարտի 23-ից 25-ը` մայրաքաղաք Տոկիոյում:

Համաձայն ԻՍՆԱ-ի հաղորդման, «Լքված լիճը» փաստագրական ֆիլմը պատմում է բնապահպանական ճգնաժամի և Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիա լճի չորանալու, ինչպես նաև լճի եզերքին ապրող մարդկանց կյանքի վրա դրա ազդեցության մասին:

«Լքված լիճը» փաստագրական ֆիլմը  առաջիկա ապրիլ և մայիս ամիսներին ցուցադրվելու է նաև Ֆրանսիայի և Սլովակիայի Բնապահպանության ֆիլմերի միջազգային փառատոններում:

------------------------------

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավանդական երաժշտությանն ու աստվածային կրոններին նվիրված համաժողով է կազմակերպվել:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հինգշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Հռոմի «Իմաստության տուն» միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի, Իտալիայում Իրանի դեսպանության մշակութային կցորդության և Հռոմում Միստիկական հրատարակությունների կենտրոնի համագործակցությամբ կազմակերպված համաժողովում Միստիկական հրատարակությունների կենտրոնի տնօրեն Ջոզեփե Էյելոն ներկայացրել է «Երաժշտությունը՝ մաթեմատիկայի, կախարդության ու կրոնի ֆոնին» խորգարով մի բանախոսություն:

Միստիկական հրատարակությունների կենտրոնի տնօրենն իր բանախոսության մեջ վերլուծելով լատինական լեզվում արդիական երաժշտության արմատները, նաև համառոտ կերպով ներկայացրել է երաժշտության դաստիարակչական դերակատարության և տիեզերագիտական հիմունքների կապակցությամբ փիլիսոփայական տեսությունները:

Նա նշել է,  որ իսլամական գիտությունների դասակարգման մեջ երաժշտությունը տեղավորվել է մաթեմատիկայի խմբում, երաժշտությունը իսլամական համայնքների հանրային դաստիարակության տարրերից համարեց, որը ներկայացվում 1 Ղուրանի ընթերցման ժամանակ օգտագործվող երգեցողությամբ:

-----------------------------------

Գարնան եղանակին համապատասխան իրանական-իսլամական հագուստներն ու գլխաշորերը ներկայացվել են Մոսկվայում կազմակերպված իսլամական հագուստի միջազգային 10-րդ փառատոնում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոսկվայի իսլամական հագուստի միջազգային 10-րդ փառատոնն ուրբաթ օրն իր աշխատանքը սկսել է «Կրասնիյ Ակտյաբըր»   ցուցահանդեսային համալիրում, որտեղ իսլամական 25 երկրների, այդ թվում` ԻԻՀ ներկայացուցիչներ, ավելի քան 100 տաղավարներում ցուցադրել են իսլամական հագուստներ:

Եռօրյա փառատոնին ներկայացվել են իսլամական միջազգային լավագույն բրենդների իսլամական ամենավերջին հագուստների մոդելները, որի նպատակն է ներկայացնել իսլամական կենսակերպը:

Մոսկվայի իսլամական հագուստի միջազգայiն փառատոնին մասնակցում են նաև ոչ-մուսուլմաններ և առաջին անգամ այս ցուցահանդեսը կազմակերպվել է ընդլայնված կերպով:

-----------------------------

Մարտի 23-ին, 65 տարեկանում, կյանքից հեռացավ հայ անվանի օպերային երգիչ (տենոր) եւ բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Միհրանի Գրիգորյանը:

Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 29-ին, Երեւանում։

Ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը։ Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971 թվականին, 20 տարեկան հասակում, 1972 թվականին մենահամերգներով մեկնել է արեւմտյան Բեռլին։

1975 թվականին կայացավ նրա դեբյուտը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Էդգարի դերերգով, Դոնիցետիի«Լուչիա դի Լամերմուր» օպերայում։ Դրան հետեւում են Սարոն (Արմեն Տիգրանյանի «Անուշ»), Տիրիթը (Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»), Սայաթ Նովա (Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ Նովա»), Կոմս Ալմավիվա (Ռոսսինի «Սեւիլյան սափրիչ»), Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ»)։ 1970-ականներին Գրիգորյանը հայտնի մեներգիչ է եղել ողջ Խորհրդային Միությունում։

1978 թվականին մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfizionamento Artistico) եւ ընդգրկվել այն չորս երգիչների կազմի մեջ, ովքեր հրավիրվել են աշխատանքային պրակտիկա անցնել «Լա Սկալա»-ում։

Այդ տարիներին Իտալիայում Գեղամ Գրիգորյանը ունեցել է մի շարք համերգներ։ «Լա Սկալա»-ում դեբյուտով հանդես է եկել Պինկերտոնի դերում (Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերա): Այս ելույթից հետո նա «Լա Սկալա»-ի թատրոնի հետ ստորագրել է պայմանագիր այնտեղ «Բորիս Գոդունով» եւ «Տոսկա» օպերային ներկայացումներում գլխավոր դերերով հանդես գալու համար՝ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի ղեկավարմամբ, ով այն ժամանակ Լա Սկալայի գլխավոր դիրիժորն է եղել։

---------------------------------

Մարտի 27-ին նշվեց Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day): Այս տոնը սահմանվել է 1961թ. Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI)  9-րդ կոնգրեսի կողմից եւ ամեն տարի նշվում է ITI-ում եւ թատերական հասարակություններում: Տոնն ավանդաբար ընթանում է հետեւյալ կարգախոսով. «Թատրոնը՝ որպես ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման եւ փոխըմբռնման միջոցը:

Թատրոնի միջազգային ինստիտուտի գործունեությունը, նրա կանոնակարգի համաձայն, ուղղված է ժողովուրդների միջեւ խաղաղության եւ բարեկամության ամրապնդմանն ու աշխարհի բոլոր թատերական գործիչների ստեղծագործական համագործակցությանը:

---------------------------

2002 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, Օսվենցիմի եւ Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարների նախկին կալանավոր, հունգարացի գրող Իմրե Կերտեսը 86 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է, հայտնում է Reuters-ը։

Նրա 2 ամենահայտնի վեպերն են «Առանց ճակատագրի» (1975) եւ «Կադիշ չծնված երեխային» (1990)։ Բացի այդ, նրա դասախոսությունները եւ էսսեները հրապարակվել են «Լռության վայրկյաններ գնդակահարության ժամանակ զենքը լիցքավորելիս»  (1998)  եւ «Լեզուն աքսորում» (2001) հավաքածուներում։

Իմրե Կերտեսը ծնվել է աղքատ հրեական ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 15 տարեկանում կալանավորվել էր եւ ուղարկվել համակենտրոնացման ճամբար։ Օսվենցիմի եւ Բուխենվալդի ճամբարներում ապրած կյանքը հետագայում նա արտահայտել է իր ստեղծագործություններում։

Գրողին Նոբելյան մրցանակը շնորհել էին որպես «գրականագետի, որն արտահայտում է անհատի եւ պատմության բարբարոս  սանձարձակության դիմակայունությունը»։

-----------------------------

Ամբողջ աշխարհից մոտ 60 կազմակերպություն իր օգնությունն է առաջարկել սիրիական Պալմիրա քաղաքի պատմական հուշարձանների վերականգնման հարցում, հայտնել է Հոմսի նահանգապետ Թալալ Ալ Բարազին:

«Պատմական հուշարձանների պահպանության վարչությունը գնահատել է վնասը և համագործակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ։ Այս պահին ստացվել են օգնության առաջարկներ մոտ 60 կազմակերպություններից, քանի որ այդ հուշարձանները համարվում են անգնահատելի մեր քաղաքակրթության համար»,- ասել է Ալ Բարազին:

Նա նշել է, որ գումարը, որը կպահանջվի վերականգնման աշխատանքների անցկացման համար, դեռ հնարավոր չէ ասել, սակայն կառավարությունը կհատկացնի բոլոր անհրաժեշտ միջոցները:

Պալմիրայի պատմական տեսքի վերականգնման առաջին քայլը պետք է լինի քաղաքի ականազերծումը: Նա նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում բնակիչները կկարողանան վերադառնալ Պալմիրա։

Հիշեցնենք որ Սիրիայի կառավարական զորքերն օրերս վերականգնել են պատմական Պալմիրա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը: Ազատագրման գործողություններն ընթացել են ՌԴ ավիատիեզերական ուժերի աջակցությամբ: Պալմիրան, որի ավերակները Սիրիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց վայրերից մեկն են, ԻՊ-ի հսկողության տակ էր գտնվում 2015 թվականի մայիսի կեսերից։

---------------------------------

1893 թվականին գրված «Շերլոկ Հոլմսի»  մասին պատմվածքի ձեռագիրը կվաճառվի Նյու Յորքի գրական աճուրդում:

 Ինչպես նշում է Euromag-ը` նախնական գնահատումներով այն կվաճառվի 380 000 եվրոյով:

 «Պատահար թարգմանչի հետ» խորագրով պատմությունը մեկն է Արթուր Կոնան Դոյլի հեղինակած 56 կարճ պատմվածքներից դետեկտիվ Շերլոկ Հոլմսի մասին: Պատմվածքը հայտնի է նրանով, որ դրանում առաջին անգամ հայտնվել է Հոլմսի ավագ եղբոր` Մայքրոֆթի անունը:

Ապրիլի 11-ին կայանալիք աճուրդում կվաճառվեն նաև Շերլոկ Հոկմսի մասին պատմող մի քանի այլ պատմվածքների ձեռագրեր, մասնավորապես Կոնան Դոյլի ամենահայտնի ստեղծագործությունը` «Բասկերվիլների շունը»:

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել