Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 13 Մարտ 2016 13:21

Իրան-Հայաստան շղթայի կարևոր օղակը

Իրան-Հայաստան շղթայի կարևոր օղակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում, որ այցելել է Թբիլիսի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար: Ո՞ւմ հետ, ի՞նչ օրակարգով, որտե՞ղ՝ այդ հարցերի պատասխանները Ուորլիքի գրառման մեջ չկա, թեև պետք է ենթադրել, որ քննարկումները տեղի են ունենալու Վրաստանի իշխանության հետ:

Դա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ստացել է որոշակի լայնաֆորմատ բնույթ, և քննարկվում են տարրեր կամ դետալներ, որոնք շոշափում են ավելի լայն շրջանակ, քան Հայաստան-Արցախ-Ադրբեջան տիրույթը: Մյուս կողմից` սա ինքնին նորություն չէ, և աներկբա է, որ արցախյան խնդիրը մշտապես ունեցել է լայն նշանակություն և չի եղել զուտ երկկողմ ազգամիջյան վեճ կամ տարածքային վեճ, սակայն եթե միջնորդ համանախագահները կամ նրանցից թեկուզ մեկը քննարկումներ է ծավալում, օրինակ, Վրաստանի հետ, որը կարծեք թե որևէ կերպ ներգրավված չէ հակամարտության գործընթացում, ապա դա նշանակում է, որ առկա են որոշակի նոր զարգացումներ:

Այն, որ ամերիկացի համանախագահը իր նշանակման առաջին իսկ օրից բավականին նախաձեռնողական է և ակտիվ քննարկումներ է իրականացնում բոլոր մոտ և հեռու սուբյեկտների հետ, հատկապես վերջին ամիսներին, պարզ է ինքնին: Վրաստանի ներգրավումը, սակայն, ունի առանձնահատուկ երանգ՝ նկատի ունենալով Թբիլիսիի քաղաքականությունը տարածաշրջանային կտրվածքում:

Վրաստանը Հայաստանի հետ պահպանում է բարիդրացիական հարաբերություն, որը դժվար է շատ սերտ համարել, սակայն կողմերը կարծես թե ունեն բավականին կայուն և հուսալի փոխըմբռնում ամենակարևոր հարցերում, եթե անգամ առկա են որոշակի տարամետ շահեր: Դրա փոխարեն Վրաստանը լարված հարաբերություն ունի Ռուսաստանի հետ, ընդ որում՝ ներքին լարումով: Ռուսաստանն ու Վրաստանը այժմ այնպիսի հռետորաբանություն չեն գործածում, ինչպես Սաակաշվիլիի նախագահության տարիներին, սակայն ակնհայտ է, որ Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացիան բոլորովին դուր չի գալիս Ռուսաստանին, և որքան այդ ինտեգրացիան խորանում է, այնքան մեծանում է ՌԴ որևէ անկանխատեսելի քայլի հավանականությունը: Թուրքիայի և Ադրբեջանի հետ Վրաստանն ունի սերտ գործակցություն թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով: Բոլորովին վերջերս հաղորդակցվում էին այդ երկրների պաշտպանության, հետո արտաքին գործերի նախարարները:

Ահա, այս համատեքստում ի՞նչ կարող էր քննարկել Ջեյմս Ուորլիքը Թբիլիսիում: Պետք է ենթադրել, որ քննարկումները ղարաբաղյան կարգավորման գործընթացին ամենայն հավանականությամբ առնչվում են անուղղակիորեն, և Միացյալ Նահանգներին վրացական ուղղությամբ առավել հետաքրքիր է Վրաստանի ընդհանուր տարածաշրջանային քաղաքականությունը, որպեսզի այն նպաստի ոչ թե լարվածության աճին, այլ թուլացմանը: Դա նշանակում է, որ Վրաստանը պետք է փորձի թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խաղում դրսևորվել որպես սուբյեկտ և չառաջնորդվել լոկ կոմերցիոն, տնտեսական նկատառումներով:

Բանն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանն ակնհայտորեն դիտում են Հայաստանի մեկուսացման իրենց ռազմավարության մաս և պատրաստ են Վրաստանն այդ քաղաքականության ուղեծրում հաստատելու համար շոշափելի ներդրումներ կատարել այդ երկրում: Վրաստանի համար ներդրումները տնտեսապես շահավետ են, սակայն քաղաքական առումով Թբիլիսին այդպիսով, փաստորեն, դառնում է տարածաշրջանային հավասարակշռությունը խախտող՝ կամա, թե ակամա: Իսկ հատկապես այժմ առկա է մի իրավիճակ, երբ տարածաշրջանային հավասարակշռության պահպանումը դարձել է կենսական նշանակություն ունեցող գործոն:

Իրավիճակի ներքին լարումն այնքան մեծ է, որ կայունությունը հիմնականում պահվում է ոչ թե դիվանագիտական ջանքերի, դիվանագիտական աշխատանքի, այլ հավասարակշռության վրա: Դիվանագիտական աշխատանքը հիմնականում կենտրոնացած է հավասարակշռությունը պահելուն, պահպանելուն: Եվ այս իմաստով Վրաստանը կարևոր կետ է, որի դերակատարումը, անկասկած, էական նշանակություն ունի նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացի հարցում:

Վրաստանն այդ առումով հարաբերական, հակասական իրավիճակում է, քանի որ ինքն էլ ունի Աբխազիայի և Օսիայի խնդիրները, որոնք ստիպում են Թբիլիսիին հանդես գալ քաղաքական այն տրամաբանության ներքո, որի շրջանակում է նաև Ադրբեջանը: Դա բերում է նրան, որ Վրաստանը հայտնվում է ադրբեջանական քաղաքականության արբանյակի դերում՝ աննկատ, բայց բավականին շոշափելի դարձող դերում: Իսկ դա սպառնալիք է թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար: Սակայն խնդիրն, անշուշտ, միայն սպառնալիքների կանխումը չէ: Խնդիրն այն է, որ տարածաշրջանում պետք է ձևավորել զարգացման նոր վեկտոր, որը հակակշիռ կլինի ռուս-թուրք-ադրբեջանական վեկտորին:

Թեև այն այսօր զգալիորեն մասնատված է, սակայն դժվար է ասել, թե երբ և տարածաշրջանի համար ինչ վտանգներով հղի կլինի ռուս-թուրքական նոր հաշտեցումը: Մինչ այդ պետք է ձևավորել հավասարակշռող նոր վեկտոր, որը թույլ կտա արդեն առավել խորքային հակազդեցություն ապահովել ապակառուցողական այդ վեկտորի համար: Իսկ դա անխուսափելի է առանց Վրաստանի, որը հանդիսանում է Իրան-Հայաստան շղթայի կարևոր օղակը:

 

1in.am

13/3/2016

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել