Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 09 Օգոստոս 2015 17:23

Գաղափարի գողը

Գաղափարի գողը

 

 

 

Հեղինակ  Մոհամմեդ 

Մոհամմեդի Էշթեհարդի

Թարգմանիչ£ Էմիկ 

Ալեքսանդրյան

 

 

        Մի մարդ իր տան անկյունում գող տեսավ, վազեց նրան բռնելու, այնքան վազեց, որ ամբողջովին քրտնքի մեջ կորավ և ուր որ է, մի ոստյունով պիտի նրան բռներ, երբ լսեց մի ուրիշի ձայնը, որ կանչում էր. «Արի՜, ես քեզ գողի ոտքի հետքերը ցույց կտամ, շտապիր, աճապարիր»:

        Տանտերը լսելով այս ձայնը՝ ինքն իրեն մտածեց. «Գուցե այս կանչողը գողի ընկերներից լինի, ավելի լավ է այս մեկին թողնեմ և վերադառնամ՝ կին-երեխաներիս մյուսի ձեռքից փրկեմ», ապա ետ վերադառնալով՝ հարցրեց կանչողին.

        -Ի՞նչ կա, ինչո՞ւ էիր կանչում:

        -Ուզում էի քեզ գողի ոտքի հետքերը ցույց տալ, ահա և դրանք,-պատասխանեց կանչողը՝ ցույց տալով ինչ-որ հետքեր:

        -Ես հենց իրեն՝ գողին էի գտել, իսկ դու նրա հետքերն ես ինձ ցույց տալիս,-նեղացավ տանտերը,-ի՜նչ հիմարն ես դու, կամ գուցեև մեկ այլ գող, որ առաջին գողին փախցրիր իմ ձեռքից: Երբ հասնում ենք մեր փնտրած ճշմարտությանը, հետքերն այլևս ի՞նչ արժեք ունեն: Իզուր է և ապարդյուն, եթե բուն էությունը կորցնենք և միայն նրա դրսևորումներով բավարարվենք: Աստծու ընտրյալների համար մեղք է՝ հասարակ մարդկանց հնազանդվելը: Մինչ շատերը ջրի գույնի մասին են շաղակրատում, արդարները հասնում են ջրի ակնաղբյուրին: Ով ամբողջովին ջրի մեջ է ընկղմված, էլ չի նկատում ջրի գույնը: 

 

        Խոնարհ մարդը արարածի մեջ արարչին է տեսնում,

        Ով հատկություններին է կառչում, էությունն է անտեսում,

        Աստծուն ձգտող մարդը էության մեջ է սուզվում, որդյակ,

        Երևացող դրսևորումներով միայն չի դատում, որդյակ,

        Ընտրյալներին տրված չէ հասարակ մարդկանց հետևել,

        Ամբոխին ենթարկվելով՝ ճիշտն ու ընտիրը չտեսնել:

       

        Այս բանաստեղծությունը ակնարկում է հետևյալ հայտնի ասույթը, թե. «Բարի մարդկանց բարությունը նման է Աստծու ընտրյալների մեղքերին»:

               Ուստի ո՜վ եղբայր, աչալուրջ եղիր, չլինի գողերը քո գաղափարները այս ու այն կողմ քարշ տան և սին պատրանքների ու ստվերների հետքից տանելով՝ քեզ հեռացնեն բուն ճշմարտությունից:

 

 

Զառռար մզկիթի պատմությունը

 

        Հեղինակ£  Մոհամմեդ Մոհամմեդի Էշթեհարդի

Թարգմանիչ£ Էմիկ Ալեքսանդրյան

 

 

        Մեդինայի մի խումբ մոնաֆեղներ (պառակտիչներ ու երկերեսանիներ), որոնք առերես հավատացյալ էին ձևանում, բայց ներքուստ հակառակ էին իսլամական իշխանությանը, որոշեցին մուսուլմանների մզկիթից զատ, մեկ այլ մզկիթ կառուցել և այն դարձնել իրենց պառակտիչ ու խառնակիչ գործունեության հենակետը:

        Մզկիթը կառուցելուց և հարդարելուց հետո, նրանք ամենայն համեստությամբ մարգարեի մոտ գնացին և կեղծավորությամբ ու շողոքորթելով նրան դիմեցին. «Խնդրում ենք Ձեզանից՝ մեր մզկիթը գալ և նրա հիմնարկեքը կատարել: Ո՜վ Աստծու մարգարե, մենք այս մզկիթը նախատեսել ենք անձրևոտ օրերի կամ այլ անհրաժեշտ դեպքերի համար: Մարդիկ շրջակա վայրերից այս մզկիթը կգան և այն կդառնա մուսուլմանների առավել համախմբման ու ծաղկման կենտրոն: Պատիվ տվեք մեզ և ընդամենը մի ժամով եկեք՝ մեր մզկիթը օծելու. թող այն  ձեր փառքի լույսով ողողվի»:

        Այսպես շողոքորթելով ու քաղցր լեզու թափելով՝ շարունակ գովաբանում էին մարգարեին և հավատարիմ ձևանում, բայց իրենց մտքում դավեր էին նյութում:

             Մարգարեն որոշեց ընդառաջել մոնաֆեղների հրավերին, սակայն Աստվածային բանբերը ի վերուստ առաքվեց և նրան արգելեց այնտեղ գնալ:

        Մարգարեն փորձեց խույս տալ այդ հրավերից. «Այժմ Թաբուքի ռազմաճակատ ենք մեկնում, վերադառնալուց հետո կգամ ձեր մզկիթը»:

        Թաբուքի ճակատից վերադառնալուց հետո մոնաֆեղները իսկույնևեթ մարգարեի մոտ եկան և երկերեսանիությամբ նրան հիշեցրին իր տված խոստումը: 

        Աստված մարգարեին պատվիրեց, որ նա բացահայտի ամեն ինչ, թեկուզև դրանից կռիվ ու վեճ ծագի:

        Մարգարեն դիպուկ մերժեց մոնաֆեղներին, ասելով, «Հեռացեք ինձանից, դուք դավադիր նկրտումներ ունեք և ես երբեք ձեզ մոտ չեմ գա»: 

        Բայց նրանք միաձայն հավաստիացնում էին իրենց անմեղությունը, «Քավ լիցի, մենք ոչ մի վատ մտադրություն չունենք»:

        Այս ասելով՝ նրանք իրենց տոհմի մարդկանց մոտ գնացին, պատմեցին եղելությունը և ապա ամեն մեկը մի Ղուրան ձեռքներին առած՝ դարձյալ մարգարեի մոտ եկան և անընդմեջ երդումներով չքմեղացան:

        Մարգարեն պատասխանեց, «Ո՜վ երկերեսանի մարդիկ, արդյոք Աստծո՞ւ հրամանին պիտի հետևեմ, թե՞ձեր երդումներին հավատամ»:

        Մոնաֆեղները կրկին Ղուրանը ձեռքներին և ծոմ պահած բերաններով երդվեցին, որ իբր իրենք մզկիթը միայն Աստծուն մերձենալու նպատակով են կառուցել և ոչ մի խաբեություն ու խարդավանք չկա իրենց մտքում, միայն փափագում են մզկիթում Աստծու անունը փառավորել:     

 

        Մոնաֆեղները մեկ-մեկ Ղուրանը ձեռքներին առած,

        Խաբեությամբ մարգարեի մոտ խմբվեցին,

        Որ երդումներ շռայլեն, զի երդումը դրախտ է,

        Անազնիվ մարդկանց համար երդումը սովորույթ է:

        Մարգարեն ասաց՝ձեր երդմանը հավատա՞մ,

        Թե՞ Աստծու պատգամը անսամ:  

 

        Բայց նրանք ասացին.

 

              Այստեղ չկա ոչ մի կեղծիք, խաբեություն,

        Ցանկանում ենք Աստծու անվան փառաբանում:                                                                               

 

               Մարգարեն անվրդով մնաց ու ասաց. «Ես Աստվածային պատգամը իմ հոգու ունկերով եմ ընկալում, իսկ ձեր սևացած ու քար սրտերը անզոր են այն ընկալել: Հեռու ինձնից, քանզի սուտ եք խոսում»: 

        Սակայն նրանք կրկին ու կրկին մեղրածոր խոսքերով ու երդումներով զանց էին առնում ամեն տեսակ զրպարտանք ու շեղում, իսկ մարգարեն նորից նրանց ստախոս էր անվանում և հեռու վանում: 

       

        Աստված ինքը երդումը վահան է անվանել,

        Վահանով է կարող զինվորը կռվել:

        Այդ պահին մարգարեն արդարամիտ

        Նրանց մերժեց կտրուկ ու ճշգրիտ:

 

             Այս բոլորը տեսնելով՝ մարգարեի զինակիցներից մեկը խիստ սրտնեղեց ու մտմտաց. «Ինչո՞ւ է մարգարեն այս վեհատես ալեհերներին այսպես խայտառակում: Ո՞ւր մնացին նրա մեծահոգությունն ու լայնախոհությունը, մի՞թե մարգարեները չեն սքողում հազարավոր թերությունները...»: Հետո նա անմիջապես մեղա կանչեց այս անտեղի մտքի, անհիմն կասկածի համար և հառաչանքով ներում հայցեց Աստծուց:    

        Այդուհանդերձ չար կասկածը կրծում էր նրա սիրտն ու հոգին, մոնաֆեղների նենգ գաղափարները թունավորել էին միտքը և դրա համար նա զղջում էր ու տվայտանք էր ապրում:

Նույն գիշեր մի զարմանահրաշ երազ տեսավ. երազում այդ մզկիթի պատկերը հայտնվեց և նա պարզ տեսավ, որ մզկիթի հիմնասյուները գոմաղբի վրա են կանգնված, իսկ քարերը՝ գարշելի աղտոտությունների պես, պիղծ վայրում են հաստասված: Նա տեսավ այդ մզկիթի իրական դեմքը և նշմարեց հերձվածության այլանդակ դրսևորումը:

 

        Բերանքսիվայր ընկավ ու հեկեկաց՝

        Անաստվածության նշաններից ահաբեկված:

       

              Այնուհետև մարգարեի հրամանով մզկիթը ավերեցին ու տեղը աղբով լցրին և բոլորի համար բացահայտվեց կառուցողների խարդավանքը: Որսորդը ոչ թե գթասրտությունից դրդված, այլ նենգ մտադրությամբ է որսի համար հատիկներ շաղ տալիս: 

       

        Ոչ մի կասկած՝ դա մզկիթ չէր իսկական,

        Չարքի տուն էր, դավ՝ հրեական,

        Առաջնորդի հրամանով այն կործանվեց,

        Նրա տեղը աղբով ու կեղտով լցվեց,

        Մզկիթատերը իր մզկիթի պես կեղծ էր,

        Շաղ տված կուտը ծուղակ էր, խայծ էր:                                  

 

yerevan.icro.ir

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել