Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 06 Օգոստոս 2015 15:40

Մարգարեի խորհուրդը կենսուրախ հիվանդին

  Մարգարեի խորհուրդը կենսուրախ հիվանդին

 Իսլամի մարգարեն լսեց, որ իր հետևորդներից մեկը հիվանդացել է և անկողնուն

գամվել, ուստի  գնաց նրա այցելության, նստեց սնարին և ամենայն գթասրտությամբ հետաքրքրվեց նրա որպիսությամբ :

 Երբ հիվանդը մեծարգո մարգարեին իր մոտ տեսավ, ասես նոր շունչ զգաց իր մարմնում, այնքան ուրախացավ, որ մոռացավ հիվանդության ցավը, մինչևիսկ պարծեցավ իր հիվանդությամբ և ասաց. «Այս հիվանդությունն էր, որ մեծաց մեծին ինձ մոտ բերեց, և ես կազդուրվեցի: Երանի՜ այն տանջանքին, որից գանձ ենք վաստակում, երանի՜ այն ցավին, որ իմ տիրոջն ինձ մոտ կանչեց: Աստծո անսպառ բարեգթությունը սահմանեց, որ ես հիվանդանամ, ամբողջ գիշեր աչք չթարթեմ և մինչ ուշ գիշեր իմ սիրեցյալի կողքին արթուն մնամ»:

Եթե մեկ-մեկ աշուն է վրա հասնում, մի տրտնջա, քանզի հենց այս աշնան սրտից է ծլարձակում գարունը և հավերժական կյանքը հաջորդում մահվան. Մի անսա մարմնական ցանկասիրության խաբուսիկ ու կործանիչ կանչին:

 

          Հիվանդությունը մեծ բախտ պարգևեց,

        Եվ իմ արքան այգաբացին ինձ այցելեց,

        Օրհնյա՜լ լինեն ցավ ու տապ ու հիվանդություն,

        Երանելի՜ տանջանքներ ու անքնություն.

        Որ ցլի պես զուր չքնեմ ամբողջ գիշեր՝ 
        Արդարն Աստված շնորհեց ինձ տառապանքներ.

        Նեղությունը գանձ է ծնում ու բարիքներ,

        Մաշկի վերքից զգաստանում է միտքը մեր:  

        Աշնան սրտում գարուն է հանգած,

        Գարունը աշնան սրտում է պահված,

        Դու վիշտը սիրիր,վախի հետ հաշտվիր,  

        Մահը երբ գա, կյանքին  մի կառչիր,

        Ձգտումները մարմնական սխալ ուղով քեզ կտանեն,

        Մի ենթարկվիր նրանց կանչին, քեզ կկործանեն:

 

Ողորմած մարգարեն հիվանդից հարցրեց. «Մի՞թե ինչ-որ սխալ ու անտեղի աղոթք ես արել: Այնպես է թվում, ասես թունավոր ապուր ես կերել»: 

Հիվանդը պատասխանեց. «Չեմ հիշում, գուցե քո հոգածության  շհորհիվ վերհիշեմ մոռացվածները»:

 Մարգարեի բարերար ներկայությունը պայծառացրեց հիվանդի միտքը և նա մտաբերելով անցյալն ասաց. «Ով Աստծո մարգարե, հենց նոր հիշեցի, որ անտեղի հետաքրքրասիրություն եմ ցուցաբերել. Կար ժամանակ, որ թավալվում էի մեղքի ճահճուտում, որից փրկվելու համար ամեն միջոց ձեռնարկեցի: Այդ օրերին լսում էի քո այլևայլ զգուշացումներն ու խոստումները և տագնապում, ուստի միակ ելքը այն գտա, որ պաղատեմ Աստծուն, խնդրեմ նրան, որ ինձ հիվանդության ճիրանների մեջ գցի, իմ արարքների հատուցումը հենց այս աշխարհում ինձ հասցնի, սանձի իմ ըմբոստ բնույթը և Հարութի ու Մարութի պես Բաբելոնի խոր հորում բանտարկի:

 

               Հիվանդությունը ողջ մարմինս պատեց,

        Տառապանքը սիրտ ու հոգիս մաշեց:

  Եւ այսպես, եթե դու չհասնեիր ինձ փրկության, ամբողջովին կորած էի...

Մարգարեն նրան զգուշացրեց, որ այլևս նման կերպ չաղոթի. «Դու՝ անզոր արարած, չես կարող Աստծո դրած հսկա քարաժայռի ծանրությանը դիմանալ»: 

 

        Ասաց հեյ վա՜խ, չմատուցես նման աղոթք,

        Թե չէ կտրես կյանքիդ ծառը դու արմատոք,

        Ինչպիսի՜ հանդգնություն, չնչին մժեղ՝

        Մեջքիդ բարձել ես սարը ահեղ:

 

Հիվանդն ասաց. «Այժմ զղջում եմ և այսուհետ երբեք դատարկաբանություն չեմ անի: Ո՜վ  սիրելի մարգարե, դու Մովսես մարգարեի պես ես, որ Թիյե անապատում կորած մոլորյալներին իրենց հանգրվանը հասցրեց: Մենք՝ թշվառներս, տարիներ ճամբա կտրելուց հետո (քանի որ առաջնորդի նշած ուղեգծով չենք ընթացել), երբ ուշքի ենք գալիս, տեսնում ենք      որ տակավին առաջին հանգրվանում ենք մնացել»:

       

        Քավություն, ով իմ արքա,

        Այսուհետ չեմ հոխորտա,,

        Աշխարհը՝ Թիյե, դու մեզ՝ Մովսես,

        Մենք Թիեում մոլորված այսպես,

        Տարիներ ի վեր ճամբա ենք կտրում, 

        Բայց նորից առաջին վայրում հայտնվում:

 

Մարգարեն հիվանդին սովորեցրեց զղջման աղոթքն այսպես արտասանել. 

Ով դժվարություններ լուծող, այս աշխարհում և հանդերձյալ կյանքում մեզ լավն ու բարին շնորհիր.

Աստվածային քո շեմքը մեր վերջնական օթևանը դարձրու.

Մեր անցնելիք ճամբան քո նրբագեղ շեմքի նմանությամբ՝ դարձրու կանաչազարդ, կենսուրախ և գեղեցիկ...

 

Հեղինակ  Մոհամմեդ Մոհամմեդի Էշթեհարդի

Թարգմանիչ Էմիկ Ալեքսանդրյան

 

 

yerevan.icro.ir

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել