Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 30 Մարտ 2016 11:21

Գեղարվեստական հաղորդում (30-03-2016)

Գեղարվեստական հաղորդում (30-03-2016)

 

 

 

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:

----------------------

Հունաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին, Աթենքում այցելել է Բյուզանդական և քրիստոնեական թանգարան, որտեղ Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ ներկա է գտնվել «Հայաստան.Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկերում ցուցադրված հարյուրից ավելի ցուցանմուշները ներկայացնում են Հայաստանը` բրոնզե դարից մինչ 20-րդ դարն ընկած ժամանակահատվածում:

Ներկայացված առարկաները եզակի գտածոներ են՝ պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության և ծեսի եզակի իրեր, ինչպես նաև ձեռագրեր և կիրառական արվեստի առարկաներ Հայաստանի տարբեր պատմական-ազգագրական շրջաններից: Թեմատիկ բաժանմամբ ցուցահանդեսը բաղկացած է երեք մասից` «Հայկական քաղաքակրթության հմայքն ու ուժը», «Հայաստանը փոփոխվող աշխարհում», «Կոչեմ ապրողաց (Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առթիվ)»:

 Հայաստանի և Հունաստանի նախագահները երկու երկրների մշակույթի նախարարների, պաշտոնական պատվիրակությունների անդամների ուղեկցությամբ` թանգարան այցելած բազմաթիվ հյուրերի հետ շրջել են ցուցահանդեսի սրահներով, ծանոթացել հարուստ ցուցադրանյութին:

--------------------------

Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ հայտարարել են մրցույթ՝«Համազգային միասնությունը հավաքական ուժի և հզորության գրավական» խորագրով: Մրցանակաբաշխությանը մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամները, ովքեր կներկայացնեն պատրաստի ֆիլմեր՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Հանձնաժողովի անդամներից են Ռուբեն Գևորգյանցը, Ռոբերտ Մաթոսյանը, Արտյոմ Երկանյանը, Վադիմ Ղարիբյանը և այլք: Հայտերն ուժի մեջ են մինչև մարտի 20-ը, իսկ արդյունքները կամփոփվեն օգոստոսին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը:

 Հյուրերը նշեցին, որ նույն ծրագրի շրջանակում երկու տարի առաջ պատրաստվել են ֆիլմեր սահմանամերձ գյուղերի մասին: «Ռուսաստանի հայերի միությունը հիմնման առաջին օրվանից սերտ կապեր է հաստատել Հայաստանի ԳԱԱ և ստեղծագործական միությունների հետ` նպատակ ունենալով խթանել մշակութային կյանքի աշխուժացմանը»,- նշում է Վլադիմիր Աղայանը: Նրա խոսքով` միջոցառման նպատակն է մարտահրավերներին դիմակայելու գործում բարձրացնել գիտության, արվեստի և գրականության դերն ու նշանակությունը, նպաստել գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության բարելավմանը և երկրի մտավոր կյանքի ակտիվացմանը:

 Ռուբեն Գևորգյանցի կարծիքով` Հայաստանում խաղարկային կինոն չի ներկայացրել երկրի 25 տարվա ապրած կյանքը, իսկ վավերագրական ֆիլմերը եթե ոչ լիակատար, ապա գոնե 80%-ով արդարացրել են սպասումները: «Մենք շատ կցանկանայինք, որ խաղարկային կինոն վերադառնար դեպի ժողովուրդը, որը նախապատվությունը սերիալներին չտար: Բարեբախտաբար, հիմա նկարահանվում են բազմաթիվ ֆիլմեր, որոնք բավականին հաջողված են»,-ասում է Գևորգյանցը: Նրա կարծիքով, սակայն, մեծամասնությունը մեկանգամյա դիտման ֆիլմեր են և շուտ են մոռացվում: «Հայկական կինոն, նախ և առաջ, դրամատուրգիա է, իսկ մեր օրերում դա չկա»,- պարզաբանում է նա: Ռեժիսորի կարծիքով՝ հայկական ֆիլմերը, ինչպես և ռուսական, վրացական կամ մոլդովական ֆիլմերը կինոշուկայում գնորդ չունեն, և դրանց վրա ծախսված գումարը ներդնողները ետ չեն ստանում:

Վլադիմիր Աղայանը հավելեց, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և Գիտություններ ազգային ակադեմիայի ղեկավարության ջանքերով ստեղծվել է Գիտության զարգացման հիմնադրամը, ապա նաև՝ Գրականության զարգացման հիմնադրամը: Արդեն 10-րդ տարին է, ինչ անցկացվում են մրցանակաբաշխություններ, իսկ կինեմատոգրաֆիստները դրան մասնակցում են երկրորդ անգամ:

----------------------

Հայ կինոսերները հնարավորություն կունենան մեծ էկրաններին դիտել աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշի՛ր» (Remember) ֆիլմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «ԿինոՊարկ»- ի տնօրեն Վազգեն Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ֆիլմը կինոթատրոնում հնարավոր կլինի դիտել մարտի 24-ից:

«Նախնական որոշված է ցուցադրել օրը 2 սեանս` մեկը պարտադիր փրայմ-թայմին, սակայն, եթե ֆիլմը հաջողություն ունենա հայ հանդիսատեսի մոտ՝ վստահաբար կավելացնենք սեանսների քանակը»,-տեղեկացրեց նա:

«Հիշի՛ր» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2015-ին: Այն կանադա-գերմանական արտադրության թրիլեր է, որի սցենարի հեղինակը Բենջամին Օգսթն է: Ֆիլմում խաղում են Քրիսթոֆեր Փլամերը, Բրունո Գանզը, Դին Նորիսը և այլք:

Ֆիլմի հերոսը` Աուշվիցի համակենտրոնացման ճամբարից փրկված Մաքս Ռոզենբաումը ծերանոցում ճանաչում է Զև Գութմանին, ով ևս այդ ճամբարից է եղել: Գութմանի կնոջ մահից հետո Մաքսը Զևին ասում է, որ իրենց ընտանիքները ճամբարում սպանվել են Օտտո Վալիշ անունով մի մարդու կողմից, ով գաղթել է Հյուսիսային Ամերիկա Ռուդի Քուրլանդեր անունով: Մաքսը Զևին համոզում է վրեժ լուծել և սպանել Վալիշին:

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ատոմ Էգոյանը ծնվել է 1960թ. Կահիրեում: 1962-ից ընտանիքով տեղափոխվել է Կանադա: Տորոնտոյի համալսարանում սովորել է միջազգային հարաբերություններ, երաժշտություն և հայոց պատմություն, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել: 1984թ. նկարահանել է առաջին «Մոտ բարեկամ» ֆիլմը, որը ներկայացվել է միջազգային կինոփառատնի և արժանացել գլխավոր մրցանակի: 2002թ. նկարահանել է Հայոց Մեծ եղեռնի մասին պատմող «Արարատ» ֆիլմը, որը Կանադայի «Ջենի» կինոմրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Էգոյանը Կաննի և Տորոնտոյի կինոփառատոների բազմակի մրցանակակիր է, ներկայացվել է Օսկարի:

----------------------

Ստամբուլում մարտի 13-ին տեղի է ունեցել ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին պատմող վավերագրական «Արա Գյուլեր-Ստամբուլի լեգենդ» ֆիլմի շնորհանդեսը։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Արա Գյուլերի մասին պատմող վավերագրական ֆիլմի շնորհանդեսին ներկա են եղել Թուրքիայի արվեստի բնագավառի հայտնի գործիչներ, այդ թվում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը։

Արա Գյուլերն իր խոսքում նշել է, թե ժամանակին ինքը դժվար որոշում է կայացրել՝ ընտրելով լրագրությունը։ «Ես ասում եմ, որ արվեստագետ չեմ, բայց առարկում են ինձ։ Ցանկացած անձ կարող է ձեռքը վերցնել ֆոտոխցիկ եւ լուսանկարել, իսկ հիմա բոլորի ձեռքին կան հեռախոսոներ, որոնցով բոլորն էլ կարող են լուսանկարել։ Կգա ժամանակ, որ մարդիկ կհրաժարվեն լուսանկարներից։ Լուսանկարը կկորցնի իր արժեքը»,-ասել է Արա Գյուլերը։

-----------------

«Արտ Ֆեստ-2016» երիտասարդական միջազգային բաց փառատոնի հայտերի ընդունման մեկնարկը տրված է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային բաց փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնակցության հայտը հնարավոր է լրացնել առցանց (online)` փառատոնի պաշտոնական կայքում www.artfest.am, որի շնորհանդեսը տեղի է ունեցել վերջերս: Կայքում զետեղված են «Արտ Ֆեստի» պատմությանը, աշխատակազմին, մասնագիտական հանձնախմբին, մասնակցության կանոնակարգին վերաբերող տեղեկատվություն:

Մասնակցելու հնարավորություն ունեն 16-30 տարեկան երիտասարդ ստեղծագործողները և ստեղծագործող խմբերը: Կքննարկվեն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական և ուսանողական աշխատանքները։ Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 11-ը:

«Արդեն իսկ փառատոնին մասնակցելու ցանկություն են հայտնել Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից։ Լիահույս ենք, որ այս տարի մեկ տանիքի ներքո կհամախմբենք Հայաստանի և արտերկրի ստեղծագործ երիտասարդներին»,-նշել է «Արտ ֆեստ» երիտասարդական միջազգային բաց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը:

Հունիսի 3-10-ը ստեղծագործ երիտասարդները «Արտ Ֆեստ»-ի շրջանակում կներկայացնեն արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։ «Արտ Ֆեստ»-ը նպատակ ունի խթանելու երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնելու մասնագիտական համագործակության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, բացահայտելու նոր անուններ և տարվա ստեղծագործական ձեռքբերումները:

Փառատոնը մրցութային է: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրությունները, ընտրում լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում մրցանակները։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և Ուսանողական թատրոնը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, 2013-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «Արտ Ֆեստ» երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով:

2013-ին առաջին անգամ կազմակերպված «Արտ Ֆեստ» փառատոնին մասնակցեց ավելի քան 130 երիտասարդ։ Փառատոնը հասարակական հնչեղությամբ և ոլորտի մասնագետների բարձր գնահատականով հաստատեց իր գոյության իրավունքը և ամենամյա լինելու անհրաժեշտությունը: 2014-ին մասնակիցների թիվը հատեց 200-ը: 2015թ. «Արտ Ֆեստ» փառատոնին մասնակցեց շուրջ 350 ստեծագործող երիտասարդ:

---------------------------

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մասնավոր հավաքածուից գողացել են էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի 5 կտավ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է  30 մլն եվրո, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով El Pais-ը։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ իռլանդացի նկարչի նկարները գողացել էին դեռ անցյալ հունիսին։ Ընթանում է հետաքննություն։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նկարների սեփականատերը՝ 59-ամյա մի տղամարդ, 1992թ. Մադրիդում մահացած նկարչի ընկերն էր։

Փորձագետների հավաստիացմամբ՝ ինչ նկարներ էլ որ հայտնված լինեն գողերի ձեռքում, դրանք շատ դժվար է լինելու իրացնել։ Իրավապահների տվյալներով՝ կտավները երկրի սահմաններից դուրս չեն  բերվել։

-----------------------------------

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել