Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 16 Հունվար 2016 12:48

Անկարայի քաղաքապետը ԱՄՆ-ի դեսպանին կոչ է արել հեռանալ Թուրքիայից

Անկարայի քաղաքապետը ԱՄՆ-ի դեսպանին կոչ է արել հեռանալ Թուրքիայից

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, ով հայտնի է իր ծայրահեղական դրսեւորումներով, Twitter-ի իր էջում Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասին կոչ է արել հեռանալ երկրից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Գազետա.ռու» կայքը, Գյոքչեքը նման կոչով հանդես է եկել, երբ ԱՄՆ-ի դեսպանը դատապարտել է քրդերի հետ խաղաղություն հաստատելու պահանջ ներկայացրած գիտնականների ձերբակալությունները Թուրքիայում:

«Դու  ԱՄՆ-ի   համար   ճիշտ   ընտրություն   չես,   վերադարձիր   քո  երկիրը,  եւ  թող  գա  ուրիշ  դեսպան,  որը  մեզ  ճանաչում   է», -ասել է նա:

2 հազարից ավելի թուրք եւ արտասահմանցի առաջադեմ գիտնականներ եւ մտավորականներ երկու օր առաջ հրապարակած` «Խաղաղության համար գիտնականների նախաձեռնություն» կոչում հայտարարել են, որ չեն ցանկանում «մասնակից լինել քրդերով բնակեցված տարածաշրջաններում փողոց դուրս գալու դեմ արգելքների եւ բախումների միջավայրի պատճառով մարդկանց իրավունքների ոտնահարումների հետ կապված հանցագործություններին»: Նրանք Թուրքիայի ղեկավարությանը կոչ են արել խաղաղություն հաստատել քրդերի հետ, դադարեցնել նրանց կոտորածները եւ թույլ տալ բախումների գոտիներ հանձնաժողովներ մեկնել:

Թուրքիայում անմիջապես ձերբակալություններ են սկսվել այն գիտնականների դեմ, որոնք ստորագրել էին քրդերի հետ խաղաղություն հաստատելու մասին թուրքական պետությանը հղած` «Խաղաղության համար գիտնականների նախաձեռնություն» վերնագրով կոչի տակ:

Թուրքական դատախազությունը քրդերի հետ խաղաղության կոչը ստորագրած  գիտնականներին մեղադրում է «թուրք ժողովրդին, թուրքական պետությանը, խորհրդարանին, կառավարությանը եւ պետության դատական մարմիններին հրապարակորեն ստորացնելու եւ ահաբեկչական կազմակերպության օգտին պրոպագանդա կատարելու» մեջ:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչի տակ ստորագրածներին «գիտնականի սեւագրություն, խավարամիտ, անգրագետ, պետության գործերը չհասկացող» է անվանել, իսկ նրա մաֆիոզ ընկեր Սեդաթ Փեքերը, ով հայտնի է որպես կազմակերպված հանցագործությունների կազմակերպության առաջնորդ, սպառնացել է կոտորել գիտնականներին եւ նրանց արյունով ցնցուղ ընդունել:

Թուրքիայի քրեական հեղինակություն Փեքերը խաղաղության կոչ հնչեցրած գիտնականներին համարել է «պետությունը կործանողներ»:

«Այսպես ասած գիտնականներ, զանգերը ձեզ համար են ղողանջում: Ձեզ արյունաքամ ենք անելու ու ձեր արյունով ցնցուղ ենք ընդունելու», -սպառնացել է նա:

Հունվարի 15-ին Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են խաղաղության կոչի տակ ստորագրած թուրք 19 գիտնականների եւ հետապնդում սկսել այլ գիտնականների նկատմամբ:

Թուրքիայի Անկախ իրավաբանների միության անդամ մի քանի փաստաբաններ Փեքերի հայտարարությունների հետ կապված Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունում «սպառնալիք, վիրավորանք, զրպարտանք, ատելություն, թշնամություն, ժողովրդի մեջ վախ եւ խուճապ» առաջացնելու մեղադրանքով դատական հայց են ներկայացրել, ինչն արդեն վարույթ է ընդունվել:

Armenpress.am

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել