Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 18 Սեպտեմբեր 2015 16:25

Երեկոյան խմած սուրճը 40 րոպեով «սառեցնում է» մեր օրգանիզմի կենսաբանական ժամացույցը

Երեկոյան խմած սուրճը 40 րոպեով «սառեցնում է» մեր օրգանիզմի կենսաբանական ժամացույցը

 

 

 

Երեկոյան կամ գիշերային ժամերին խմած սուրճի յուրաքանչյուր բաժակը 40 րոպեով «սառեցնում է» մեր կենսաբանական ժամացույցը, ինչն օգնում է մեզ ավելի երկար արթուն մնալ, վստահեցնում են կենսաբանները:

Քենեթ Ռայթը՝ Կոլոռադո նահանգի Բոուլդերի համալսարանից ու նրա գործընկերները պարզել են, թե մեկ բաժակ սուրճը ինչքան ժամանակով է ազդում ու ինչու է այն օգնում (կամ խանգարում) մեզ քնել գիշերային հերթապահությունների կամ քննություններին պատրաստվելու ժամանակ: Նրանք այս հարցերի պատասխանները պարզել են ՝ հետեւելով հինգ կամավորականների օրգանիզմի աշխատանքին, որոնք համաձայնել էին 50 օր անցկացնել հատուկ սարքավորված սենյակներում:

Այդ սենյակներում երեկոյան լույսը կամ առհասարակ չէր անջատվում, կամ էլ միայն թեթեւակի խամրում եր: Քնելուց երեք ժամ առաջ գիտնականները փորձի մասնակիցներին վիտամիններ էին տվել, որոնց կեսն իրականում կոֆեինի հաբեր էին:

Հետագա ժամերին կենսաբանները պարբերաբար թքի նմուշներ են վերցրել, չափել դրանում մելատոնինի՝ քնի հորմոնի քանակը ու նաեւ հետեւել, թե որքան արագ են քնով անցնում ու որքան երկար են քնում փորձի մասնակիցները: Ինչպես ցույց է տվել այս փորձը՝ քնելուց առաջ մեկ բաժակ սուրճի մեջ պարունակվող կոֆեինի քանակությանը համարժեք կոֆեին օգտագործելը հանգեցրել է նրան, որ կամավորների օրգանիզմում կենսաբանական ժամացույցը 40 րոպեով կանգնել էր, ինչը դրսեւորվում էր նրանց օրգանիզմում մելատոնինի ցածր մակարդակով:

Դա տեղի է ունենում այն պատճառով, որ կոֆեինը արգելափակում է մելատոնին արտադրող հիպոֆիզի բջիջների մակերեսին գտնվող հատուկ ռեցեպտորների աշխատանքը: Այդ ռեցեպտորները ընկալում են ադենոզինի՝ քնի մեկ այլ ազդանշանի մոլեկուլները ու սկսում են մելատոնին արտադրել: Բայց եթե դրանց աշխատանքը մի քանի օրով արգելափակենք, ապա մարդու ներքին ժամացույցը անդառնալիորեն «հետ կընկնի», ու նա կսկսի ավելի ուշ քնել նույնիսկ առանց կոֆեինի օգնության: Դրա  համար էլ գիշերները սուրճ խմող «արտույտները» ժամանակի ընթացքում կարող են վեր ածվել իսկական «բուերի»: Այս մասին ասված է այն հոդվածում, որը հրատարակվել է Science Translational Medicine ամսագրում:

Հետաքրքիր է, որ գիշերը վառ լույս միացնելը թույլ է տալիս հասնել նույնքան ուժեղ ներգործության, որքան կոֆեին ընդունելու դեպքում: Իսկ ահա լույսի ու կոֆեինի համադրումը, ինչպես ցույց են տվել Ռայթի ու նրա գործընկերների արած փորձերը, չի օգնել ավելի երկար արթուն մնալուն: Ամենայն հավանականությամբ, կենսաբանական ժամացույցի նման «վերբեռնումը» որոշակի առավելագույն սահման ունի, որի բնույթը գիտնականները դեռ չեն կարողանում պարզել:

Իսկ առայժմ կոֆեինի նման անսովոր ներգործությունից կարող են օգտվել այն մարդիկ, ովքեր ճամփորդում են ժամային այլ գոտիներ. ճիշտ պահին սուրճ խմելը կարող է նրանց օգնել կյանքի նոր ռիթմին հարմարվելուն, եզրակացնում են հոդվածի հեղինակները:

1lur.am

18/9/2015

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել