Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 03 Ապրիլ 2016 10:37

Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (84)

Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (84)

 

 

 

 

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք իրանցի աշխարհահռչակ դեմքերի մասին զրուցաշարի հերթական թողարկումը: Այսօր շարունակելու ենք նախորդ թողարկումներում սկսած մեր զրույցը,որը նվիրված է լուսնային 6-րդ դարի՝ փրկչական 12-րդ դարի իրանցի անվանի փիլիսոփա, հեքիմ ու միստիկ, Շեյխ-էլ-Էշրաղ անունով հայտնի Շեյխ Շահաբեդդին Աբոլֆոթուհ Յահյա Իբն Հաբաշ Սոհրեվարդիի կյանքին, ստեղծագործություններին ու ծառայություններին։ Նա անհերքելի դերակատարություն է ունեցել իսլամական փիլիսոփայության, միստիցիզմի ու իմաստասիրության տարածման գործում: Նա եղել է իսլամական փիլիսոփայության կարևոր դպրոցներից համարվող Էշրաղի կամ Լուսավորման փիլիսոփայության հիմնադիրը: Ընկերակցեք մեզ:

------------------------

Ասացինք, որ փիլիսոփա, միստիկ և իսլամական փիլիսոփայության մեջ լուսավորության կամ Էշրաղի իմաստասիրության հիմնադիր Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդին ծնվել է լուսնային հիջրեթի 549 թվականին՝ Զանջանի մերձակա Սոհրեվարդ գյուղում և լուսնային հիջրեթի 587 թվականին՝ 38 տարեկանում, Հալեպի մի խումբ կրոնագետների դավադիր քայլի հետևանքով սպանվել է Սալահեդդին Այուբիի հրամանով: Նրա կարճատև կյանքի արդյունքը նրանից հիշատակ մնացած ստեղծագործություններն են: Իրանցի փիլիսոփայի ստեղծագործությունների մի բաժինը առակներ ու առեղծվածային բովանդակությամբ պատումներ են, որոնք բանասերների համոզմամբ Սոհրեվարդիի իրական ու առանց քողի դիմագիծն են ցույց տալիս: Նախորդ հաղորդումների ժամանակ անդրադարձանք Սոհրվարդիի մի շարք ստեղծագործություններին: Այսօր կանդրադառնանք արևմուտքցի մտավորականության և փիլիսոփաների մոտ Սոհրեվարդիի գրաված դիրքին և իրանցի այս մեծ փիլիսոփայի մասին աշխարհի ճանաչողությանը:

---

Շահաբեդդին Սոհրեվարդին Լուսարարության կամ Էշրաղ դպրոցի հիմնադիրն է և համարվում է Ավիցեննայից մինչև Իբն Ռոշդ ձգվող Պերիպատետիկյան դպրոցի երկու շրջանների միջև երևան եկած գլխավոր փիլիսոփան: Սոհրեվարդին իսլամական փիլիսոփայական մտածողության այս երկու փայլուն շրջաններն միացնող օղակն է: Բացի այդ նրան կարելի է ուշադրության արժանի համարել, որպես Սպահանի դպրոցի ստեղծման համար հող պատրաստած փիլիսոփա, քանզի նրանից խիստ ազդված են իրանցի շատ փիլիսոփաներ, այդ թվում Միրդամադան ու Մոլլա Սադրան:

Սոհրեվարդին ստեղծարար փիլիսոփա լինելով հանդերձ նաև ուրիշների մտքերի միատեղման ու նոր մտքեր ներկայացնելու ոլորտում համարվում է մեծ մտավորական: Նա մեզ հիշատակ է թողել ոչ միայն Էշրաղ կոչվող եզակի փիլիսոփայությունն ու Էշրաղի եզակի լեզուն, այլև համարվում է սուֆիական մի շարք կարևոր ստեղծագործությունների ու վերլուծությունների հեղինակ: Գուցե կարելի լինի ասել, որ նրա ստեղծագործությունների բազմաբնույթ լինելը պատճառ է դարձել, որ վերջին տարիներին շատ փիլիսոփաներ ուշադրություն ցուցաբերեն դրանց հանդեպ:

Չի կարելի հստակորեն ասել, թե ո՞ւմ կարելի է արևմուտքում Սոհրեվարդիի մասին ուսումնասիրությունների հիմնադիրն ու առաջատարը համարել, սակայն գոյություն ունեցող ստեղծագործությունները հիմք ընդունելով գուցե կարելի լինի ասել, որ առաջին ուսումնասիրություններն անցած դարի վերջին տարիներին սկսվել են գերմանացի փիլիսոփաների կողմից և համաշխարհային երկրորդ պատերազմից հետո շարունակվել են նաև ֆրանսիացիների և ապա սահմանափակ կերպով բրիտանացիների կողմից: Իսպանացի ու իտալացի բազմաթիվ բանասերներ նույնպես ուսումնասիրում են Սոհրեվարդիի գաղափարները:  Ի դեպ Սեյեդ Հոսեյն Նասրի նման իրանցի հետազոտողներ ուշագրավ դերակատարություն են ունեցել Սոհրեվարդիի ստեծագործություններն իրենց անգլերեն ու ֆրանսերեն ստեղծագործությունների միջոցով արևմուտքին ծանոթացնելու հարցում: Արաբական աշխարհում ու Հնդկական թերակղզում էլ Սոհրեվարդիի մասին կատարված ուսունասիրությունները մեծ ծավալ են կազմում:

Արևմտյան աշխարհում Սոհրեվարդիին վերաբերող ամենահին աղբյուրները կարելի է գտնել աշխարհի փլիսոփայության պատմությանը նվիրված գրքերում կամ մի շարք հանրագիտարաններում, այդ թվում Փիլիսոփայության համաշխահային հանրագիտարանում: Այդ աղբյուրներում նրան հիշել են, որպես Պերիպատետիկյան փիլիսոփայության քննադատ: Կրոնների պատմության հայտնի բանասեր և Կրոնների հանրագիտարանի հեղինակ Միրչա Իլյադեն իր կոթողային ստեղծագործության 35-րդ գլխում ակնարկել է Սոհրեվարդիի կրոնական գաղափարներին ու մտքերին ու դրանց նշանակությանը: Իլյադեն Սոհրեվարդիին դասելով Ֆարաբիի, Ավիցեննայի ու Ղազալիի շարքին, համարել է մուսուլման ականավոր փիլիսոփաներից մեկը:

Գերմանիայում Սոհրեվարդի մասին Վան Քրիմերի կողմից «Իսլամում իշխանական մտածողության պատմության» գրքում և Կարլ Բրուքլմանի հանրագիտարանի նմանող ստեղծագործության մեջ կատարված ակնարկներից բացի, հանդիպում ենք գերմանացի բանասեր Մաքս Հորթոնի կողմից Սոհրեվարդիի Էշրաղի փիլիսոփայության մասին կատարված հսկայական ուսումնասիրության: Այդ գիրքը ներառում է Սոհրեվարդիի «Հեքմաթ-էլ-Էշրաղ» գրքի գերմաներեն թարգմանությունն ու նաև դրա մասին Մոլլա Սադրայի վերլուծությունը:

Օտո Սփայզը գերմանացի մյուս բանասերն է, որ ժամանակակից դարի սկզբին իր ուշադրությունը կենտրոնացրել է Սոհրեվարդիի վրա և իր հետազոտության մեջ ներկայացրել է Շահաբեդդին Սոհրեվարդիի միստիկական երեք աշխատությունները՝ «Մրջյունների զրույցը», «Ռեսալա-ալ-թեյր»-ը և «Սիմորղի կանչը»: Գերմանացի հայտնի բանասեր Հելմուտ Ռիթերը երկու ընդարձակ հոդվածներում անդրադառնալով Սոհրեվարդիին, ներկայացրել է նրա փիլիսոփայության բովանդակությունն ու հիմնական կորիզը: Սիմոն Վան Դեն Բերգն էլ Սոհրեվարդիի «Հայաքել-ալ-նուր» աշխատության մի բաժինը թարգմանել է որոշ վերլուծություններով ու ակնարկելով:

--------------------------------------

Ֆրանսերեն լեզվով Սոհրեվարդիի մասին ամենահին ստեղծագործությունը 1902 թվականին «Էշրաղի փիլիսոփայությունը» խորագրով գրվել է Քարա Դո Վուի կողմից, որտեղ քննարկվել է Սոհրվարդիի Էշրաղի տեսության կառուցվածքը: Հաջորդ սերնդի ֆրանսիացի բանասերներից պիտի հիշել Հանրի Քորբինի նման ականավոր մտավորականի անունը, ով առաջատարի դիրք է գրավում Սոհրեվարդիի ստեղծագործությունների ուսումնասիրության բնագավառում: Գուցե կարելի լինի հավակնել, որ միայն սակավաթիվ արևմուտքցիներ իսլամական փիլիսոփայությունն արևմուտքին ծանոթացնելու ուղղությամբ իրենց ներդրմամբ գերազանցում են Հանրի Քորբինին: Նրա ստեղծագործությունները ոչ միայն արևմուտքում, այլև Իրանում մեծ նշանակություն ունեն: Սոհրեվարդիի ստեղծագործություններից կատարած նրա թարգմանություններն ու գրած վերլուծություններն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանք թվել: Քորբինը թարգմանել ու աշխարհին ներկայացրել է Սոհրեվարդիի ստեղծագործությունների խոշոր մասը: Քորբինի գլխավոր աշխատանքը Սոհրեվարդիի փիլիսոփայական գլխավոր ստեղծագործությունների մասին նրա բանասիրական հետազոտությունն է, որն ամփոփվել է երկու հատորներում: Այդ ստեղծագործությունը հրատարակվեց այն ժամանակ, երբ Սոհրեվարդին թե Իրանում և թե աշխարհում անտեսման էր ենթարկված: Սոհրեվարդիի գլխավոր ստեղծագործություններից նրա կատարած թարգմանությունը ներառում է Փավել Քրասի համագործակցությամբ «Հեքմաթ-էլ-էշրաղ»-ի և «Գաբրիելի փետուրի երգ»-ի ազատ թարգմանությունը:

Քորբինի ստեղծագործությունների շարանում պիտի հիշել «Իրանական իսլամ»-ը, որի երկրորդ հատորում քննարկել է Սոհրեվարդիի գաղափարները և պլատոնյանների ու նեո-պլատոնյանների հետ նրա կապերը: Նաև «Իսլամական փիլիսոփայության պատմություն» և անգլերեն, գերմաներեն ու իտալերեն լեզուներով թարգմանված «Իրանական սուֆիզմի լուսավոր մարդը» գրքերում  կարելի է հանդիպել Սոհրեվարդիի մասին քննարկումների: Քորբինը «Իրանական սուֆիզմի լուսավոր մարդը» գրքում օգտվելով Սոհրեվարդիի գաղափարներից ընդլայնել է Սրբազան ոլորտը: 

Քորբինը նաև դաստիարակել է ուսանողներ, որոնք ուշադրություն են ցուցաբերել Սոհրեվարդիի ստեղծագործություններին: Նրանցից կարելի է հիշել քրիստոնյա Ջոմբեթին: Ջոմբեթն իր Էշրաղիների տրամաբանությունը գրքում քննարկել է այն ինչը, որ նա արևելյան տրամաբանություն է անվանում: Քորբինի աշակերտներից է նաև Ամիր Նեֆքին, որն իր «Մեթոդն ու տեսությունը Սոհրեվարդիի դիտանկյունից» աշխատության մեջ անդրադարձել է Սոհրեվարդիի մեթոդաբանությանը, տրամաբանությանը և Էշրաղի փլիսոփայության ուշագրավ յուրահատկություններին: Ֆրանսերեն լեզվով Սոհրեվարդիի դերակատարությանը նվիրված ստեղծագործություններից պիտի հիշել Ջորջ Անավաթիի աշխատությունը, որտեղ նա քննարկել է Ավիցեննայից Սոհրեվարդիի կրած ազդեցությունն ու նրան հիմնականում համարել է Ավիցեննայի հետևորդը:

Լվիս Գարդեթն էլ մեկն է այն հետազոտողներից, որոնք մեծ  դերակատարություն են ունեցել Սոհրեվարդիին արևմուտքին ծանոթացնելու հարցում: Ֆրանսիացի այս բանասերը Սոհրեվարդիին եվրոպացի ընթերցողին ներկայացնելու համար բազմաթիվ հոդվածներ է գրել: Նրա ստեղծագործություններից կարելի է առանձնացնել մի հոդված Սոհրեվարդիի գաղափարների լուսարարական կողմի մասին գրած հոդվածը, որտեղ նա ընդգծել է Սոհրեվարդիի գաղափարական փարադայմը: Նրա մյուս ստեղծագործությունը քննարկում է Սոհրեվարդիի գաղափարական հիմքերը և նրա միստիկական փորձի էությունը:

Իսլամական փիլիսոփայության պատմության մեջ Սոհրեվարդիի դիրքին անդրադարձել է նաև Գոմեզ Նոգալեսը: Հասան Հանաֆին էլ քննարկել է Սոհրեվարդիի փիլիսոփայական կառուցվածքի և ժամանակակից փիլիսոփայական թեմաների ընդհանուր եզրերը:

---

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել