Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 15 Մարտ 2016 01:23

Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (83)

Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (83)

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք իրանցի աշխարհահռչակ դեմքերի մասին զրուցաշարի հերթական թողարկումը: Այսօր շարունակելու ենք նախորդ թողարկումներում սկսած մեր զրույցը,որը նվիրված է լուսնային 6-րդ դարի՝ փրկչական 12-րդ դարի իրանցի անվանի փիլիսոփա, հեքիմ ու միստիկ, Շեյխ-էլ-Էշրաղ անունով հայտնի Շեյխ Շահաբեդդին Աբոլֆոթուհ Յահյա Իբն Հաբաշ Սոհրեվարդիի կյանքին, ստեղծագործություններին ու ծառայություններին։ Նա անհերքելի դերակատարություն է ունեցել իսլամական փիլիսոփայության, միստիցիզմի ու իմաստասիրության տարածման գործում: Նա եղել է իսլամական փիլիսոփայության կարևոր դպրոցներից համարվող Էշրաղի կամ Լուսավորման փիլիսոփայության հիմնադիրը: Ընկերակցեք մեզ:

---

Ասացինք, որ փիլիսոփա, միստիկ և իսլամական փիլիսոփայության մեջ լուսավորության կամ Էշրաղի իմաստասիրության հիմնադիր Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդին ծնվել է լուսնային հիջրեթի 549 թվականին՝ Զանջանի մերձակա Սոհրեվարդ գյուղում և լուսնային հիջրեթի 587 թվականին՝ 38 տարեկանում, Հալեպի մի խումբ կրոնագետների դավադիր քայլի հետևանքով սպանվել է Սալահեդդին Այուբիի հրամանով: Նրա կարճատև կյանքի արդյունքը նրանից հիշատակ մնացած ստեղծագործություններն են: Իրանցի փիլիսոփայի ստեղծագործությունների մի բաժինը առակներ ու առեղծվածային բովանդակությամբ պատումներ են, որոնք բանասերների համոզմամբ Սոհրեվարդիի իրական ու առանց քողի դիմագիծն են ցույց տալիս: Այս կարգի ստեղծագործությունները, որոնք գրված են ակնարկների ու սիմվոլների գեղեցիկ ու նուրբ լեզվով պարունակում են Սոհրեվարդիի հոգևոր ու ներքին ապրումները: Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Սոհրվարդիի «Կարմիր բանականությունը» աշխատության մասին Հանրի Քորբինի, Դինանի և Էսմայիլ Փուրի նման բանասերների տեսակետներին: Եվ խոսեցինք հատկապես այս ստեղծագործության մեջ Ֆերդուսու «Շահնամե»-ից ու պատմական Իրանի մշակույթից ու դիցաբանությունից Սոհրեվարդիի կրած ազդեցության մասին: Այսօր քննարկելու ենք «Կարմիր բանականությունը» աշխատությունը:

-----------------------

«Կարմիր բանականությունը» աշխատասիրության մեջ Սոհրեվարդին իր սիմվոլիկ արձակով ու թռչունների լեզվից փոխանցում է միստիկական թեմաներ: «Կարիր բանականությունը» աշխատասիրության հիմնական կարևորությունը վերաբերում է նրա ամփոփման ձևին: Սոհրեվարդու ստեղծագործություններն ուսումնասիրողների համոզմամբ նա այս աշխատասիրության մեջ համեմատաբար քնարական մի ստեղծագործության մեջ ներկայացնում է արևելյան միստիցիզմի ու փիլիսոփայության ամփոփումն ու հիմնական ատաղձը: Սոհրեվարդին այդտեղ սիմվոլիկ կերպով ներկայացնում է փրկության ուղին:

Պատմությունն ու երկու գլխավոր կերպարներ՝ բազեն և կարմրահեր ու կարմրադեմ ծերունին: Հին ժամանակներում բազեն եղել է արքաների կողմից սիրված որսի թռչունը: Ասվում է, որ թագավորները բազեին դաստիարակելու համար ծածկում էին նրա աչքերն ու նրա գլխին գլխարկ էին հագցնում: Իհարկե ոմանք գլխարկի գոյությունը բացատրում էին նրանով, որ բոլոր կենդանիները վախենում են մարդու աչքերից ու դրա համար, որ որսի նպատակով թռչունի աչքը չընկնի մարդու աչքերին, ծածկում էին նրա աչքերը: Այս պատմության մեջ բազեն խորհրդանշում է մարդուն, որը հեռու է ընկել իր իսկական հայրենիքից, ընկել է այս աշխարհն ու հայտնվել է նյութի ու զգացմունքի կապանքներում:

Սոհրեվարդու պատմության բազեն իր, իր անցյալի ու կենսագրության մասին քիչ բան է հիշում: Իր մշուշոտ հիշողության մեջ մտաբերում է, որ սկզբում երկու թևեր են եղել ուսերին և թռչելու սեր է ունեցել, սակայն հետզհետե նրա թևերն ու աչքերը փակվելով մոռացել է նաև թռիչքը: Ասես չի էլ հիշում է, որ մի օր թռչուն է եղել ու պատկանել է երկնքին: Նրա աչքերը ծածկել են ու որևէ բան չի հիշում իր բնի մասին: Նույն այդ շղթաներով ճամբորդում է մութ ու օտար անապատներում ու հանկարծ հանդիպում է կարմրահեր ու կարմրադեմ ծերունու, ով փիլիսոփայաբար առաջնորդում է բազեին:

Սոհրեվարդիի պատմության երկրորդ կերպարը կարմրահեր ու կարմրադեմ ծերունին է, որը խորհրդանշում է մարդկային բանականությունը: կարմրահեր ու կարմրադեմ ծերունին ոչ բացարձակ լույսի նման փայլում է ու ոչ էլ կատարյալ մթության չափ սև է: Նա կարմիր է: Հին ժամանակներում կարմիր գույնը համարում էին սևի ու սպիտակի բաղադրությունը: Երբ Սոհրեվարդին խոսում է կարմիր բանականության մասին, դա մարդու մոտ գոյություն ունեցող միտքն ու բանականությունն է: Բնական կերպով մարդու միտքը սպիտակ ու լուսավոր է, իսկ մարմինը՝ գտնվում է խավարի մեջ: Հետևաբար երբ սպիտակ, թափանցիկ ու բնական կերպով լուսավոր բանականությունը հայտնվում է այդ մթության ու խավարի մեջ կարմրում է: Հետևաբար կարմիր բանականությունը, մարդկային բանականությունն է:

------------------------------

Կարմրահեր ու կարմրադեմ ծերունին տարիքն առած մարդ է, ով պատմություն է մուտք գործում ամենագետի դերում: Նա իրեն ծեր է կոչում և ասում է, թե երկար տարիներ ընկած է եղել մութ հորի մեջ, որն այս հողեղեն աշխարհն է: Նա բազեի համար բացատրում է, որ հորում ապրելու պատճառով է, որ իր ճերմակ դեմքը կարմրել է: Ծերունին ունի բազեի բոլոր հարցերի պատասխանը: Ծերունին բազեից ուզում է իր հարցերի պատասխանը գտնելու համար արկածներով լեցուն ուղևորություն սկսել: Նա ճանաչում է այն ուղին, որ բազեն պարտավոր է անցնել գտնելու համար հարցերի պատասխանը:

Բազեն ծերունուն հարցնում է, թե որտեղի՞ց է եկել: Ծերունին ասում է. «Ղաֆ լեռան մյուս կողմից, որտեղ է գտնվում իմ տունը, որտեղ էր նաև քո բույնը, որը չես հիշում»: Բազեն հարցնում է, թե ի՞նչ է որոնում այստեղ: Ծերունին ասում է, որ ճամբորդ է ու պտտվում է աշխարհի շուրջ և դիտում է նրա հրաշալիքները: Բազեն կրկին հարցնում, թե աշխարհի որ հրաշալիքներն է տեսել: Ծերունին պատասխանում է, որ աշխարհի հրաշալիքները յոթն են: Նախ Ղաֆ լեռը, որ մեր հայրենիքն է, երկրորդ՝ գիշերը լուսավորող գոհարը, երրորդ՝ Թուբա ծառը, չորրորդ՝ տասներկու արհեստանոցները, հինգերորդ՝ Դավթի զրահը, վեցերորդ՝ ջրտեղված պողպատից պատրաստված թուրը և յոթերորդ՝ կենաց աղբյուրը:

Բազեն հարցնում է այդ հրաշալիքներից յուրաքանչյուրի մասին: Սակայն մեզ համար պարզ չի դառնում, որ ի՞նչ են նշանակում Թուբան, Ղաֆը, տասնմեկ ու տասներկու թվերը և կամ գիշերը լուսավորող գոհար ասելով ինչի՞ է ակնարկում Սոհրեվարդին: Միայն ծերունու խոսքերի միջից հասկանում ենք, որ Թուբան ծառերի չաստվածն է, իսկ Ղաֆ լեռը աշխարհի ճանապարհի վերջում է գտնվում ու բաղկացած է տասնմեկ լեռներից: Ասես պատմության ծերունին ցանկանում է առեղծվածներով պատասխանել բոլոր առեղծվածներին:   

Ծերունու պատմածի համաձայն գիշերը լուսավորող գոհարը գտնվում է Ղաֆի երրորդ լեռան մեջ ու նրա գոյությամբ մութ գիշերը լուսավորվում է: Ծերունին ասում է, որ այդ գոհարն իր լուսավորությունը ստանում է Թուբա ծառից: Ծերունին բազեին պատմում է տասներկու արհեստանոցների, յոթ վարպետների ու նրանց աշակերտների մասին, որոնք բոլորն էլ Դիբա կամ մետաքսից կտոր են գործում: Նրանց կտորն իրականության մեջ նույն Դավթի զրահն է, որ հագցրել են բազեին ու նրանից խլելով թռչելու կարողությունը կապանք են դրել նրա ոտքին ու ձեռքին:

Դավթի զրահը անհամար օղակներից պատրաստված ու չափազանց ամուր զրահ է: Ծերունին հիշեցնում է, որ նրա բուն նպատակն է իրարից բացել այդ օղակներն ու փրկություն պարգևել նրան: Այդ զրահն անհամար ու մանր թելերի նման փաթաթվել են նրա վզին ու չեն պատռվում և միայն ջրտեղված պողպատից պատրաստված թուրով կարելի է դրանք կտրել: Ջրտեղված պողպատից պատրաստված թուրը հանձնվել է դահճին կամ իրականության մեջ բանտապահին: Այդ դահիճն իմանում է ցանկացած զրահի կյանքի տևողությունը ու ժամանակին կտրելու է այդ կապանքները: Միայն խնդիրն այնտեղ է, որ եթե դահիճը ցանկանա բացել այդ կապանքները վնասելու է բազեին:

--------------------

Երբ հասնում ենք պատմության այս բաժնին բազեն ծերունուն խնդրում է ցույց տալ այն միջոցը, որ առանց վնասվելու կարող է ձերբազատվել կապանքներից: Պատմության ծերունին իմանում է նաև այդ խնդրի լուծումը: Ծերունին նրան ասում է միակ միջոցը կենաց աղբյուրն է: Եթե նա հասնի կենաց աղբյուրին ու լողանա դրա ջրում, առանց վնասվելու կարող է ձերբազատվել այդ կապանքներից ու հանդարտ դեպի Արեգակը թևածելով փրկության հասնել:

Բարեկամներ այս մասին մեր զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում։

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել